Երեւանում տեղի ունեցող Եվրոմիության Արեւելյան գործընկերության եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունեցել համաժողովի մասնակից պավիրակությունների ղեկավարների հետ: Առաջին հանդիպումն Արմեն Աշոտյանն անցկացրել է ՌԴ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Ալեքսանդր Կլիմովի հետ, որի ընթացքում քննարկել են միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնք, ըստ Արմեն Աշոտյանի, մտել են եզրափակիչ փուլ:
Նախարարն առանձնացրել է մի շարք հարցեր, որոնցից առաջինն առնչվել է Հայաստանում ռուսական գիմնազիա հիմնելու խնդրին: Գիմնազիայի նախագիծն արդեն պատրաստ է, ներկայումս ընթանում են համաձայնագրի քննարկումները: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ Ռուսաստանի` հայերով խիտ բնակեցված մի շարք շրջանների պետական դպրոցներում հայոց լեզվի ուսուցում կազմակերպելու հնարավորությանը: Նախարարը նշել է, որ Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցները ցանկություն են հայտնում, որ իրենց երեխաները հնարավորություն ունենան սովորելու հայերեն: Արմեն Աշոտյանը hույս է հայտնել, որ նախագծի իրականացումը կնպաստի նաեւ մշակութային բազմազանությանը: Անդրադառնալով Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գործունեությանը` նախարարը նշել է, որ հայաստանյան բուհերի շարքում Սլավոնականը գրավում է առաջատար դիրք` իր հետ բերելով կրթական նոր մակարդակ:
ՌԴ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Ալեքսանդր Կլիմովն իր հերթին կարեւորել է ՌԴ դպրոցներում հայոց լեզվի ուսուցում կազմակերպելու նախագծի իրականացումըՙ արտահայտելով նախարարության պատրաստակամությունը: Նրա խոսքով` ՌԴ-ում ընդունված կրթական ստանդարտները թույլ են տալիս ինչպես հիմնական դպրոցում, այնպես էլ նախադպրոցական հաստատություններում իրականացնել օտարալեզու դասընթացներ: Նախարարի տեղակալը նաեւ ընդգծել է, որ ՌԴ կառավարության համար գերակա է համապատասխան ֆինանսական աջակցություն ցուցաբերել հենց բուհերի ներսում իրականացվող այն գիտակրթական նախագծերին, որոնք հստակ արդյունք են տալիս: Ալեքսանդր Կլիմովը շեշտել է, որ Սլավոնական համալսարանը եւս կարող է հայտ ներկայացնել` մասնակցելու վերոնշյալ ծրագրերին:
Հանդիպմանը ներկա Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն իր հերթին ընդգծել է, որ կրթության որակով համալսարանն այսօր կարող է մրցել Ռուսաստանի բարձրակարգ բուհերի հետ, եւ կոչ արել միջկառավարական մակարդակում որոշակի աջակցություն ցուցաբերել գիտահետազոտական ծրագրերին` Ռուսաստանի գիտության բնագավառում հայկական գիտական մտքի ընթացքն ապահովելու համար: