Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Սեւանա լիճը գիտնականների ուշադրության առարկա

Սեւանա լիճը միշտ գտնվել է գիտնականների ուշադրության կենտրոնում:Ներկայում նույնպես մեծ ծավալի գիտական ուսումնասիրություններ են կատարվում,որպեսզի անաղարտ պահենք մեր Սեւանա լիճը: Սեւանը հայկական լեռնաշխարհի մարգարիտն է, հայ ժողովրդի ազգային հարստությունը եւ  հպարտությունը: Այն ամենամեծ քաղցրահամ լիճն է ԱՊՀ երկրներում: Լիճը շրջապատված է լեռնաշղթաներով եւ լեռնային անտառներով, ինչը ստեղծում է անկրկնելի  գեղեցիկ տեսարան: Սեւանա լիճ թափվում  են 28 գետեր, իսկ դուրս է գալիս մեկը՝ Հրազդան գետը:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում քննարկվեցին Սեւանա լճի ջրհավաք ավազանի ռազմավարական խնդիրները եւ ներկայացվեցին ԵՄ եւ Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի ընթացիկ արդյունքները: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամները,  EU4Sevan ծրագրի թիմը, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների եւ «Սեւան» ազգային պարկի ներկայացուցիչները:

ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի, կայունության թիմի ղեկավար Հ. Ղազարյանը նշեց, որ Սեւանա լճի ջրհավաք ավազանի կառավարումը հնարավոր չէ առանց գիտական որոշումների: «Մշակվել է Սեւանա լճի վերաբերյալ տեսլականը, ռազմավարությունը, արդեն շարժվում ենք դեպի «Սեւանա լճի մասին» օրենքը, որն առանցքային է», – ասաց նա:

EU4Sevan ծրագրի ղեկավար Ք. Հենշելը նշեց, որ  ծրագիրը մոտենում է ավարտին: «Եղած արդյունքներով մենք հասկացել ենք, որ պետք է կրճատվի լճի ավազանի տարածքում ֆոսֆորի օգտագործումը, որովհետեւ այն լուրջ խնդիրներ է առաջացնում Սեւանի համար»:

Քննարկման ժամանակ ներկայացվեցին Սեւանա  լճի ավազանում կոյուղաջրերի կառավարման  եւ այլ խնդիրներ: Առաջարկվեց իջեցնել ֆոսֆորի աղտոտվածության մակարդակը: Գիտնականների կարծիքով, հնարավոր է ներդնել աէրացիոն համակարգ, որը ֆոսֆորի մեծ մասը կենթարկի օքսիդացման:

ՄԱԶԾ թիմաի ներկայացուցիչ Է. Փիրումյանը նշեց, որ «Ներկայում Սեւանա լճի ավազանում կա երեք մաքրման կայան՝ Գավառում, Մարտունիում եւ Վարդենիսում: Այդ կայաններն իրականացնում են ոչ լիարժեք մեխանիկական մաքրում: Մի շարք ռազմավարական ծրագրերում ամրագրված է, որ կեղտաջրերի մաքրումը պետք է իրականացվի լիարժեք ցիկլով՝ մեխանիկական եւ կենսաբանական, սակայն դա չի արվում՝ պարզաբանելով, որ առկա են որոշակի խնդիրներ: Այստեղ անհրաժեշտ է կենսաբանական մաքրում»:

Սեւանա լճի ավազանում ոչ բոլոր համայնքներն են կոյուղացված: Գավառի դեպքում կոյուղացված է համայնքի 50 տոկոսը: Ծրագրի շրջանակներում առաջարկվեցին լուծումներ, որոնցից մեկը Գավառի մեխանիկական բաղադրիչի արդիականացումն է:

Ծրագրի շրջանակներում վերհանվել են 19 բնակավայրերի գոմաղբի կուտակման սահմանները: ՀՀ կառավարության պատվերով մշակվել է կենսաբանական թափոններից օրգանական պարարտանյութերի արտադրության եւ օգտագործման քաղաքականության տեսլական:

Ուրախալի է, որ Սեւանա լճի պահպանման հարցերը մշտական քննարկվում են ՀՀ ԳԱԱ մակարդակով:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ