«Համբուրգեր աբենթբլաթը» սեպտեմբերի 18-ին իրազեկում է, թե Ադրբեջանը հրաժարվել է համբուրգցի քաղաքական գործիչ, Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Քլիմքեին (ՔԴՄ) Ադրբեջան մուտքի վիզա տրամադրել: Ադրբեջանի դեսպանությունը պատգամավորի բեռլինյան գրասենյակ է ուղարկել պատճառաբանությունըՙ վերջերս գերմանացի պատգամավորի այցը «ադրբեջանական գրավյալ տարածք Լեռնային Ղարաբաղ» նկատվում է որպես «սահմանի ապօրինի հատում, որը միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության կոպիտ ոտնահարում է», ձեւակերպված է նամակում:
Օրեր առաջ Քլիմքեն, լինելով Հայաստանում, այցելել է ԼՂՀ, հանդիպել, ինչպես գերմանական լրատվամիջոցն է գրումՙ «ինքնահռչակ» հանրապետության նախագահի հետ: Յուրգեն Քլիմքեն հոկտեմբերին պատրաստվում էր Բաքու այցելել եւ մասնակցել ավտորիտար երկրի նախագահական ընտրություններին որպես դիտորդ: Քլիմքեն ափսոսանք է հայտնել եւ Ադրբեջանի դեսպանին զրույցի առաջարկ արել: Նրա մեկնաբանմամբՙ իր այցը Լեռնային Ղարաբաղ ոչ թե Հայաստան պաշտոնական այցի բաղադրիչ է եղել, այլՙ անձնական ցանկություն, ինչն անհրաժեշտ է հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ հայացք ունենալու համար: «Ինձ անցանկալի անձ հայտարարելը օգտակար չէ: Ձեռքս մեկնած եմ պահում», ասել է Բունդեսթագի պատգամավոր Քլիմքեն: