Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

2–րդ, 5–րդ և 7–րդ դասարանցիները դասագրքեր չունեն

Նոր ուսումնական տարին մեկնարկեց, իսկ Հանրապետության դպրոցներում 2–րդ, 5–րդ և 7–րդ դասարանցիները դասագրքեր չունեն։

 Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ այդ դասարաններում  հանրակրթության պետական չափորոշիչներ են  ներդրվում, որոնք նախապես կիրառվել են Տավուշի դպրոցներում։ Նոր չափորոշիչների պատճառով դասագրքրեը փոփոխվել են, դրանց տպագրությունը մինչև նոր ուսումնական տարի, նախարարությունը չի հասցրել  իրականացնել։

2–րդ , 5–րդ և 7–րդ դասարանների  դասագրքերն այս տարի ուշ կհասնեն դպրոցներ։ Դրանք դեռևս տպագրության փուլում են։  

Դասագրքերի մրցույթը հայտարարվել էր դեռեւս անցյալ տարի, ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է: Մրցույթն ամփոփվել է հունիսի 1-ին։

Ներկայացված հայտերն ուղարկվել են փորձաքննության: Դրական եզրակացություն ստացած դասագրքերը երաշխավորվել են գործածության, ցանկը հաստատվել է նախարարի հրամանով:

Փոխնախարար Արաքսյա Սվաջյանը 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանցիներին առաջարկում է օգտվել դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից, որոնք հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում եւ ուսուցիչների էլեկտրոնային մատյաններում։

 Դրական եզրակացություն ստացած և նախարարի հրամանով հաստատված նոր դասագրքերն այժմ տպագրության փուլում են: Սակայն ուսումնական տարվա սկզբին դասագրքերի տպագրման աշխատանքները դեռեւս ավարտված չեն, քանի որ սահմանված ընթացակարգերը նաև որոշակի ժամանակ են պահանջում:

«Յուրաքանչյուր ուսուցիչ էլեկտրոնային մատյանի համապատասխան էջում կարող է տեսնել էլեկտրոնային դասագրքի հղումը: Դրանք որոշ ժամանակ կփոխարինեն դասագրքերի թղթային տարբերակներին. օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ բոլոր դպրոցների տնօրեններին հանձնարարվել է նոր ստեղծվող դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից մի քանի օրվա թեմաների նյութերը տպագրել եւ տրամադրել աշակերտներին մինչեւ նոր դասագրքերի տպագրումը: Իհարկե, աշակերտները նույնպես կարող են էլեկտրոնային դասագիրքը ներբեռնել»,-ասել է փոխնախարարը։