11 տարի անց հայ ըմբիշը կրկին աշխարհի չեմպիոն հռչակվեց
Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկը շատ հաջող էր Հայաստանի հավաքականի անդամ, մինչեւ 66 կգ քաշային ըմբիշ Դավիթ Սաֆարյանի համար, որը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Այս տարվա մարտին Թբիլիսիում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալի արժանացած Դավիթ Սաֆարյանը փառահեղ ելույթներ ունեցավ նաեւ Հունգարիայի մայրաքաղաքում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայ ըմբիշը հաղթանակով էր սկսել մրցաշարըՙ պայքարից դուրս մղելով ռումինացի Գեորգի Բուկուրին եւ լեհ Ռաֆալ Ստատկեւիչին: Քառորդ եզրափակիչում Դավիթը շարունակեց հաղթարշավը: Նա հաղթեց ռուսաստանցի Մագոմեդ Կուրբանալիեւինՙ ռեւանշի հասնելով Կազանում կայացած համաշխարհային Ունիվերսիադայի եզրափակիչում կրած պարտության դիմաց:
Կիսաեզրափակիչում Դավիթը եւս իրեն հիանալի դրսեւորեց ու շահեց վրացի Լեւան Կելեխաշվիլու հետ անցկացրած գոտեմարտը: Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Լոնդոնի օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր, աշխարհի փոխչեմպիոն Լիվան Լոպեսն էր: Ուժեղ մրցակցի հետ գոտեմարտում էլ հայ ըմբիշը դրսեւորեց իր ունակությունները; Ճիշտ է, գոտեմարտի սկզբում, առանց հնարք կիրառելու, կարծեցյալ ակտիվության համար Լոպեսը 2 անգամ մրցավարից մեկական միավոր ստացավ: Սակայն հետագայում Դավիթը գեղեցիկ հնարք կատարեց ու վճռեց գոտեմարտի ելքը:
Եվ այսպես, 11 տարվա ընդմիջումից հետո Հայաստանն ազատ ոճի ըմբշամարտում կրկին աշխարհի չեմպիոն ունեցավ: Վերջին անգամ նման հաջողության էր հասել ազատոճային ըմբիշ Արամ Մարգարյանը 2002-ի աշխարհի առաջնությունում: Իսկ մինչ այդ ազատոճայիններից աշխարհի չեմպիոնի կոչմանն էր արժանացել Արա Գեւորգյանը: Նա մեր ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկն է, որը 3 անգամ (1995, 1997, 1998-ին) ուժեղագույնն է ճանաչվել աշխարհում: Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներից աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացել են Աղասի Մանուկյանը (1993-ին), Մնացական Իսկանդարյանը (1994-ին) եւ Վաղինակ Գալստյանը (2001-ին):
«Անկեղծ ասած, առաջնության մեկնելուց առաջ չէի հավատում, որ կհաղթեմ: Բայց ստացվեց, որի համար անչափ ուրախ եմ: Բուդապեշտ գալուս առաջին րոպեներից հիշում էի այստեղ հայ սպայի հետ կատարված ողբերգությունը: Մտածում էի, որ այստեղ չեմպիոն դառնալը հրաշալի կլինի: Կուբացին շատ ուժեղ էր, հատկապես ձեռքերով շատ լավ էր աշխատում: Բայց ես սպասում ու հավատում էի, որ կկարողանամ կիրառել վերջին հնարքը: Ինչ նախապես ծրագրել էի, հաջողվեց իրագործել», գոտեմարտից հետո news.am-ի թղթակցին հայտնել է Դավիթ Սաֆարյանը:
Հավելենք, որ անկախ Հայաստանի սպորտի պատմությունում, բոլոր մարզաձեւերի հաշվարկով Դավիթ Սաֆարյանն աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացած 9-րդ մարզիկն է եւ առաջինըՙ 2013-ին: Մինչ այդ Հայաստանից աշխարհի չեմպիոն էր հռչակվել գյումրեցի ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը 2010-ին:
Դավիթը մարզական ընտանիքից է: Նրա հայրըՙ Հովհաննես Սաֆարյանը նույնպես ըմբիշ է եղել: Նա ԽՍՀՄ սպորտի վարպետ է, Հայաստանի, «Սպարտակ» կամավոր մարզական ընկերության համամիութենական խորհրդի բազմակի չեմպիոն եւ ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր: Անկախացումից հետո Սաֆարյանների ընտանիքը տեղափոխվել է Կրասնոդար: