Դորտմունդի «Բորուսիան» անհաջող մեկնարկեց չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարումՙ Նեապոլում 1-2 հաշվով զիջելով տեղի «Նապոլիին»: 2 թիմերն էլ այդ պահին իրենց երկրների առաջնությունների առաջատարներն էին եւ նրանց հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել:
Խաղի նախօրեին «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծիք էր հայտնել, թե «Բորուսիան» եվրոպական թիմերից ներկայումս ամենալավ ֆուտբոլն է ցուցադրում: Իսկ ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը «Բորուսիային» համեմատել էր եռագլուխ վիշապի հետ: Ցավոք, Նեապոլում այդ վիշապը գլխատվեց:
Ընդհանուր առմամբ խաղն անհաջող դասավորվեց «Բորուսիայի» համար: 29-րդ րոպեին դաշտի տերերից Գոնսալո Իգուաինը բացեց հաշիվըՙ խփելով եվրոգավաթներում «Նապոլիի» հոբելյանականՙ 100-րդ գոլը: Քիչ անց մրցավարին վիրավորելու համար «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հեռացվեց պահեստայինների նստարանից: Իսկ առաջին խաղակեսի ավարտին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆելերը եւ հյուրերը մնացին 10 հոգով:
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում 75 րոպե անցկացրեց ու իր տեղը զիջեց Յոնաս Հոֆմանին:
Խաղից հետո թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն են արտահայտել:
Ռաֆայել Բենիտես («Նապոլի») – Մենք շատ լավ խաղացինք ու պետք է շարունակենք աշխատանքը: Գիտեինք, որ «Բորուսիան» շատ վտանգավոր եւ ուժեղ թիմ է, հատկապես երբ խաղում է Ռոբերտ Լեւանդովսկին: Նույնիսկ երբ դորտմունդցիները 10 հոգով մնացին, նրանք փորձում էին վերականգնել հավասարակշռությունը: Շնորհակալ եմ տղաներից խաղի նկատմամբ դրսեւորած վերաբերմունքից:
Խաղավարտին մենք ձեռքից բաց թողեցինք առավելությունը եւ սեփական դարպասը գոլ ընդունեցինք: 3-րդ գոլը խփել չկարողացանք եւ ստիպված էինք մինչեւ խաղի ավարտը գործել մեծ ճնշման տակ: Մարզադաշտում ցնցող մթնոլորտ էր: Մենք հիանալի ֆուտբոլասերներ ունենք: Տեսնենք, թե որքան առաջ կարող ենք գնալ այս մրցաշարում: Այս հաղթանակը մեզ վստահություն կհաղորդի:
Յուրգեն Կլոպ («Բորուսիա») – Այսօր չկարողացանք մեր լավագույն խաղը ցուցադրել, սակայն դեռ ոչինչ կորած չէ: Այս խաղում ամեն ինչ վճռեցին դետալները: Այժմ մենք գիտենք, թե ինչպես հաղթել «Նապոլիին», եթե լավ խաղանք: Մենք ագրեսիվ չէինք գործում: Եթե չլինեին իմ եւ դարպասապահի հեռացումներն ու Մաթս Հումելսի վնասվածքը, գուցե դրական արդյունքի հասնեինք: Սակայն այսօր շատ բան հակառակը ստացվեց: Ես անխելք գտնվեցի եւ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Արդեն թիմին եւ մրցավարին ներողություն եմ հայտնել:
F խմբում կայացած մյուս խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց ֆրանսիական «Մարսելին»:
«Այաքսի» նկատմամբ սեփական հարկի տակ տոնած տպավորիչ հաղթանակով (4-0) սկսեց մրցաշարը «Բարսելոնը»: Հանդիպման հերոսը Լիոնել Մեսին էր, որը հեթ տրիկի հեղինակ դարձավ: Դա չեմպիոնների լիգայում Մեսիի 4-րդ հեթ տրիկն էր: Այդ ցուցանիշով արգենտինացի ֆուտբոլիստը գերազանցեց գերմանացի Մարիո Գոմեսին ու իտալացի Ֆիլիպո Ինձագիին, որոնք 3-ական անգամ էին նման հաջողության հասել: Մեսին չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 62-ի: Նա այդ ցուցանիշով զիջում է միայն իսպանացի Ռաուլին, որը 71 գոլ է խփել:
H խմբի մյուս խաղում էլ «Միլանը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով պարտության մատնեց «Սելթիկին»:
Իր երկրպագուներին տհաճ անակնկալ մատուցեց «Չելսին»ՙ Լոնդոնում 1-2 հաշվով զիջելով շվեյցարական «Բազելին»: E խմբի մյուս խաղում «Շալկե-04-ը» 3-0 հաշվով հաղթելով «Ստյաուային», գլխավորեց աղյուսակը:
G խմբում Մադրիդի «Ատլետիկոն» 3-1 հաշվով հաղթեց «Զենիթին», իսկ «Պորտոն» Վիեննայում առավելության հասավ «Աուստրիայի» նկատմամբ (1-0):