Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
Մահակի եւ բլիթի քաղաքականությունը, թվում էր, թե մնացել է անցյալում, բայց այսօրվա, հատկապես հզորների պարագայում, այդօրինակ պարզունակ միջոցն ամենակիրառականն է: Նկատի ունեմ այն հզորներին, որոնց հզորությունը զենք ու զինամթերքն է, մտածելակերպն էլ` հազարամյակի փոշով է պատված:
Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանը հանկարծ հիշեց, որ իր շուկայում մոլդովական գինին պետք է ստուգել: Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն հիշեց, եւ մոլդովական գինու եւ գինեգործության մյուս ապրանքատեսակների համար ռուսական սահմանը փակվեց: Օնիշչենկոն իր որոշումը պատճառաբանեց գինեգործական ապրանքի անբավարար որակով, նաեւ մոտեցմամբ, թե «Ռուսաստանը մտադիր չէ դայակի դեր կատարել մոլդովական տնտեսության համար»:
Որ մոլդովական գինում կամ կոնյակում կարող են վնասակար նյութերի չափաբաժինները նորմաներից բարձր լինել, մեր վիճարկելիքը չէ, սակայն երբ այդ մասին ընտրովի, երբ հարմար է կամ անհրաժեշտ, հիշում են ռուսաստանյան համապատասխան հաստատությունները, ակամա միտքդ է գալիս 2006-ին վրացական գինու ոդիսականը: Իսկ վերջինի ռուսաստանյան շուկա մուտքի արգելափակումը, որքան էլ հիմնավոր էր (Վրաստանում պարզապես անհնար էր այնքան գինի ու կոնյակ արտադրել, որքան արտահանվում էր Ռուսաստան- Վ.Պ.), այդուհանդերձ, եւ ամենից առաջ, քաղաքական որոշում էր, որը տեղի ունենում է նաեւ Մոլդովայի դեպքում:
Վրացական գինին երկար ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հետ, նրա անձնական ճամպրուկում, այս ու այն երկիր էր տարվում, որ վաճառքի դուրս բերվեր: Սակայն վերջին վրաց-ռուսական զարգացումները նորից վրացական գինու ճամփան Ռուսաստան բացել են, այն էլ` բավականին լայն դռնով արտահանվելու համար:
Ռուսական շուկան ոչ միայն կրկին ընդունեց վրացական գինեգործության արտադրանքը, այլեւ ընդամենը երկու օր առաջ Ռոսպոտրեբնադզոր կոչվող հաստատությունը վրացական 31 ընկերությունների համար գինի մատակարարելու արգելքը հանել է: Նաեւ վրացական երեք ընկերություններ կարող են Ռուսաստան հասցնել իրենց հանքային ջրերը: Ընդհանուր առմամբ, վրացական 91 գինեգործական, 7 հանքային եւ խմելու ջրերի, 1 գարեջրագործական ընկերություններ ունեն Ռուսաստան արտահանման թույլտվություն: Արդյո՞ք դա նշանակում է, որ Վրաստանը մտնում է ապագայի Ռուսաստանի համար ընդունելի հուն` ցույց կտա ժամանակը:
Մոլդովայի եւ Վրաստանի նկատմամբ այս մոտեցումների պարզ համադրությունը մի փաստ ցցուն է դարձնում, որ Ռուսաստանում այս կամ այն երկրի ապրանքի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերվում, երբ այդ երկիրն «իրեն լավ չի պահում»: Այս համատեքստում հետաքրքրական է «Հետք» կայքէջի երեկվա տեղեկատվությունը, որ սեպտեմբեր ամսին Ռուսաստանի տարածքում հայկական մի քանի ընկերությունների արտադրության սննդամթերքի վաճառքի վրա դրվել է խիստ հսկողություն:
Սեպտեմեբրի 5-ին խիստ հսկողություն է սահմանվել հայկական «Որդի Արմեն» ՍՊԸ-ի արտադրության կաթնամթերքի, իսկ սեպտեմբերի 13-ին` «ԲԱԿՍՍ» ՍՊԸ-ի ծովամթերքի վրա:
Հայկական երկու այլ ընկերությունների որոշ արտադրատեսակների վաճառքն այժմ պարզապես արգելված է: 2013թ. օգոստոսի 30-ից արգելանք է դրվել «Կոնստանտին եւ քույրեր» ՍՊԸ-ի, իսկ հուլիսի 15-ից` «ԳՈՍ» ՓԲԸ-ի արտադրության ծովամթերքի վրա` դրանցում վտանգավոր բակտերիաների առկայության հիմքով: Վերջին ընկերության արտադրանքի վրա դեռեւս խիստ հսկողություն է սահմանվել 2012թ. օգոստոսի 31-ին, ապա 2013թ. հունիսի 19-ին: Ի վերջո, ընկերության` Ռուսաստան արտահանած կենդանի խեցգետինների վաճառքն արգելվել է:
Այսինքն` տնտեսական պատժամիջոցները, որ գործադրվում են Մոլդովայի ու Վրաստանի հանդեպ, եւ որոնց միջազգային արձագանքը շատ բարձր է, գործում են նաեւ հայկական ընկերությունների պարագայում, բայց մի տեսակ սուսուփուս…