Թուրքիայում մեկնարկած մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Վահե Բաղդասարյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Մարիա Գեւորգյանը:
Տղամարդկանց մրցաշարում առայժմ ավելի հաջող է հանդես գալիս Վահե Բաղդասարյանը, որը 3 տուրից հետո վաստակած 2,5 միավորով 117 մասնակիցների մեջ ընթանում է 20-րդ տեղում: Վահեն մրցաշարը սկսեց Քրեյգ Բորնհեյմի հետ ոչ-ոքիով, ապա հաղթանակներ տարավ Ֆիրման Ֆարիդի եւ թուրք Կոկսալ Յուկսելի նկատմամբ:
Սամվել Տեր-Սահակյանը վաստակած 1 միավորով 93-րդ տեղում է: Նա առաջնության մեկնարկային տուրում պարտվեց Ալի Մուհամադին, ապա հաղթեց Հուսեյն Մեֆտանիին: 3-րդ տուրում հայ շախմատիստը 2-րդ պարտությունը կրեց Յան Ֆանգի հետ պարտիայում:
3-ական միավորով աղյուսակը գլխավորում են Թուրքիան ներկայացնող Ալեքսանդր Իպատովը, լեհ Կրժիժտոֆ Դուդան, չինացի Յու Յանգյին եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչ Սալեհ Սալեմը:
Կանանց մրցաշարում Մարիա Գեւորգյանը 3 տուրից հետո ունի 1,5 միավոր: Մարիան հաղթանակով մեկնարկեցՙ առավելության հասնելով թուրք Բուսրա Սոյդանի նկատմամբ: 2-րդ տուրում մեր շախմատիստուհին զիջեց Ինդոնեզիայի ներկայացուցիչ Մոնիկա Սիհիթեին, իսկ հաջորդ պարտիայում հաշտություն կնքեց հնդիկ Շեթի Շրիշտիի հետ: