Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Հայկական դրամը 30 տարեկան է. ԿԲ-ը շրջանառության մեջ է դրել հոբելյանական մետաղադրամներ

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը շնորհավորանք է հղել հայկական Դրամի 30-ամյակի և Բանկային աշխատողի օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է. «Բանկային համակարգի հարգարժան աշխատողներ, գործընկերներ, սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի բանկերի միության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ազգային արժույթի՝ հայկական Դրամի թողարկման 30-ամյակի և Բանկային աշխատողի օրվա առթիվ։

Հայաստանի անկախության և պետականության անբաժան խորհրդանիշներից մեկը՝ ազգային արժույթը, մշտապես առանցքային դեր է ունեցել մեր երկրի տնտեսական, մասնավորապես՝ ֆինանսաբանկային համակարգի կայացման ու զարգացման գործում, բազմիցս հաղթահարելով մարտահրավերներ ու ճգնաժամեր և ապացուցելով իր հուսալիությունն ու կենսունակությունը։

Սրտանց շնորհավորում եմ նաև բանկային համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, ցանկանալով քաջառողջություն, անձնական ու մասնագիտական հաջողություններ ու նորանոր  ձեռքբերումներ՝ ի շահ մեր երկրի տնտեսության և ֆինանսաբանկային համակարգի կայուն զարգացման»։

Ազգային արժույթի 30-ամյակին ընդառաջ ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հոբելյանական մետաղադրամներ:

10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային (հավաքորդական) մետաղադրամները շրջանառության մեջ կլինեն ոչ միայն Հայաստանում, այլև կպտտվեն աշխարհով մեկ՝ իրենց կարևոր տեղն ունենալով կոլեկցիոներների հավաքածուներում։