Հայաստանի ու հայության ամոթի օրը՝ արցախյան 44-օրյա պատերազմի պարտության օրը՝ նոյեմբերի 9-ին, հայրենի ընդդիմությունը լուռ երթ էր անցկացնում: «Հողատու», «դավաճան» եւ նմանատիպ վանկարկումներով կոկորդ պատռելու փոխարեն՝ «ուլտրաաընդդիմադիրները » որոշել էին ոչինչ չասել իշխանությանը: Մանավանդ որ դրա տեսախցիկներից անդին մեկմեկու ջան են ասում, ջան՝ լսում: Ի՞նչ կարիք կա ավելորդ ձեւականության հետեւից ընկնել ու երեւանյան փողոցները չափչփելով՝ Փաշինյանի քաղաքականությունը քննադատել, նրան թթու խոսք ասել, եթե ամեն բան ընթանում է ըստ նախապես մշակված գերարհեստավարժ սցենարի:
44-օրյա պատերազմից հետո հայրենի ընդդիմությունը՝ նախկին նախագահներ Սարգսյանի եւ Քոչարյանի սատելիտները, Փաշինյանին իշխանազրկելու հոխորտանքով քանիցս փողոց են դուրս եկել եւ փաստացի էլ ավելի ամրացրել ու ամրապնդել նրա իշխանությունը: Դե իսկ խորհրդարանում մանդատները տաք-տաք գրկել-նստելով՝ ոչ միայն երկրին ու պետությանը չեն որեւէ օգուտ տվել եւ տալիս, այլեւ լեգիտիմիացնում են Փաշինյանի «ռեժիմի» իշխանությունը: Ընդդիմադիրները, որ ՔՊ-ականներից «բեշբեթար» եվրոպաները չափչփելու ու «վոյաժների» նեղ մասնագետներ են, խոսելու փոխարեն, ճիշտ կլիներ՝ պապանձվեն, ձայն-ծպտուն չհանեն: Այդպես գոնե կիմանաք՝ ո՛չ ընդդիմություն ունենք, ո՛չ էլ պետք է ինչ-ինչ ակնկալիքներ ունենալ նրանից:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ