Մինչեւ վերջերս, ըստ Տորոնտոյից ստացված հաղորդագրության, շարունակվում էին Ռիֆատ Բալիի նորագույն գրքի ներկայացման արարողությունները Մ. Նահանգներում եւ Կանադայում: Մերձավոր Արեւելքի երկրներում կատարվող իրադարձությունների ֆոնի վրա նրա վերջին գիրքըՙ «Model Citizens of the State: The Jews of Turkey During the Multi-Party Period (Fairlergh Dickinson University Press, 2012) («Պետության տիպար քաղաքացիները. Թուրքիայի հրեաները երկրի բազմակուսակցական ժամանակաշրջանում»), Թուրքիայում ապրող հրեաների պայքարն է նկարագրում իրենց սահմանադրական իրավունքների համարՙ 1950-ական թվերից մինչեւ մեր օրերը:
Գրքում, բացի հակասեմական երեւույթների եւ դրանց նկատմամբ թուրքական կառավարության դիրքորոշման նկարագրություններից, ներկայացված են նաեւ մանրամասներ, թե ինչպես են թուրքաբնակ հրեաների ղեկավարները ներգրավվում ԱՄՆ Կոնգրեսում հայերի ցեղասպանության ճանաչման դեմ մղված թուրքական քարոզչական արշավի մեջ: Ընդհանուր առմամբ գիրքը նաեւ խոր ուսումնասիրության է ենթարկում Թուրքիայում ապրող փոքրամասնությունների վիճակը:
«The Donme: Jewish Converts, Muslim Revolutionaries and Secular Turks» «Դյոնմեները. հրեա հավատափոխները, մահմեդական հեղափոխականները եւ աշխարհիկ թուրքերը») գրքի հեղինակ Մարկ Դեյվիդ Բայերը, անդրադառնալով Բալիի գրքին, ասել է. «Այս խիստ ինքնատիպ հատորի հրատարակությամբ Ռիֆատ Բալին իրեն հաստատում է որպես Թուրքիայում ապրող հրեաների մասին լավ տեղեկացված հեղինակություն»: Իսկ Վանդերբիլտ համալսարանի արդի հրեական պատմության մասնագետ, պրոֆեսորի օգնական Ջուլիա Ֆիլիպս Քոհենը գրել է. «Հատորը լրջորեն ուսումնասիրված, հստակ ձեւակերպված է եւ համոզիչ փաստարկներով հագեցած: Թուրքիայում ապրող հրեաների հարաբերությունների (ժամանակակից Թուրքիայի բնակիչների եւ ղեկավարների հետ) բարդ պատմությունը վարպետորեն է ներկայացված եւ բացահայտում է այն լարախաղացի դերը, որ հրեաները հաճախ կատարել են երբեմն զոհի, կասկածյալի, երբեմն էլ տիպար փոքրամասնության կերպարն ստանձնելով: Գիրքը երկար ժամանակ կօգտագործվի որպես հիմնավոր աղբյուրագիտական աշխատանք»:
Բալին անկախ գիտաշխատող էՙ մասնագիտացած հատկապես Թուրքիայում ապրող հրեաների պատմության գծով: Թղթակից անդամ է «Ալբերտո-Բենվենիստ» հրեական ուսումնասիրությունների կենտրոնի (Սորբոնի համալսարանին կից): 2009-ին արժանացել է այդ կենտրոնի մրցանակին: «Զորյան ինստիտուտի» Հայ դատի կոմիտեի, Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի (ՆԱԱՍՐ), ԹՄՄ-ի, Դպրեվանքի սաների միության, Պոլսահայերի կենտրոնի, ՀԲԸՄ-ի եւ այլ կազմակերպությունների աջակցությամբ հոկտեմբեր ամսին նա ներկայացել է Կոլումբիա համալսարանում (Նյու Յորք), Սբ Լեւոն հայկական եկեղեցում, Բրուքլինի հանրային գրադարանում եւ այլ վայրերում: