Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

29/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

«Ազգի» տարեկան արձակուրդի օրերին, Երեւանի ամառային տապը մի փոքր տանելի դարձավ շնորհիվ ծանոթ սփյուռքահայերի հայրենիք այցելությունների, որոնք անմոռանալի պահեր պարգեւեցին մեզ: Ուրախալի էր մանավանդ այն փաստը, որ հակառակ երկրում տիրող անբարենպաստ մթնոլորտին, Եգիպտոսից նույնպես մեր հայրենակիցները կարողացել էին այցելել Հայաստան:

Առիթից օգտվելով այստեղ անդրադառնամ մի շատ կոպիտ սխալի, որ անընդհատ հեռուստատեսությամբ հնչում է Եգիպտոսի բնակչության առնչությամբ: Եգիպտոսում ապրողը «եգիպտացի» է եւ ոչ թե «եգիպտոսցի», ինչպես շատ հաճախ ներկայացվում է: Այնտեղ բնակվող հայերն էլ «եգիպտահայեր» են: Հույս ունեմ, որ այսուհետեւ կուղղվի սխալը:

Վերադառնամ բուն նյութին: Հանդիպումս դոկտ Սուրեն Պայրամյանի հետ կայացավ «Կասկադի» մոտ: «Յուսաբեր» մշակութային ընկերակցության ատենապետն այս անգամ դարձյալ արժեքավոր նյութեր էր բերել հանձնելու Հայաստանի ազգային գրադարանին եւ պետական արխիվին, նաեւ բերել էր 2013-ին լույս տեսած իր երկու նոր գրքերից նմուշներ, մեկըՙ «Հայ մամուլն ու գրատպութիւնը Եգիպտոսի մէջ եւ Հայ գրատպութեան 500-ամեակի (1512-2012) ոգեկոչումը Գահիրէի մէջ» , իսկ մյուսըՙ երկլեզու (անգլերեն եւ արաբերեն) «The Armenian Press in Egypt. Bibliographical» – «Էլ-Սահաֆա-տել-արմանիյե ֆի միւր» խորագրով: Այս վերջինը 2005-ին հրատարակած իր «Հայ մամուլը Եգիպտոսի մէջ: Մատենագիտական ցուցակ» հոյակապ ուսումնասիրության հակիրճ թարգմանությունն է: Այդ ուսումնասիրությանը «Ազգը» ժամանակին անդրադարձել է: Նոր երկլեզու տարբերակը, անկասկած, մեծ հետաքրքրություն պետք է առաջացնի ինչպես եգիպտահայ, այնպես էլ ընդհանրապես արաբական մամուլի պատմությունն ուսումնասիրող օտար մասնագետների շրջանակում:

Գալով «Հայ մամուլն ու գրատպութիւնը Եգիպտոսի մէջ» գրքույկին, նշեմ, որ հակառակ իր ծավալին (48 էջ) այն մեծապես տեղեկատվական է: Դրանից իմանում ենք, օրինակ, որ եգիպտահայ պարբերական մամուլի առաջնեկը եղել է «Արմաւենին» 1865-ին (խմբագիր Աբրահամ Մուրադյան), իսկ առաջին հայատառ գրքույկըՙ «Դատապարտեալ Շուշանը» 1888-ին (հեղինակՙ Մկրտիչ Թութունջյան):

Նշված թվականներից հետո, «շուրջ 150 տարիներու ժամանակաշրջանին, եգիպտահայ մամուլի աւելի քան 165 եւ գրատպութեան 2000 այլազան բնոյթի միաւորումները իրենց պատուաբեր կնիքը դրոշմած են հայ դպրութեան, մամուլի եւ հրատարակութեան գանձարանին մէջ»:

«Արմաւենին» հրատարակվել է ընդամենը չորս համար, մինչեւ 1865 թվի մայիսի 1-ը, որից հետո «Եգիպտահայ մամուլը ամուլ մնացած է մինչեւ 1889, երբ Ղեւոնդ քհնյ. Փափազեանը Պոլսէն գալով իր հետ բերած է հայկական տառեր եւ նախնական տպարան մը»: Մտավորական Անտոն Ռշտունիի եւ հաշուակալ Վահան Մամասյանի համագործակցությամբ նա Ալեքսանդրիայում հրատարակել է «Նեղոս» շաբաթաթերթը:

Այնուհետեւ հրատարակվել են «Փարոս» (Հարություն Ալփիար եւ Տիգրան Արփիարյան), «Լրաբեր» (Գրիգոր Սարաֆյան), «Փիւնիկ» (Սմբատ Բյուրատ), «Արշալոյս» (Եղիշե Թորոսյան) պարբերականները, մինչեւ Երվանդ Օտյանը 1908-ին հիմնել է «Արեւ» օրաթերթը, որը նա միաձուլելով «Լուսաբերին» (Վահան Քյուրքչյան, 1904-1908 թթ.) վերանվանվել է «Լուսաբեր-Արեւ», իսկ 1915-ին Վահան Թեքեյանի եւ մի քանի այլ մտավորականների ջանքերով դարձել է Ռամկավար Ազատական կուսակցության պաշտոնաթերթ «Արեւ» օրաթերթ, որը մինչեւ օրս շարունակում է հրատարակվել Կահիրեում, բայց 2012-ից ի վեր արդեն որպես եռօրյա:

Ճարտարագետ Արմենակ Մյոթեմետյանը 1913-ին հիմնադրել է «Յուսաբեր» երկօրյան, որը 1922-ին փոխանցվել է ՀՅԴաշնակցության տեղական մարմնին եւ օրաթերթի վերածվել 1925-ին: «Յուսաբերը» մինչեւ օրս հրատարակվում է որպես օրաթերթ:

Այլ հրատարակությունների շարքում հիշատակության արժանի են Երվանդ Մսըրլյանի «Սաւառնակ» եւ Հայկ Ժամկոչյանի «Ջահակիր» շաբաթաթերթերը: «Սաւառնակը» վաղուց դադարել է լույս ընծայվել, բայց «Ջահակիրը» 1963-ից Սարգիս եւ Զավեն Պալյան եղբայրներին է փոխանցվել եւ այժմ շարունակում է հրատարակվել երկշաբաթական պարբերությամբ, որպես ՍԴՀնչակյան կուսակցության պաշտոնաթերթ:

Եղել են նաեւ բազմաթիվ այլՙ կրթական հաստատությունների, ընկերային կազմակերպությունների, աշակերտական-ուսուցչական խմբակցությունների, ինչպես նաեւ առողջապահական, մարմնակրթական ոլորտների աշխատողների կողմից իրականացված հրատարակություններ: Հպարտությամբ եւ գոհունակությամբ պետք է արձանագրել, որ հենց մտավորականներ եւ խմբագիրներ իրենց ներդրումն են ունեցել նաեւ եգիպտական մամուլի զարգացման գործում, լույս ընծայելով արաբերեն, թուրքերեն եւ եվրոպական լեզուներով թերթեր եւ պարբերականներ: Դրանցից հիշատակենք արաբերեն «Միւս» ( Եգիպտոս), «Էլ Թկարա» (առեւտուր), «Էլ Զաման» (ժամանակ) թերթերը, հայատառ թուրքերենՙ «Մաժակը», թուրքերենՙ «Ենի Ֆիքիրը» (նոր միտք), ֆրանսերենՙ «Պոլիտիկ Մորալը» (բարոյական քաղաքականություն) եւ «Լա Ժուստինը» (արդարություն):

Առանձնահատուկ հիշատակության արժանի է եգիպտական քաղաքական երգիծանկարչության ռահվիրա Ալեքսանդր Սարուխանը, որ 1938-39 թթ. խմբագրել է «Լա Քարալան» հանդեսը: Սարուխանը երկու տարի աշխատակցել է արաբական «Ռոզ էլ Յուսուֆ», «Ախր Սաա» եւ «Ախբար էլ Յոմ» հանդեսներին եւ օրաթերթերին:

Արաբերեն հրատարակությունների շարքը թերի կլինի, եթե չհիշատակենք 1998-2009 թթ. Հայ ազգային հիմնադրամի լույս ընծայած «Արեւ» օրաթերթի արաբերեն հավելվածը նույն «Արեւ» անվանմամբ (դոկտ. պրոֆ. Մոհամմեդ Ռիֆաթ Էլ-իմամի խմբագրությամբ), որի մասին բազմիցս անդրադարձել ենք «Ազգի» էջերում: ՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ 2010-ի ապրիլից հրատարակվում է արաբերեն «Արեգ» պարբերական-տեղեկատուն, դարձյալ Մ. Ռ. Էլ-իմամի խմբագրությամբ: Արաբերեն այս երկու պարբերականների հայագիտական նյութերի խորհրդատուն եղել եւ մնում է ճանաչված մտավորական Պերճ Թերզյանը:

«Հայ մամուլն ու գրատպութիւնը…» գրքույկը տեղեկացնում է նաեւ, որ Եգիպտոսում մինչեւ 2010 թվականը հրատարակված հայերեն թերթերի ընդհանուր քանակը կազմում է շուրջ 165 անուն պարբերականՙ լույս ընծայված Կահիրեում եւ Ալեքսանդրիայում գործող 51 հայկական տպարաններից: Պարբերականները ունեցել են ազգային, քաղաքական, գրական, երգիծական, գիտական, մարզական, կանացիական եւ առողջապահական ուղղվածություն, իսկ հրատարակված գրքերի քանակը 1888-ից մինչեւ օրս կազմել է 1960-ից ավելի, որոնց 21 տոկոսը հրատարակվել է 1931-40 թթ., 15,5 տոկոսըՙ 1941-50 թթ. եւ 13.4 տոկոսըՙ 1951-60 թվականներին:

Մնում է ավելացնել, որ եգիպտահայությունը հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Եգիպտահայ գրքի ցուցահանդես» է կազմակերպելՙ «Յուսաբեր» մշակութային ընկերակցության վարչության նախաձեռնությամբ եւ այդ առթիվ ստեղծված հանձնախմբի, հովանավորությամբ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Աշոտ եպս. Մնացականյանի եւ ներկայությամբ Կահիրեում ՀՀ դեսպան դոկտ. Արմեն Մելքոնյանի: Ներկայացված են եղել ավելի քան 700 նմուշներՙ սիրահոժար կերպով տրամադրված դոկտ. Սուրեն Պայրամյանի կողմից:

Գունավոր եւ սեւուսպիտակ նկարներով հարուստ գրքույկը ընդգրկում է նաեւ ցուցահանդեսի հուշամատյանից գրառումներ, ինչպես նաեւ եգիպտահայ մամուլի եւ գրքի, տպարանների ու հրատարակիչների առանձին ցուցակներ:

Ներկա երկու գրքույկների հրատարակումն ու վերոնշյալ միջոցառման նախաձեռնությունը մի ավելորդ անգամ ապացուցում են դոկտ. Ս. Պայրամյանի անսահման ու անսակարկ նվիրվածությունը հայ գրին ու գրականությանը: Նոր եռանդ ու կորով նրան իր ապաա ծրագրերի իրականացման գործում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գ. ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸՙ ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՍԵՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՍԵՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական