Սիրիայի իշխանությունները ռուսաստանցի դիվանագետներին փոխանցել են նյութեր Դամասկոսի արվարձաններում օգոստոսին տեղի ունեցած քիմիական գրոհի վերաբերյալ: ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքերով, սիրիական կողմը այդ նյութերը համարում է քիմիական հարձակմանը գրոհայինների մասնակցության վկայություն:
ՌԴ արտգործնախարարությունը ձեռնամուխ է եղել Դամասկոսի տրամադրած լրացուցիչ տվյալների ուսումնասիրությանը, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը իր հերթին առաջարկել է ուսումնասիրել վկայությունները, որ Դամասկոսի արվարձան Գուտայում օգոստոսի 21-ին ձեռնարկված քիմիական գրոհը եղել է ծավալուն սադրանքՙ հանուն օտարերկրյա միջամտության հրահրման: Այդ մասին նա հայտարարել է Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին բացված ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի 68-րդ նստաշրջանի նիստում:
Չուրկինի խոսքերով, Ռուսաստանն ակնկալում է, որ Գուտայի դեպքերի քննությունն ավարտելուց հետո ՄԱԿ-ի տեսուչները Սիրիա կվերադառնան այնտեղ քիմիական զենքի կիրառման մյուս հնարավոր դեպքերն ուսումնասիրելու համար: Դիվանագետը պարզաբանել է, որ խոսքը օգոստոսի 22-ին, 24-ին եւ 25-ին սիրիացի զինվորների թունավորման մասին է, ինչպես նաեւ Հալեպում մարտի 19-ին քիմիական զենքի կիրառման մասին: Վերջին դեպքի կապակցությամբ ՌԴ արտգործնախարարությունը կասկածներ ունի, որ ապստամբներն են զարին օգտագործել: