Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 80-ական թվականների շրջանավարտ, հոլիվուդյան բազմամյա փորձով հագուստի դիզայներ Մարո Փարյանն անձնական միջոցներով վերջին տարիներին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ստեղծագործական լաբորատորիա է հիմնել, որտեղ անց են կացվում հագուստի դիզայնի, գրիմի, ռեկվիզիտների պատրաստման դասընթացներ: Լաբորատորիան վերազինված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Դասընթացները համակարգում է Լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնը:
«Դասընթացներին մասնակցող ուսանողների մեծ մասը նկարիչներ են, որոնց հետաքրքրում է այս ամենը։ Նրանք տիրապետում են գրիմի գաղտնիքներին, ձեռք են բերում նյութերի հետ աշխատելու գրագիտություն, մի շարք հմտություններ` ինչ կարելի է անել, ինչպես կարելի է անել… Հագուստի ձևավորման դասերի մեկնարկի համար կարն է կարևոր, ուսանողները սովորում են կարի մեթոդները, նաև կտրել են սովորում։
Հասկանալի է , որ սկզբնական շրջանում դժվար է. մեկի մոտ ստացվում է, մյուսի մոտ չի ստացվում։ Բայց եթե ձգտում ունեն, անպայման կստացվի։ Կարևորը ձգտումն է»,-ասում է Մարո Փարյանը։
Փորձառու դիզայներն աշխատում է վեր հանել ուսանողի ունակությունները, բացահայտել նրանց շնորհները։ Իսկ այդ ընթացքում ուսանողները ճշգրտում են իրենց ստեղծագործական դիրքորոշումը, որոշում անելիքները:
Նրանք երեք տարբեր նյութերի խառնուրդից ծնոտ, շրթունք և քիթ են պատրաստել, այժմ ընթանում է վրադիր գրիմի գործընթացը. ուսանողները կերպար են ստեղծում։ Մարո Փարյանի սաներից է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն» մասնագիտական կրթական ծրագրով սովորող ուսանող Ջուլյանա Ղազարյանը։
«Եթե բեմանկարիչ ես, ապա պետք է նյութին ծանոթ լինես, գիտելիքներ ունենաս` ինչ նյութեր են օգտագործվում թատրոնի և կինոյի նկարչության մեջ։ Այս ընթացքում ես շատ բան եմ բացահայտել»,- ասում է Ջուլյանան:
Եվա Պետրոսյանը նույնպես ԵԹԿՊԻ-ի ուսանողուհի է: Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր մասնագետ պետք է նորարաության ձգտի, իսկ սկսնակների համար անընդհատ նորին առնչվելն ու ինքնակրթվելով գաղտնիքներ բացահայտելը կարևոր նախապայմաններ են:
«Գործնական աշխատանքները շատ են օգնում։ Հիմա սաղավարտ եմ պատրաստում իմ դիզայնով, հասցրել եմ նաև տաբատ կարել, տարատեսակ գրիմներ եմ փորձել և ստացել վերքեր, կտրվածքներ, կապտուկներ»,- պատմում է Եվան:
Ավարտական կուրսի ուսանող Տալիդա Կարապետյանը թերթում է պատկերագիրքն ու ուսումնասիրում տարբեր ժամանակահատվածներում ստեղծված բեմական հագուստները: Տալիդան մի պատգամ ունի ընկերներին ու բոլոր նրանց, ովքեր ընտրելու են այս ուղին՝ լինել նախաձեռնող և խոչընդոտները ստեղծագործորեն հաղթահարել: