Կլայպեդայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 2-րդ օրը բավականին հաջող էր հայ ծանրորդների համար: Էդմոն Բաղդասարյանն ու Ժորժ Եղիկյանը դարձան Եվրոպայի փոխչեմպիոններ, իսկ Հենրիկ Խաչատրյանը Հայաստանին բրոնզե մեդալ պարգեւեց:
Մինչեւ 17 տարեկան ծանրորդների մրցաշարում 62 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրին Էդմոն Բաղդասարյանն ու Հենրիկ Խաչատրյանը: Պոկում վարժությունում Էդմոնը 115 կգ արդյունքով արծաթե մեդալ նվաճեցՙ 1 կգ զիջելով լավագույն արդյունքը ցույց տված ռուսաստանցի Վյաչեսլավ Յարկինին: Հենրիկը 110 կգ-ով գրավեց 4-րդ տեղը: Նա եւս կարող էր մրցանակակիր դառնալ, սակայն չկարողացավ բարձրացնել 115 կգ-անոց ծանրաձողը:
Հրում վարժությունում ավելի հաջող ելույթ ունեցավ Հենրիկ Խաչատրյանը, որը հաջող կատարելով երեք մոտեցումներն էլ, 132 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Իսկ ահա Էդմոնի ելույթն անհաջող էր: Առաջին փորձից բարձրացնելով 130 կգ, հայ ծանրորդը հաջորդ 2 մոտեցումների ժամանակ փորձեց իրեն ենթարկել նախ 140, ապա եւ 142 կգ ծանրությունը, սակայն ձախողվեց: Արդյունքում Էդմոն Բաղդասարյանը երկամարտի 245 կգ (115+130) արդյունքով գրավեց 2-րդ տեղը: Հենրիկ Խաչատրյանը մեկ բրոնզե մեդալ էլ ստացավ երկամարտումՙ 242 կգ (110+132): Իսկ չեմպիոնի տիտղոսին արժանացավ ռուսաստանցի Վյաչեսլավ Յարկինը, որը երկամարտում ցույց տվեց 256 կգ (116+140) արդյունք:
Մինչեւ 69 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար համառ պայքար ծավալվեց Ժորժ Եղիկյանի եւ բուլղարացի Բոզիդար Անդրեեւի միջեւ: Պոկում վարժությունում 2 ծանրորդներն էլ ցույց տվեցին միեւնույն արդյունքը (130 կգ): Ընդ որում հայ ծանրորդը կարող էր այդ մրցավեճում հաղթել, սակայն 3-րդ մոտեցմամբ չբարձրացրեց 131 կգ-ը: Իսկ քանի որ անձնական քաշով Եղիկյանն ընդամենը 50 գրամով ծանր էր բուլղարացուց, ուստի բավարարվեց արծաթե մեդալովՙ ոսկին զիջելով մրցակցին:
Ցավոք, հրում վարժությունում Եղիկյանն այնքան էլ վստահ ելույթ չունեցավ: Նա արդյունավետ օգտագործեց միայն 2-րդ մոտեցումըՙ բարձրացնելով 155 կգ: Իսկ ահա բուլղարացի ծանրորդը 3 մոտեցումներն էլ հստակ օգտագործելով, ցույց տվեց 160 կգ արդյունք: Դա էլ վճռեց մրցակցության ելքըՙ հօգուտ բուլղարացու: Անդրեեւը երկամարտի 290 կգ (130+160) արդյունքով հռչակվեց Եվրոպայի պատանիների չեմպիոն, իսկ Եղիկյանը երկամարտի 285 կգ (130+155) արդյունքով գրավեց 2-րդ տեղըՙ արծաթե մեդալ ստանալով նաեւ հրում վարժությունում:
Մինչեւ 15 տարեկանների մրցավեճում Կարեն Ավագյանը (69 կգ) երկամարտի 210 կգ (100+110) արդյունքով 8 ծանրորդների մեջ զբաղեցրեց 5-դ տեղը: Չեմպիոն հռչակվեց հույն Սպարտակոս Չոպսոնիդիսը, որը երկամարտում ցույց տվեց 251 կգ (112+139) արդյունք: Առանձին վարժություններում եւ երկամարտում նրա ցուցանիշները Եվրոպայի նոր ռեկորդներ են մինչեւ 15 տարեկան ծանրորդների համար: