Սիրիայի վարչապետ Վաել ալ Խալկին հայտարարել է, որ իր երկիրը պաշտոնապես ընդունում է ամբողջ քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու Ռուսաստանի առաջարկությունը: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:
Վարչապետի խոսքերով, Դամասկոսն այդ քայլին կդիմի «հանուն սիրիացիների կյանքի պահպանության»: Ավելի վաղ Մոսկվա կատարած այցելության ժամանակ Ռուսաստանի առաջարկությունը ողջունել էր Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը:
Մոսկվան սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ Դամասկոսին խնդրել է սեղմ ժամկետում մշակել քիմիական զենքի պահեստները միջազգային ընկերակցության վերահսկողությանը հանձնելու եւ հետագայում ոչնչացնելու կոնկրետ ծրագիր:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին խնդրել է հակասիրիական ռազմական գործողություն սկսելու բանաձեւի առթիվ քվեարկությունը հետաձգել, որպեսզի Ռուսաստանը Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու բանակցությունների ժամանակ ունենա: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը, վկայակոչելով Սենատի անդամներին:
Politico կայքէջը տեղեկացնում է, որ Սենատում այնուամենայնիվ կշարունակվի Սիրիային հարվածելու հնարավորության քննարկումը: Սենատում դեմոկրատ մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդի խոսքերով, Սիրիայի հետ կապված քվեարկությունը հետաձգվել է առնվազն մինչեւ եկող շաբաթ: