ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը չի ցանկանում որևէ տեսակետ հայտնել Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։
«Ես ոչ մի բան չեմ ուզում ասել՝ առավել ևս «Ազգ» օրաթերթին։ Կներեք էլի, իհարկե»,- Azg.am-ի թղթակցի հարցը լսելուն պես ասաց իշխանական պատգամավորը։
Արման Եղոյանն այնուհետև ճշտեց՝ արդյոք առաջին անգամ է շփվում մեր լրատվամիջոցի ներկայացուցչի հետ և բացասական պատասխան ստանալուց հետո, փորձեց վերհիշել՝ երբ է մեզ հետ առնչվել։ Սրանով պատգամավորը զրույցը եզրափակեց։
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը երեկ համոզմունք էր հայտնել՝ Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշի պատճառն այն է, որ քաղաքացիները համոզված են եղել՝ ՔՊ-ն է հաղթելու։ Լրագրողների հետ զրույցում Պապոյանը միաժամանակ բացառել էր Երևանի ավագանու ընտրություններրում իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը:
Մեկ բնակարանում 50 հնդիկ հաշվառելու կոնկրետ դեպքի մասին էլ Պապոյանը նշել էր՝ եթե Հնդկաստանից 50 հոգի եկել է Հայաստանում աշխատելու, չպե՞տք է արդյոք, որ նրանք մի տեղ գրանցված լինեն:
Հիշեցնենք նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հավաքել անհրաժեշտ ձայների 50+1 տոկոսը, որպեսզի ընտրական ցուցակի առաջին համարը՝ Տիգրան Ավինյանը օրենքի ուժով դառնա քաղաքապետ։ Իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է կոալիցիա։
Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ անցողիկ շեմը հաղթահարել են 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 75 հազար 463 ձայն կամ մասնակիցների 32․57 տոկոս, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 43 հազար 765 ձայն կամ մասնակիցների 18․89 տոկոս, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 35 հազար 739 ձայն կամ մասնակիցների 15․43 տոկոս, «Հանրապետություն» կուսակցություն՝ 26 հազար 236 ձայն կամ մասնակիցների 11․32 տոկոս, «Հանրային ձայն» կուսակցություն՝ 22 հազար 431 ձայն կամ մասնակիցների 9․68 տոկոս։