Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Այլընտրանքային էներգետիկա. միջազգային փորձի վերլուծություն

Հայտնի է, որ էներգիայի վերականգնվող աղբյուրների ներդրումը տալիս է բազմաթիվ առավելություններ՝ շրջակա միջավայրի պահպանությունից մինչեւ շահույթ: Այլընտրաքային էներգիայի աղբյուրները դառնում են ավելի մատչելի, քանի որ քամու, արեւի եւ ջրի էներգիան անսպառ է:

Դուբայում կառուցվում է առաջին աղազերծման կայանը, որը սնուցվում է 100% արեւային էներգիայով: Մինչեւ 2024 թվականը կայանը օրական կարտադրի ավելի քան 500 միլիոն լիտր խմելու ջուր:

Վաշինգտոնն արդեն սկսել է ԱՄՆ մայրաքաղաքը մինչեւ 2032 թվականը վերածել աշխարհի առաջին քաղաքի՝ 100%-ով վերականգնվող էներգիայով սնուցվող քաղաքը վերափոխելու ծրագիր: Նախագիծը հիմնված է շենքերի տանիքին արեւային մարտկոցների տեղադրման վրա, որոնց բաժին է ընկնում քաղաքի ածխածնի արտանետումների երեք քառորդը:Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության վերջին զեկույցում նշվում է, որ մաքուր էներգիայի ոլորտը մինչեւ 2030 թվականը կստեղծի ավելի քան 30 միլիոն նոր աշխատատեղ:

Արեւային էներգիայի արտադրության համաշխարհային առաջատարներից են Չինաստանը (արտադրում է 130,4 ԳՎտ), ԱՄՆ (85,3 ԳՎտ), Ճապոնիան (63,3 ԳՎտ), Հնդկաստանը (57,4 ԳՎտ), Գերմանիան (48,4 ԳՎտ), Իտալիան ( 22,6 ԳՎտ), Մեծ Բրիտանիան (14,2 ԳՎտ) եւ Ֆրանսիան (12,8 ԳՎտ): Ինչպես տեսնում ենք, խոսքը, առաջին հերթին հզոր տնտեսություն ունեցող երկրների մասին է, որոնք կարող են իրենց թույլ տալ զարգացնել վերականգնվող էներգիայի թանկարժեք աղբյուրներ:

Վերջին միտումներից է էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը ոչ այնքան զարգացած երկրներում, ինչպիսիք են Լատինական Ամերիկայի կամ Աֆրիկայի շատ երկրներ: Այդ պետությունները ցանկանում են օգտվել բնության ընձեռած հնարավորություններից եւ ներգրավում են օտարերկրյա ներդրումներ: Օրինակ՝ Կարիբյան ավազանում տարեկան 2600 ժամ ցերեկային լույս կա: Սա շատ ավելի բարձր ցուցանիշ է, քան արեւային էներգիայի արտադրության ներկայիս առաջատարների մոտ, ինչպիսիք են Գերմանիան կամ Մեծ Բրիտանիան:

Սակայն այս ուղղության զարգացումը դեռ բավականաչափ արագ չի ընթանում: Նույնիսկ Հարավային Աֆրիկայում արեւային ֆերմաները արտադրում են ընդհանուր արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 2,5%-ը: Գերմանիայում, օրինակ, այս ցուցանիշը կազմում է մոտ 10%:
Արեւային էներգիայի մեջ ներդրումներ կատարելու ամենամեծ առավելությունն այն է, որ միշտ արեւ կա: Նավթը, գազը կամ ածուխը կարող են վերջանալ: Բայց արեւը՝ ոչ:

Արեգակնային էներգիայի մեջ ներդրումների մեկ այլ առավելությունն այն է, որ այն ունի համեմատաբար ցածր բնապահպանական ազդեցություն՝ համեմատած հանածո վառելիքի: Սա իր հերթին լավ է եւ՛ բնության, եւ՛ բիզնեսի գրավչության համար: Այսօր արեւային էներգիան գլոբալ տաքացման կարեւորագույն լուծումներից մեկն է: Արեւը երկրներին տալիս է նաեւ էներգետիկ անկախություն:

Արեւային էներգիան նաեւ գրավիչ է, քանի որ թույլ է տալիս լուրջ խնայողություններ անել: Ենթադրվում է, որ միջին ամերիկյան ընտանիքը 20 տարվա ընթացքում կարող է խնայել ավելի քան 30000 դոլար, եթե օգտագործի միայն արեւային էներգիա: Չմոռանանք աշխատատեղերի մասին. արեւային էներգիայի մեջ ներդրված գումարը 2-3 անգամ ավելի շատ աշխատատեղ է ստեղծում, քան ածուխի կամ բնական գազի մեջ ներդրված գումարը:

Արեւի վրա հիմնված վերականգնվող էներգիայի աղբյուրները նպաստում են դիվերսիֆիկացմանը եւ ինքնաբավությանը: Բացի այդ, դրանք զարգացնում են տարածաշրջանի արդյունաբերությունն ու տնտեսությունը, որտեղ դրանք տեղադրված են:

Արեգակնային տեխնոլոգիայի մեջ օգտագործվող բաղադրիչներից շատերը պարունակում են հազվագյուտ հողային մետաղներ, որոնք դժվար է վերամշակել: Քանի դեռ այդ նյութերին փոխարինողներ չեն գտնվել կամ մինչեւ տարբեր բաղադրիչների վերամշակումն ավելի մատչելի դառնա:

Հարկ է նշել,որ մեր հարեւան երկրները նույնպես զարգացնում են այլընտրանքային էներգետիկան:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր