Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Դատարանը գործող իշխանությունների անմիջական հրահանգով փորձում է սահմանափակել իմ հանրային-քաղաքական գործունեությունը. Չալաբյան

Երեկ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հրապարակեց արդեն մեկ ու կես տարվի շարունակվող քրեական գործով դատավճիռը, որով Հայաստանում իր նախադեպը չունեցող աբսուրդային արգելք է դրվել իմ հանրային-քաղաքական գործունեության վրա՝ պարտավորեցնելով առաջիկա 2 տարիների ընթացքում  ինձ ձեռնպահ մնալ հանրային հավաքների կազմակերպումից և մասնակցությունից. գրել է հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նա նաեւ նշել է. «Այս անհեթեթ դատավճռի քաղաքական դրդապատճառները այնքան ակնհայտ են, որ նույնիսկ իմաստ չունի դրանց մասին հատուկ խոսել։ Չկարողանալով ապացուցել իմ մեղքը այս շինծու և ծայրից ծայր փնթի սարքած գործով, դատարանը, գործող իշխանությունների անմիջական հրահանգով, որպես վերջին վատություն, փորձում է սահմանափակել իմ հանրային-քաղաքական գործունեությունը։

Ավելորդ է ասել, որ դա չի հաջողվելու, ինչպես մինչև հիմա չի հաջողվել, և մեր պայքարը հանուն միասնական, ազատ և արդար հայկական հայրենիքի շարունակվելու է նոր թափով, ի հեճուկս այս հակազգային և պարտվողական վարչակարգի, ու նրա տարաբնույթ կամակատարների։

Բնականաբար, այս անհեթեթ դատավաճիռը բողոքարկվելու է վերադաս դատական ատյանում, սակայն մենք դրանով չենք սահմանափակվելու, և ամեն հնարավորը կանենք, որպեսզի արդարությունը վերականգնվի ոչ միայն իմ, այլև այս վարչակարգի ապօրինություններից տառապող բոլոր մեր քաղաքացիների համար։

Երկուշաբթի մեր պաշտպանական թիմը հրավիրում է մամլո ասուլիս՝ մանրամասն մեկնաբանելու այս գործի ընթացքը, և ներկայացնելու մեր հետագա գործողությունները, մինչ այդ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սատարում էին մեր պայքարին, և շարունակում են մեզ նեցուկ լինել՝ այն շարունակելու համար»։