Առիթ եղել է` անդրադարձել ենք, որ մեր հանրային կյանքում վերջին մի քանի ամիսներին ներմուծվում են կեղծ օրակարգեր: Սա մեր սուբյեկտիվ տեսակետը կամ քմահաճույքը կարելի կլիներ համարել, եթե ամեն օր նոր անհավանական թեմաներ ու մարդիկ չներմուծվեին մեր հանրային կյանք` մի տեսակ գոլորշի բաց թողնելու առիթներ դառնալով եւ մոռացնելով մեզ տանջող գլխավոր թեմաները: Ասել է թե` հանրություն, ահա քեզ խաղալիք, զբաղվիր, մինչեւ մենք քո խնդիրները լուծենք կամ չլուծենք: Կներեք` բայց տրանսպորտի թանկացման խնդիրն էլ, թեեւ իբր վերջին շրջանում տնտեսական հիմնավորումներ եղան, այդ թեմաներից է թվում հատկապես հիմա, այլապես առաջին ռաունդում թանկացման դեմ բողոքի հանրության թունդ արձագանքը կարող էր հուշել մեր քաղաքային ղեկավարությանը` զերծ մնալ առայժմ այդ թեմայից եւ սպասել մինչեւ գարուն:
Սակայն կարծես ինչ-որ մեկին դուր են գալիս հանրության լոկալ բողոքները, որոնք մոռացնում են խնդիրները, մոռացնում են կարեւոր հարցերի վրա կենտրոնանալու մտադրությունները: Այդպես կարելի է մտածել եւ մեր տարածքում երկրաշարժերի հավանականության սովորական մասնագիտական մեկնաբանության վերաբերյալ, ինչի անդրադարձը ԶԼՄ-ներում ադեկվատ չէր սովորական եւ մշտական այդ ելակետին` կամ լրագրողների անհասկացողության, կամ, եթե հետեւենք սոցցանցերում թեմայի ուռճացմանը (գուցե` հրահանգված ուռճացմանը ընդհուպ պաշտոնանկության պահանջ խուճապ ստեղծելու իբր մեղադրանքով): Նույնը նաեւ սուպերնոր կուսակցապետ Անի Զախարյանի պարագայում կարելի է դիտարկել, երբ հանրությանն անհայտ մի անձ էքսցենտրիկ հայտարարություններով փորձում է ցանցային ակտիվիստների ուշադրությունն իր կողմը տանել ու դա անում է հատկապես իշխանակենտրոն կայքերի միջոցով: Ժամանակին նույնը կարելի էր ենթադրել Վարդան Սեդրակյանի ասածների վերաբերյալ (ինչն, ի դեպ, նրան արժեցավ 14 տարվա ազատազրկում, սակայն հանրությանն անհայտ մնաց, թե ի վերջո նա ինչո՞ւ պետք է ուզենար վնասել Հայրիկյանին, կամ միգուցե նախասկզբնական ինչ-որ պայմանավորվածությո՞ւն էր խախտել): Բոլոր դեպքերում այն ժամանակ, երբ հայ ակտիվիստները քաղաքապետարանի մոտերքում էին իրենց էնտուզիազմը սպառում, հաջորդեց Հայաստանի կողմնորոշումների մեջ կտրուկ փոփոխությունը, իսկ այժմ, երբ տրանսպորտի թանկացման դեմ նոր ալիք է սկսվում, քանի որ վերանորոգվում են թանկացման մասին խոսակցությունները, ուրեմն եւ հաջորդելու է մի այնպիսի բան, որն էլի անսպասելի է լինելու հայ հանրության համար: Համենայն դեպս` համընկնումները շատ են:
Այս առումով նորություն ասած չենք լինի, որ աշխարհում այն իշխանություններն են հաջողված համարվում, որոնց որոշումները անցած են լինում հանրության հոգով ու սրտով եւ կանխատեսելի են լինում սեփական հանրության համար: Հավանաբար հայերս դեռ պետք է անցնենք այն ճանապարհը, որ հանրությունն ու սեփական իշխանությունը մի օր սինքրոն մտածեն: Սակայն որքան էլ ցավալի է` առայժմ այդպես չէ:
Շարունակում են զարմացնել բոլոր այն վերլուծաբանները, որոնք խիստ առաջ են նայում, նշելով, թե այժմ ոչ թե երկրի խնդիրներն են լուծվում, այլ` 2017-18 թվերի զույգ ընտրություններում դոմինանտների հարցը: Ըստ նրանց` ստացվում է, որ հայ հանրությունն ընդհանրապես ապրում է ընտրությունից ընտրություն, միայն ընտրական գործընթացի սուբյեկտ որպես, իսկ ընտրություններից հետո նրանց խնդիրների լուծումն այնքան է օրակարգային, որքանով դա կառընչվի արդեն հինգ տարի հետոյի ընտրություններին: Ու այդպես հորինվում է պսեւդոպատկերացումների մի վիրտուալ տարածք, որը նպաստում է կեղծ օրակարգերին եւ մարդկանց հեռացնում իրենց խնդիրները լուծելու կամքի եւ ընդունակության դրսեւորումից: Հայ հանրությունը անշունչ մատերիալ չէ, նա ունի մտածող շերտեր եւ պետք չէ այդ շերտերին մանիպուլյացիայի ենթարկել, հուսահատեցնել, հեռացնել նրանց իրենց կյանքի գլխավոր խնդիրների լուծումը պահանջելուց:
Վերլուծություններ կան, թե Հայաստանի իշխանությունը խնդիր ունի մոնոլիտ դառնալու, որ վարչապետ ու կառավարիչ դառնալու հավակնորդներ կան, ինչը խանգարում է իշխանությանը նպատակասլաց աշխատել: Ու բերվում են մշտապես Ծառուկյանի, Քոչարյանի, այլ հավակնորդների անուններ, որպես ներկա կառավարությանը կրնկակոխ հետապնդողների: Սակայն մենք հակված ենք այլ դիտանկյունից նայելու այս ամենին: Քանի որ Հայաստանում քաղաքական ընդդիմությունը որպես այդպիսին այժմ գոյություն չունի, գոնե լավ է, որ կառավարման ալտերնատիվ հավակնություններ կան, ու դրանք ի վերջո կատարում են այն դերը, ինչ պետք է կատարեր ընդդիմությունը: Այսինքն` եթե Ծառուկյանի ստվերը հետապնդում է մեր կառավարիչներին (եթե իհարկե հետապնդում է, եւ իրականում ամեն ինչ վերին պայմանավորվածությունների ծիրում չէ), ուրեմն շատ ավելի լավ պետք է աշխատի մեր կառավարությունը, քանի որ դիմակա հավակնությունները զսպումների եւ հավասարակշռումների մեխանիզմին են փոխարինում, որն իրականում պետք է կատարեր խորհրդարանը, բայց նույն թիմի մեծամասնության առկայությամբ ի վերջո չի կատարում, եւ կամ ընդդիմությունը պետք է կատարեր, սակայն էական ընդդիմություն գոյություն չունի:
Այնպես որ` ընդդիմախոսությունը կամ քննադատությունը մի սպեղանի է, կամ մաքրող հեղուկ, որ թույլ չի տա թմբիր ու նեխում:
Իսկ մտորելու բան կա, իսկապես:
Մենք բոլորս պետք է կենտրոնանանք մեզ դեմ տրված նոր օրակարգերի վրա` երկրի գնալիք ճանապարհի վերաբերյալ, հասկանալ մանրուքները Հայաստանի ու Վրաստանի համար Եվրոպա-ԱՄՆ-Ռուսաստան մրցակցության նոր փուլի, որտեղ առայժմ սկզբնական խաղադրույքներն են հայտարարված, իսկ թե որքան կբարձրանան գները խաղի եւ սակարկության արդյունքում` մինչեւ եկող տարեկես էլ գուցե հայտնի չլինեն: Ու Հայաստանի համար կարեւոր է լինելու Արցախի խնդիրը. ով մեր դիրքորոշմանը համահունչ մոտեցում ցույց տա, նա էլ կստանա ցանկալի խաղագումարը, կներեք` համագործակցությունը, կոպիտ ասացինք: Հավանաբար, Հայաստանը Եվրոպայից չի ստացել այն, ինչ ակնկալել է, ահա եւ այս նոր` «մաքսային ցանկությունը», որի վերաբերյալ, ի դեպ, էլի 100 տոկոսով հնարավոր չէ պնդել, թե չի արժանանա եվրոինտեգրման ճակատագրին: Մանավանդ Մաքսային միության, ու ավելի անպարզ` Եվրասիական միության քաղաքական հեռանկարը դեռ մշուշոտ է: Կլինե՞ն փաստաթղթերը, կտեսնենք, ի՞նչ են նախատեսել Հայաստանի համար, ձեռք չտվե՞ց, հո զոռով չե՞նք մտնելու: Պարզ է, որ ռուսներն ունեն իրենց տարածաշրջանային քաղաքական շահը: Մեզ համար էլ պետք է պարզ լինի` համադրելի՞ է արդյոք այդ շահը Հայաստանի անվտանգության շահին:
Իսկ Մաքսային միության հանդեպ Արցախից ինքնուրույնություն սպասող իմ սիրելի վերլուծաբանուհու մտքին ուղերձ անելով` նկատենք, որ այս պահին միայն մեզ հենց արկածախնդրությունն ու ինքնագործունեությունը կարող են խանգարել, ու այս պահին է հենց պետք որոշումների եւ քայլերի սինքրոնությունը` Հայաստանի ու Արցախի:
Իսկ թե արդյո՞ք Մաքսային միությանը միանալու սարգսյանական որոշումը կապված է իշխանափոխության սպառանալիքի հետ, ինչպես Բորիս Նավասարդյանն է կարծում, եւ այդպիսի որոշման չհայտարարելու դեպքում ռուսները սպառնացել են իշխանափոխությամբ` Մաքսային միությանն անդամակցելու որոշումը Սերժ Սարգսյանին հարկադրելու միջոցով` սա միգուցե լեգենդի տարրեր ունի իր մեջ, բայց էլ ինչ լեգենդ, եթե իրականությունից վերցված հիմքեր չունենա: Իսկ լեգենդ, թե իրականություն` կապրենք, կտեսնենք: