Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի մեծահասակների հերթական առաջնությունը: Առաջինը մրցումների պարգեւներն են վիճարկում ազատ ոճի ըմբիշները: Հայաստանն աշխարհի առաջնությանը ներկայացել է 6 ըմբիշով: Մեր երկիրը պատվիրակ չունի միայն գերծանրքաշային կարգում:
Երեկ Հայաստանից մրցագորգ դուրս եկած հայ 3 ըմբիշներից հաղթանակով մեկնարկեց միայն Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (66 կգ): Նա 1/16 եզրափակիչում պարտության մատնեց ռումինացի Գեորգի Բուկուրին, իսկ հաջորդ գոտեմարտում հաղթեց լեհ Ռաֆալ Ստատկեւիչին: Մինչեւ 55 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանը 2-6 հաշվով պարտվեց վրացի Գեորգի Էդիշերաշվիլիին, իսկ Էդգար Ենոքյանը (96 կգ) զիջեց ալբանացի Էզգոն Շալային: