Բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախցիների համար մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի դեպքում խնամքի նպաստ կնշանակվի, եթե ծնողը ՀՀ գործատուի մոտ գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է ՀՀ-ում:
2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի դեպքում արցախցուն խնամքի նպաստ կնշանակվի անկախ ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից։ Խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքը հաշվի կառնվի միայն խնամքի չափը որոշելիս:
Ընդ որում, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին խնամքի նպաստը օրենքով նշանակվում և վճարվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ՝ երեխայի և ծնողի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու դեպքում:
Ինչ վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստին, ապա ՀՀ-ում երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը կարող է դիմել, եթե ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և ԼՂ-ում երեխայի ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվել։ Դիմումները կընդունվեն դեկտեմբերի 11-ից։