Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Իմաստաբանական բառարան

Կուժ, քեզ ասեմ, կուլա, դու իմացիր

Ի՞նչ է նշանակում «Արցախը կորցրեցինք»: Ինչպե՞ս կարելի է հայրենիքը կորցնել: Հայրենիքը մանրադրա՞մ է, ի՞նչ է: Կորցնել կարելի է խիղճը, ամոթը, հիշողությունը… Մենք Արցախը տվեցինք…

Ինչո՞ւ մենք բառերն ու արտահայտություններն իրենց բուն իմաստներով չենք օգտագործում: Միգուցե հենց դրա համար էլ   ստեղծել ենք «ԲԱՌԻ  ԲՈՒՆ  ԻՄԱՍՏ» ու «ԲԱՌԻ  ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ  ԻՄԱՍՏ» կեղծ արտահայտություննե՞րը:

Ինչո՞ւ ենք մարդկության դեմ ուղղված՝ պետական ահաբեկչությունն ու բնաջնջումը  մեղմասացորեն  «էթնիկ զտում» անվանում: Ինչո՞ւ իրերն իրենց անուններով չենք կոչում:

Ասում ենք՝ «Արցախից հազարավոր փախստականներ ժամանեցին Հայաստան»: Ախր, ժամանում են գաստրալյորները, բիզնես կլասի տոմս ունեցող առանձնաշնորհյալ մարդիկ: Ժամանել կարող են  մեր գլխի տակ փափուկ բարձ դնելու կարողությամբ օժտված Նենսի Փելոսիները, ծայրագավառային այցելությունների շրջանակներում Հռոմի ստատուտի վրա թքած ունեցող Պուտինները, սակայն ոչ՝ փախստականները, բռնագաղթվածները:

Ի՞նչ է նշանակում «հանրահավաք հրավիրել»: Հանրահավաքը խաշկերո՞ւյթ է, ի՞նչ է,  գալա համե՞րգ է: Հանրահավաքը սթափության կոչ է, ահազանգ, ազգի համար ճակատագրական վճիռներ կայացնելու ժողով է, ոչ թե «գալչկա» դնելու առիթ:

Մենք կատարելության աստիճանի ենք հասցրել շարքային բառերով չարտահայտվող, սակայն շարադրանքի ներքին հնարավորություններով հարուստ Նորին գերազանցություն  ԵՆԹԱՏԵՔՍՏԻ լեզուն: Հույսներս դրել ենք «կուլիսային պատգամների»  միջոցով մեզ փոխանցվող խոստումների վրա: Հորինել ենք ակնարկների արտահայտման ձեւն ու  սիմվոլների լեզուն,   շփման բազմաթիվ այլ գաղտնալեզուներ ու ծածկալեզուներ: Մենք դիվանագիտական արտահայտչամիջոցին  բնորոշ  «շատ բան ասելով, ոչինչ չասելու»  լեզուն դարձրել ենք մեր առօրյա հաղորդակցության գործիքը:

Գերադասում ենք խոսել ունկնդրի ընկալունակությունը փորձության ենթարկելու լեզվով, հույս ունենալով, որ  ասելիքիդ  հասցեատերը վերջապես կհասկանա ազգի փրկության համար վճռական քայլի  անխուսափելիությունը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ