Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Կոմիտասի «Անուշը» ամբողջականացվել է

Վերջերս Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայացավ ուշագրավ՝ ոչ սովորական համերգ:

20-րդ դարեսկզբին հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիմա վրա մյուս մեծ հայը՝ Կոմիտասը նախաձեռնեց «Անուշ» օպերան: Սակայն մնաց անավարտ, եւ մեզ հասել են միայն պատառիկներ: դրանք կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանը լրացրեց:

Եվ ահա «Պատարագ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Մարգարիտ Ոսկանյանը հանդգնեց երկու մեծությունների գործերը մեկտեղել, ստեղծել առանձին ստեղծագործություն: Ինչպես միշտ, նման ստեղծագործությունների վրա աշխատանքը սկսվում է լիբրետոյից, որը Մարգարիտը գրել է հմտությամբ:

Կատարման ընթացքում մի քանի նորամուծություններ եղան, որոնցից ուշադրության արժանացան սոպրանոյի, տենորի, բարիտոնի պարտիաներից, բացի լիբրետոյով նախատեսված՝ պոեմի հեղինակին նոր կերպար՝ ասմունք, որն աչքի ընկավ երաժշտական համարները համաձուլելու իր դերով:

Երկրորդ կարեւոր հանգամանքը նվագակցության ներկայությունն էր, որը, չսահմանափակվելով ընդունված դերակատարմամբ, դարձել էր ողջ երաժշտական ներկայացման բարձրագույն կետը: Մարգարիտ Ոսկանյանը կարողացել էր կոմիտասյան մասունքներից ծաղկաքաղ մոտիվները շաղկապել, ապա մոնոդիկ շարադրանքով ստեղծել գեղջկական միջավայրին բնորոշ հնչողություններ:

Ներկայացումը մեծ բերկրանք պատճառեց. այնքան գեղեցիկ, այնքան մարդկային:
Անհրաժեշտ է ընդգծել, որ ներկայացման երաժշտական ղեկավար Մարգարիտ Ոսկանյանը խմբավար-երաժշտի տաղանդից եւ վարպետությունից բացի ի ցույց դրեց նաեւ կազմակերպչական իր ունակությունները եւ էներգետիկան:

Ի դեպ՝ վերջերս «Պատարագ» երգչախումբը Մարգարիտ Ոսկանյանի գլխավորությամբ շահել է ամենաբարձր՝ առաջին մրցանակը «Բարի գալուստ, Կանադա» հեղինակավոր միջազգային մրցույթում:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆ