Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գրավոր շնորհավորել է Մոսկվայի` ազգությամբ յակուտ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին` քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Սոբյանինի երդմնակալությունը, ընտրություններում նրա հիմնական մրցակից Նավալնիի` ընտրությունների արդյունքից դժգոհությունների համապատկերում, կայանալու է այսօր` սեպտեմբերի 12-ին, բայց ՀՀ նախագահը Մոսկվայի քաղաքապետին շնորհավորել է ավելի շուտ, քան վերջինս պաշտոնապես կստանձներ քաղաքապետի իր լիազորությունները:
Սերժ Սարգսյանը պետությունների ղեկավարներից միակն է, ումից Սոբյանինը շնորհավորանք է ստացել. Մոսկվայի քաղաքապետին չեն շնորհավորել ո՛չ, օրինակ, Մաքսային միության անդամներ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ո՛չ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ո՛չ Մաքսային միության առաջնային թիրախում գտնվող Մոլդովայի, Ուկրաինայի եւ, իհարկե, Վրաստանի նախագահները: Քաղաքապետի պաշտոնում ընտրված Սոբյանինին չեն շնորհավորել անգամ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նախագահները:
Այս համապատկերում, ինչպես երեկ էր տեղեկացրել «Ազգը», հնարավոր է, որ սեպտեմբերի կեսերին նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան չկայանա: Որպես այցի չկայացման պատճառ մենք մեջբերել էինք հնարավոր երկու ենթադրություն. որ Պուտինը առավել զգայուն է իր դեմ դժգոհությունների նկատմամբ եւ չի ուզում ականատես լինել Հայաստանում առկա հակառուսական տրամադրությունների արտահայտումներին, որոնք նրա այցի օրերին կարող են դրսեւորվել: Հայաստան չայցելելու Պուտինի մյուս պատճառն էլ կարող է լինել այն, որ նա մեր երկրից ստացավ այն, ինչի համար ցանկանում էր այցելել. Սերժ Սարգսյանի խոսքերով` «Հայաստանը որոշում ունի` միանալու Մաքսային միությանը»: Այս առումով նկատենք, սակայն, որ դժգոհությունների նկատմամբ զգայուն Պուտինը հաճախ է մեկնում երկրներ, որտեղ նրա դեմ դժգոհությունների ալիքն անհամեմատ ավելի բարձր է, քան Հայաստանում այս օրերին: Եթե Հայաստանում կարելի է գտնել 1000 հոգի, ովքեր հրապարակային կդժգոհեն Պուտինի դեմ, ապա 5000-ն ավելի հեշտությամբ կգտնվեն, ովքեր հրապարակայնորեն կողջունեն Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան: Այս ամենն, իհարկե, Պուտինը գիտի: Հետեւաբար, նա Հայաստան չի այցելի, որովհետեւ Հայաստան այցելում էր մի բանի համար, ինչն արդեն ունի:
Բայց շեղվեցինք շատ: Նշաձողի բարձր լինելու մասին խոսենք: Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, Մոլդովայի Սահմանադրական դատարանը որոշել է կասեցնել իր իսկ կառավարության որոշումը` Քիշնեւի օդանավակայանը ռուսական «Ավիա-Ինվեստ» ընկերությանը 49 տարով կոնցեսիոն կառավարման հանձնելու որոշումը: Այս հանգամանքն առավել հետաքրքրական է դառնում, երբ դիտարկում են Ռուսաստանի որոշմամբ, ըստ որի` ԵՄ-ի Արեւելյան գործընկերություն նախաձեռնության անդամ Մոլդովայի գինիների մուտքը Ռուսաստան արգելվել է: Քիշնեւն էլ, ահա, պատասխանում է:
Բայց դա, իհարկե, կարեւոր չէ, կարեւորն այն է, որ այսօր Մոսկվայում միգրանտների, այդ թվումՙ հայ միգրանտների կեցությունը բարդացնելով նաեւ հայտնի Սերգեյ Սոբյանինը ստանձնում է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը: Այդ առիթով նրան շնորհավորել են մի շարք նահանգապետներ, առանձին գործիչներ, սենատորներ, Դումայի պատգամավորներ, կուսակից-ընկերներ եւ… ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: