«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանն օրերս «Մարիոթ» հյուրանոցում փակ հանդիպում էր նախաձեռնել, որին մասնակցում էին Արցախի՝ ընդամենը 9 օր պաշտոնավարած նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի խորհրդարանաի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Արցախի հասարակական, քաղաքական, մշակութային դաշտի որոշ ներկայացուցիչներ՝ փաստաբան Արա Զոհրաբյանը, դերասան Դավիթ Հակոբյանը, սահմանադրագետ Վարդան Այվազյանը եւ ուրիշներ:
Փակ ձեւաչափով անցկացված հանդիպման մանրամասների մասին ներկաներից որեւէ մեկը ոչինչ չասաց, բոլորը սակայն միաբերեն պնդեցին, թե քննարկել են Արցախի հետ կապված բազմաթիվ հարցեր՝ արցախահայության վերադարձից մինչեւ հայկական երկրորդ հանրապետությունը լուծարելու մասին՝ որեւէ մեկի կողմից չտեսնված փաստաթուղթ:
Հյուրանոցի գլխավոր մուտքով քննարկման եկած նախագահ Շահրամանյանը աճապարել էր հետնամուտքով՝ խուսափելով լրագրողների հետ առերեսվելուց: Նախաձեռնող Պետրոսյանն էլ լրագրողների հարցերին պատասխանելուց առաջ նախ նշում էր՝ «այդ մասին նույնպես չեմ կարող մանրամասներ հայտնել», ապա, ըստ էթության, հարցը շրջանցող պատասխան տալիս:
Այդուհանդերձ, «Ազգ»-ը Պետրոսյանին մի քանի հարց առանձին ուղղեց:
– Պրն Պետրոսյան, Դուք ասում եք՝ պետք է պահել Արցախի պետականությունը, ինչպե՞ս եք դա պատկերացնում, եթե Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Ադրբեջանի դրոշն է կանգնեցված, եթե Արցախի բանակը լուծարվել է, բնակչությունն էլ այնտեղ չէ, ինչպե՞ս է պահպանվելու Արցախի հայկականությունը, պետականությունը:
– Պետությունը, գլոբալ առումով, ունի երկու բաղադրիչ՝ հողը եւ ժողովուրդը: Այս պահին Արցախը օկուպացված է: Բայց Արցախի մեր հայրենակիցները կա՛ն եւ Հայաստանում են: Համայնքը գոյություն ունի: Այստեղ է նաեւ արցախցիների կողմից լեգիտիմ ընտրված իշխանությունը: Եվ եթե մենք իրականում ուզում ենք պահպանել մեր իրավունքները Արցախի նկատմամբ, երկրորդ բաղադրիչը անպայման պետք է կարողանանք պահպանել, որովհետեւ Արցախի մեր հայրենակիցների հավաքական շահերը ներկայացնողը եւ ամրագրողը ոչ միայն ներքին մակարդակում, կազմավորված այն իշխանությունն է, սահմանադրական այն կարգը, որը կա:
– Կարծում եք՝ այդ ծրագիրը կարո՞ղ եք իրականացնել մի իշխանության ժամանակ, որ, ըստ էության, դեմ է դրան:
-Միշտ հնարավոր է իրականացնել ամեն ինչ, պարզապես պետք է առաջնորդվել մի շատ հստակ բանաձեւով. անել անհրաժեշտը, հետո՝ հնարավորը: Եվ կտեսնենք, թե ոնց է իրագործվում անհնարինը: Դրան տանող անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլը Արցախի ինստիտուտների կենսագործունեությունն ապահովելն է: Եվ այսօրվա հանդիպումը հենց դրան է վերաբերում:
– Բայց ինչպե՞ս եք դա անելու, եթե այդ ամենի համար պատասխանատու թիվ մեկ օղակի՝ իշխանության հետ չեք երկխոսում:
– Մենք որեւէ մեկի համար դուռը չենք գոցել եւ չենք ասել՝ Արցախի հարցի հետ կապված՝ այսինչ կամ այնինչ ուժի հետ չենք երկխոսի:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ