Ինչպես նշվում է ՀՀ լեզվի կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային կայքում, տարվա բառ ընտրելն ու հրապարակելը զարգացած աշխարհում ավանդույթ դարձած իրողություն է: Ամեն տարեվերջին հրապարակվում են անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, ռուսերենի, իտալերենի եւ այլ լեզուների «Տարվա բառերը»: Դրանց ընտրությունը մեծ մասամբ կատարում են լեզվի բնագավառում աշխատող մասնագիտական խմբերը (լեզվաբաններ, բառարանագիրներ) կամ «բառարանասերների» համայնքը՝ հիմնվելով որոշակի չափանիշների վրա: Ընտրված բառը կամ բառերն արտացոլում են տվյալ տարվա ընթացքում հասարակական կյանքում կատարված առավել նկատելի իրադարձությունը կամ իրադարձությունները:
Մեր Լեզվի կոմիտեն 2021 թվականից սկսած՝ արդեն երրորդ անգամ, կազմակերպում է «Տարվա հայերեն բառի» ընտրություն՝ կայքի «Այսօրվա հայերենը» բաժնի բառերի շարքից տարեվերջին իր առցանց հետեւորդների քվեարկությանը այբբենական կարգով ներկայացնելով մեկ տասնյակից ավելի բառեր: Նախորդ երկու տարիներին առավելագույն ձայներ են ստացել «առաջնագիծ» (2021 թ.) եւ «գիտարբուք» (2022 թ.) բառերը:
Անցած տարեվերջին ամփոփված արդյունքներով, ինչպես հաղորդվել է, 12 քվեարկվածներից ամենաշատ ձայներ (42%) է ստացել «ապրումակցում» բառը՝ ճանաչվելով 2023 թվականի «Տարվա հայերեն բառը»… Լեզվի կոմիտեի ակնհայտ շնորհակալ աշխատանքի ու տվյալ քվերարկությանը մասնակցածների հանդեպ (չգիտենք ովքեր են եղել) ամբողջ հարգանքով հանդերձ, չենք կարող գոնե որպես կրթությամբ բանասերի կարծիք՝ չասել, որ տարվա բառի այսպիսի ընտրությունը եւ այս բառի շրջանառումն իսկ առնվազն լուրջ տարակուսանք է հարուցում:
Նախ, մի՞թե այդ բառն է արտացոլում մեր անցած խառն ու դրամատիկ տարվա հասարակական կյանքի իրադարձությունները կամ դա է եղել տարվա ամենից շատ գործածված բառերից գոնե մեկը: Իսկ գուցե դրա օգտին քվեարկողներին այն դուր է եկել որպես նոր տարածում գտնող բա՞ռ, «նոր հայա՞ցք»: Երեւի այս երկրորդն է: Ըստ հրապարակված մեկնաբանության՝ թեեւ դիմացինի ապրումները սեփականի պես զգալը միշտ էլ հատուկ է եղել մարդուն, բայց «ապրումակցում» բառը նորաբանություն է, հավանաբար ստեղծվել է «կարեկցում» բառի նմանությամբ, բայց որպես երեւույթ ավելի ընդգրկուն է: Ներեցեք, իսկ հայերենն այնքան խեղճ էր, որ դիմացինի ապրումները սեփականի պես զգալու մարդկային միշտ եղած հատկությունն անվանելու բառ այդպես էլ չուներ եւ մեկը պետք էր, որ նման բա՞ռ հորիներ:
Լավ, եթե «կարեկցում», «կարեկցող(ություն)», «կարեկից» բառերն այդ իմաստով պակաս ընդգրկուն են, ապա կան նաեւ «սրտացավություն», սրտակից, հոգեկից լինելը, ի վերջո՝ «սրտակցություն» բառը, որը երեւի ամենից լավ, ամբողջական է արտահայտում նշված հատկությունն ու հասկացությունը: Իհարկե, կարելի է բերել, մեր լեզվի տրամաբանությամբ ու հնարավորություններով նաեւ կազմել էլի հաջող բառեր, բայց դրա անհրաժեշտությունը, կարծում ենք, չկա:
«Ապրումակցումը» կամ «ապրումակցությունը» արհեստական, անհաջող եւ անտեղի բառ է: Անգամ՝ տգեղ: Այն ավելի շուտ կարծես ակամա զուգորդում է առաջացնում բնախոսական գործողություն արտահայտող «կենակցություն» հասկացության հետ… Իհարկե, այն այսօր չի ստեղծվել, որպես առանձին բառահոդված հասցրել է տեղ գտնել մասնավորապես երկու ոլորտային՝ Ա. Նալչաջյանի «Հոգեբանական» (1984 թ., երեւի առաջին անգամ) եւ Ա. Եսայանի «Սոցիալական ոլորտի» (2005 թ.) բառարաններում (նաեւ Ս. Էլոյանի 2002 թ. «Արդի հայերենի նորաբանությունների բառարանում»): Եվ դա պատահական չէ: Դատելով որոշ մեկնաբանություններից, այս բառը ստեղծվել եւ անգամ որոշ շրջանառության մեջ է դրվել հոգեբանության եւ հոգեբանամանկավարժական գիտության մեջ, ինչպես երեւում է՝ նաեւ սոցիալական ոլորտում: Եվ ըստ ամենայնի՝ առանց լեզվաբանների հետ լուրջ խորհրդակցելու: Հիմքում ընկած «էմպաթիա» անգլերեն միջազգային հոգեբանական եզրույթը, որն իր հերթին վերցվել է հին հունարենից ու նշանակում է կարեկցություն, համակրություն եւ այլն, ենթադրաբար «հայերենացվել է» միջնորդավորված, ժամանակի ռուսերեն մասնագիտական գրականության մեջ թարգմանված « сопереживание » բառից, համարյա բառապատճենման սխալ ճանապարհով: Փոխանակ մեր բառագանձի մեջ գտնելու: Եվ եղել է այն, ինչ տեղի է ունեցել մեր խոսքի մեջ սպրդած ուրիշ շատ սխալ բառերի դեպքում, ինչպես ասենք՝ մի բան կիսելու կամ պատմելու, հաղորդելու, տարածելու փոխարեն կիսվելը, ինչ-որ բան փոխանակելու տեղակ անձամբ փոխանակվելը, մի բանի կամ մի հատկանիշի ավելացման ու պակասեցման փոխարեն անվերջ բարձրացնելն ու ցածրացնելը եւ այլն, եւ այլն:
Լեզվի կոմիտեի կայքում 2023-ի ընտրության համար նախապես այբբենական կարգով ներկայացված 12 բառերի ցանկում խնդրո առարկա բառն առաջինն էր, եւ դա էլ անցել է: Առաջ է անցել «խաղաղություն» (երկրորդ տեղ), մեր առաջին տիեզերական արբանյակի անունը նշող «Հայասաթ» (երրորդ տեղ) եւ այլ բառերից…
Իրավիճակ, որը թեկուզ ակամա խրախուսում, խթանում է նման բառի գործածության ակտիվացումը: Արդյոք արժե՞ր ընդհանրապես այն ցանկ մտցնելը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ