Տաթեւ Արցախը (Վիրաբյան)կալանավայրից դուրս գալուց եւ տնային կալանքի ենթարկվելուց հետո առաջին անգամ խոսեց իր դատավարությունից, դատական համակարգից՝ շեշտելով, որ իր հետ կատարվածն իրեն չի ընկճել, ընդհակառակը՝ ավելի է ամրապնդել պայքարի ոգին:
«Օրվա իշխանության հրամանով ինձ կալանավորել են միայն այն բանի համար, որ ես ուզում եմ Հայրենիք ունենալ, հայ մնալ: Ես անհամաձայնություն եմ ցուցաբերում այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Արցախի ու Հայաստանի հետ:
Շրջափակման ժամանակ ես միշտ կապ եմ ունեցել Արցախում գտնվող քրոջս ու նրա ընտանիքի հետ: Քույրս պատմել է, թե ինչ է կատարվել 10 ամիսներին, իսկ սեպտեմբերի 19-ից մարդիկ Ստեփանակերտի օդանավակայանում են եղել՝ բաց երկնքի տակ: Քույրս գրում էր. «Այստեղ մարդիկ կա՛մ սովից են մահանում, կա՛մ՝ հիվանդությունից, իսկ եթե օդանավակայանից մեզ դուրս հանեն, թուրքերը կկրակեն»:
Հաղորդագրություններ էի ստանում, որ թուրքերը կրակելով մտել են Ստեփանակերտ: Հայաստանի իշխանություններից պահանջելու բան չունե՞մ, այն անձից, որն ասում էր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ հիմա ասում է՝ Արցախն Ադրբեջան է եւ վերջ»:
Տաթեւն ամբողջ գիտակցական կյանքը Քարվաճառում է ապրել, 44-օրյայում եղբայր է կորցրել, Քարվաճառում տունուտեղ, ամեն ինչ է թողել, Քարվաճառն է թողել: Հայաստանի իշխանություններից իր կորցրածի համար ոչինչ չպահանջի՞, չհարցնի՞՝ ինչու է Եռաբլուրը տասն անգամ մեծացել՝ եղբոր շիրիմն էլ մեջը, չհարցնի՞ «ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրելու եւ առեւտուր անելու» Ալեն Սիմոնյանի կոչերին ու ծրագրերին որդի, եղբայր, հայր, ամուսին կորցրած ընտանքիներն ինչպե՞ս արձագանքե՞ն՝ երգուպարո՞վ, դափուզուռնո՞վ, «տաշի՜» կանչելո՞վ:
«Պահանջներ ներկայացնելու, պահանջատեր լինելու համար ինձ ձերբակալել են: Ես դատարանում էլ եմ ասել, որ ես հանցանք չեմ գործել, օգտվել եմ իմ սահմանադրական իրավունքից եւ բողոքի ձայն եմ բարձրացրել: Ինչու է իմ նկատմամբ կալանքը կիրառվել՝ որպես խափանման միջոց. պատճառաբանել են՝ կարող է փախուստի դիմես: Ես հենց դա շատ ծանր տարա՝ ես փախչելու ե՞մ: Իմ Հայրենիքի՞ց: Իմ անչափահաս երեխաներին թողնելու եմ, իմ եղբոր գերեզմանը թողնելու եմ ու փախչե՞մ Հայաստանից: Եթե կա մեկը, որը փախչելու պատճառ ունի, օրվա իշխանությունն է, որը մեր Հայրենիքն այս օրին է հասցրել: Ու մի օր փախչելու է, այո՛»,- ասում է Տաթեւը:
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 19-ին Տաթեւի ֆեյսբուքյան գրառումների համար քրեական վարույթ է սկսել, բայց նրան ձերբակալել են սեպտեմբերի 21-ին՝ փողոց փակելու համար: Այսինքն՝ իրար հետ կապ չունեցող երկու գործողություն, եւ արանքում՝ կալանավորում ենք, որ հանկարծ երկրից չփախչես:
Տաթեւը 2 ամիս անց է կացրել կալանավայրում, 20 օր էլ տնային կալանքի է ենթարկվել:
«Տնային կալանքն էլ նույն պատիժն է. միայն թե երեխաներս կողքիս էին: Բայց չէի կարող գնալ աշխատանքի, որպեսզի կերակրեի նրանց, չէի կարող հաղորդակցվել: Իսկ բանտում ես 2 ամիս երեխաներիս չեմ տեսել: Բարի կամք էին դրսեւորել. թույլ էին տվել հեռախոսով խոսել նրանց հետ:Ես նրանցից թաքցրել եմ, թե որտեղ եմ: Որդիս կարծում էր, թե դիրքերում եմ, բայց աղջիկս գլխի էր ընկել, որ կալանավայրում եմ: Երկուսն էլ հետո իմացել էին, բայց լռել, դրա մասին չէին խոսել:
Իմ երեխաներն իմ պայքարի ընկերներն են: Նրանց հետս միշտ տարել եմ ցույցերի, երթերի: Հաճախ են հեռուստացույցով՝ ուղիղ եթերով տեսել, թե ինչպես են ոստիկաններն անհնազանդության ցույցերից իրենց մայրիկին բերման ենթարկում: Նրանք սովոր են այս իրավիճակին: Ի վերջո, զավակներս Քարվաճառում են ծնվել-մեծացել, Քարվաճառից նրանց էլ են բռնի տեղահանել ու հայրենազրկել: Այնպես որ, անչափահաս են, բայց շատ բան են հասկանում, գիտակցում, զգում»,- պատմեց ընդդիմադիր ակտիվիստը:
Տաթեւն ինքն է հրաժարվել, որ երեխաները կալանավայր գան՝ իրեն տեսակցելու: Չի ցանկացել անչափահաս որդուն ու դստերը հոգեբանական տրավմայի ենթարկել, չի ցանկացել, որ նրանց մանկական հուշերում մնա բանտը, ու բանտում՝ իրենց մայրը:
Նա հայտարարում է՝ իր համար կալանքը, ձերբակալությունը, բանտը անհետեւանք են մնացել, որովհետեւ դրանից չի ընկճվել, չի կոտրվել, չի վախեցել:
«Ինձ կալանավորելով՝ իշխանություննեը փորձում են հանրությանն ասել, որ իրենց համար նշանակություն չունի՝ ես անչափահասների մայր եմ, առողջական խնդիրներ ունեմ, ոչ մի բան հաշվի չեն առնելու՝ աղջիկ է, մայր է, զոհվածի հայր է,զոհվածի մայր է, զոհվածի քույր է…բոլորին կտանեն-կփակեն, եթե իրենց դեմ խոսեն, Արցախ ու Հայաստան պահանջեն: Կալանավայրում անչափահասներ էլ կային, որոնց ցույցերի ժամանակ էին բերման ենթարկել: Արցախցի անչափահասներ էին: Չբողոքե՞ն, որ իրենց Հայրենիքը վաճառում են, իրենց հայրենազրկում ու գաղթական դարձնում: Նրանց կալանքն անընդհատ ավելացնում էին ու ամիսներով բանտում պահում:
Դրանք պատժիչ գործողություններ են, հաշվեհարդար, արդարադատության հետ ոչ մի աղրես չունեն:
Իշխանությունների ասածը սա է՝ Արցախ ենք հանձնում, հող ենք հանձնում, արյուն ենք վաճառում, 5000 երեխա ենք զոհում, Հայաստանի սահմաններն ենք բզկտում, թուրքին ենք բերում Հայաստան, ինչ անում ենք, լավ ենք անում, բոլորդ լռեք: Եթե չլռեք, կտանենք-կփակենք, ոչ մի բան չարած՝ կնստեք բանտում: Սա է ամբողջ իրականությունը,- փաստում է Տաթեւը:
Նրա դատական գործը դեռ ընթացքի մեջ է: Բայց դա նրան չի հետաքրքրում՝ ինչ ուզում են անեն, ինչ պատիժ ուզում են տան, ինքը ՉԻ ԼՌԵԼՈՒ: Թող տանեն, էլի փակեն բանտում, իր օրինակով ժողովրդին կոտրեն, վախեցնեն, հնազանդ ու ստրուկ դարձնեն:
Տաթեւ Արցախը պայքարը շարունակելու է:
ՆԱԻՐ ՅԱՆ