Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Չինաստանն անընդունելի է համարում պաղեստինյան խնդրի լուծումը ուժային ճանապարհով

Չինաստանն անընդունելի է համարում պաղեստինյան խնդրի լուծումը ուժային ճանապարհով:

Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում:

Չինացի դիվանագետի խոսքով՝ անհրաժեշտ է անհապաղ հասնել լարվածության թուլացման, թույլ չտալ լրացուցիչ զոհեր, պահպանել միջազգային իրավունքի նորմերը, ուղիներ ստեղծել տեղի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Նա ընդգծել է, որ Պեկինն աջակցում է միջազգային հանրության ջանքերի համախմբմանը և այդ հակամարտության կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին:

«Չինական կողմը կշարունակի աջակցել խաղաղ բանակցություններին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի առաջ քաշած սկզբունքներին համապատասխան»,- հավելել է Վան Ին:

Նա նշել է՝ ԱՄՆ-ը պետք է արդյունավետ, կառուցողական դեր խաղա, որպեսզի խնդիրը հնարավորինս սեղմ ժամկետներում լուծվի քաղաքական մեթոդներով: