Սկիզբը` նախորդ համարում
«ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՐՑԻ»
Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում կամավորներն արդեն հասցրել էին ներկել բակի նստարանները եւ պատրաստվում էին ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ համերգի:
Ճամբարի ղեկավար ՄԱՐԻԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, որը Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողուհի է, արդեն երկու տարի է կամավորությամբ է զբաղվում: Անցած տարի եղել է արտասահմանյան ճամբարում, այս տարի առաջարկ է ստացել լինել հայրենիքում՝ ճամբարի ղեկավար:
«Մեծ սիրով ընդունեցի առաջարկը, որովհետեւ մտածում եմ, որ իմ աշխատանքով թեկուզ փոքր, բայց ինչ-որ գործ եմ անում Հայաստանի համար, ինչը շատ կարեւորում եմ», – ասաց Մարիամը եւ նշեց, որ արտասահմանյան ճամբարից լավ ընկերներ է ձեռք բերել, հետեւաբար լիահույս է, որ այս ճամբարից էլ լավ ընկերներ կունենա:
Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում կան 4 հայ եւ 13 արտասահմանցի կամավոր, որոնք ժամանել են Իսպանիայից, Մեքսիկայից, Չեխիայից:
«Ֆիզմաթ դպրոցի ճամբարն այս տարի ամենամեծն է կամավորների թվաքանակով: Մենք օրվա առաջին մասը կատարում ենք վերանորոգման ու ներկման աշխատանքներ՝ տաղավարների, նստարանների, իսկ ճաշից հետո դպրոցի 15-16 տարեկան աշակերտների հետ սպորտային եւ ինտելեկտուալ խաղեր ենք խաղում: Նաեւ պատրաստվում ենք համերգի՝ դպրոցի երեխաների հետ: Համերգի խորագիրը լինելու է «Միասին՝ հանուն խաղաղության»: Տարբեր ազգությունների կամավորներն էլ գիտակցում են, որ խաղաղության կարիք ունենք բոլորս: Այդ համերգով փորձելու ենք հնարավորինս ցույց տալ, որ անկախ բոլոր տարաձայնություններից, անկախ մշակույթների տարբերությունից, պետք է ամեն ինչ անել՝ խաղաղ ապրելու համար», – շեշտեց ճամբարի պետը:
Այս ճամբարում եւս արտասահմանցի կամավորներին հայերը զարմացրել են իրենց խոհարարական հմտություններով՝ պատրաստելով ոչ միայն տոլմա, այլեւ ժինգյալով հաց ու սպաս:
Իսկ իսպանացի ԱԼԵՔՍ ՌՈՒԻՍ ԿԱՄՊՈՍՆ ասաց, որ իրեն շատ դուր է գալիս այս ճամբարում, որովհետեւ կազմակերպիչները մեծ պատասխանատվությամբ են մոտենում յուրաքանչյուր հարցի:
«Այստեղ հարաբերություններն ամենեւին էլ կազմակերպիչ ու կամավոր տրամաբանության մեջ չեն, այլ անչափ ընկերական են», – նկարագրեց իսպանացի կամավորը:
Ինչ վերաբերում է Ֆիզմաթ դպրոցի աշակերտների հետ շփումներին, Ալեքսն ասաց, որ եթե առաջին օրը կար կաշկանդվածություն, ապա երկրորդ օրվանից արդեն նույնիսկ էմոցիաներով էին միմյանց հասկանում ու հաղորդակցվում:
Իսպանիայից էր ժամանել նաեւ կամավորներից ԿԼԱՐԱ ՄԱՐՏԻՆԵՍ ԴԵ ՄԱԿԵԴՈՆ: Նա օգտվելով առիթից՝ ասաց, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել, որ իրեն հնարավորություն տրվեց մասնակցել այս ճամբարին Հայաստանում:
«Շատ մեծ ցանկություն ունեի այլ մշակույթի հետ առնչվելու, նոր մարդկանց ճանաչելու եւ Հայաստան գալը լիովին տեղավորվում էր իմ ցանկությունների շրջանակում, որովհետեւ հաճախ չէ, որ չենք լսում այստեղի մասին եւ ինձ շատ հետաքրքիր է»,- նշեց Կլարան:
Կլարան առանձնահատուկ կարեւորեց հայկական մշակույթը, խոհանոցը, քաղաքային կառույցը: Նա իր հետ կտանի ոչ միայն հիշողություններ այս ամենի մասին, այլեւ լուսանկարներ, որոնք ցույց կտա իր հայրենակիցներին եւ կասի, թե ինչ հիանալի երկրում է եղել:
«ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՎԵԼԻ ՀԱՆԳԻՍՏ ԵՎ ՀԱՃԵԼԻ Է ԱՆՑՆՈՒՄ»
«Հանրապետական Մանկական վերականգնողական կենտրոն»-ում եւս կան հայ եւ օտարերկրացի կամավորներ: Այստեղ ամեն ինչ հիշեցնում է HUJ-ի մասին՝ սկսած փոքրիկների համար ստեղծված «Երջանկության սենյակից», որի գաղափարը Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբինն է եւ խաղահրապարակից ու մասնաշենքից, որը եւս վերանորոգվել է շտաբի միջոցներով:
Աշխատանքային գործիքներով զինված՝ երգելով ու պարելով կամավորները վերադառնում էին կենտրոնի հարակից տարածքում աշխատելուց, երբ հանդիպեցինք նրանց:
Ճամբարի ղեկավար ԿԱՐԻՆԵ ԱՆԴՐՅԱՆԸ, որը սովորում է Բժշկական համալսարանի 4-րդ կուրսում, ասաց, որ երկու կամավորական ճամբարի է մասնակցել, երկուսն էլ հենց այս կենտրոնում, որովհետեւ շատ է հավանում երեխաների հետ աշխատանքը:
«Ունենք 5 հայ եւ 8 արտասահմանցի կամավոր: Սկզբում մտավախություն կար, թե ինչպես ենք շփվելու երեխաների հետ, բայց հետո հենց առաջին րոպեից, երբ սկսեցինք խաղալ երեխաների հետ, զգացինք, որ որքան էներգիա մենք ենք իրենց տալիս՝ կրկնակին իրենք են մեզ վերադարձնում: Աշխատում ենք բավականին խիտ գրաֆիկով: Առավոտից մինչեւ ժամը 17:00-ն մեր կամավորները հերթափոխով մասնակցում են երեխաների հետ անցկացվող թերապիաներին, իսկ մյուս մասը աշխատում է բակում, վերանորոգում խաղահրապարակը: Իսկ ժամը 17:00-ից հետո խաղում ենք երեխաների հետ», – մանրամասնեց Կարինեն՝ հավելելով, որ ամեն մի թերապիայի ժամանակ ներկա է լինում բժիշկ, որին օգնում են կամավորները:
Ի դեպ, պարզվում է՝ կամավորները ճամբարի վերջին օրը պատրաստել են համերգ՝ կենտրոնի երեխաների հետ համատեղ:
«Հանրապետական Մանկական վերականգնողական կենտրոն»-ում զրուցեցինք նաեւ ՎԻԿՏՈՐԻԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ փոքրիկ Վահագնի մայրիկի հետ. «Արդեն այս կենտրոնի մշտաբնակ մայրիկներից եմ, հինգ տարի է հաճախում ենք եւ ամեն տարի ունենում կամավորականների խմբեր, որոնց հետ ժամանակն ավելի հանգիստ եւ հաճելի է անցնում: Երեխաներին խաղացնում են, ուրախացնում, կազմակերպում ժամանցը»:
Տիկին Վիկտորիան վստահեցրեց, որ օտարերկրացի եւ հայ կամավորները երեխաների հետ շատ լավ լեզու են գտնում:
«Մայրիկներով շատ զարմացած ենք իրենց աշխատանքից, կամավորներն ամբողջ տարածքն այնպես են մաքրել, որ նույնիսկ աղբի մի կտոր չես գտնի: Շատ հաճելի է, որ օտարերկրացիները կարող են այդքան ջանք ու եռանդ ներդնել: Ավելին՝ լողավազանում տղաս կամավորներից մեկի օգնությամբ է լողացել: Մտածում էի՝ կարող է խնդիր առաջանա, անծանոթ է, բայց ամեն ինչ շատ լավ անցավ, իրենք սիրեցին իրար», – պատմեց փոքրիկ Վահագնի մայրիկը:
Իսպանիայից ժամանած կամավորներ ՋԻՆԱ ՍԱՆՉԵՍ ՊՐԵՎՍՏԻՆ ու ՄԻԳԵԼ ՊՈՒԻՔ ԷՍԿՈԲԱՐԸ տպավորված են ոչ միայն «Հանրապետական Մանկական վերականգնողական կենտրոն»-ում իրականացվող աշխատանքներով եւ երեխաների հետ շփումներով, այլեւ հայկական ավանդույթներով: Այնքան են հավանել Գեղարդում տեսած հայկական հարսանեկան արարողությունը, որ ճամբարում նույնիսկ ամփոփիչ միջոցառման ժամանակ՝ հանդես եկան հարս ու փեսայի դերակատարմամբ: Նրանք պնդում են, որ երբեք չեն մոռանա լավաշի ու մեղրի, աման կոտրելու եւ հարսանեկան հայկական այլ ավանդույթները:
«Ես սոցիալական աշխատող եմ եւ հիմնականում աշխատում եմ այն մարդկանց հետ, որոնք ենթարկվել են սեռական բռնության, կամ այն երեխաների, որոնց ծնողները լքել են: Որոշեցի Հայաստան գալ, որպես կամավոր, որովհետեւ անցած տարի Վրաստանում հանդիպել էի երկու հայ աղջիկների, որոնք շատ ոգեւորված պատմեցին Հայաստանի մասին: Երեխաների հետ այստեղ շատ հիանալի է անցնում, չեմ տեսել մի երեխա, որն ինքն իր վրա չաշխատի», – նշեց Ջինան:
Իսկ Միգելն Իսպանիայում սովորել է էլեկտրամեխանիկա: Իսկ թե ինչու որոշեց գալ Հայաստան՝ կամավորության համար, տվեց ուշագրավ պատասխան:
«Ավելի արդար է գալ այն երկիրը, որն ավելի քո օգնության կարիքն ունի, քան ընտրել որեւէ եվրոպական երկիր, որտեղ իրականում օգնություն այդքան էլ պետք չէ: Ուզում էի, որ իմ կատարած աշխատանքը պետքական լինի: Ասեմ, որ կենտրոնի երեխաները շատ ջերմ ընդունեցին մեզ, թեպետ մեծ մասն անգլերեն չի հասկանում: Բայց իրենք այնպիսի քայլեր էին անում, որ հենց առաջին րոպեներից շփումը ստացվեց: Ես հիացած եմ այս երեխաների կամքի ուժով», – ասաց Միշելը:
Ե՛վ Ջինան, ե՛ւ Միշելը հաստատակամ են իրենց որոշման մեջ, որ անպայման վերադառնալու են Հայաստան ու նույնը խորհուրդ են տալու բոլորին:
Ի դեպ, Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի վարչության նախագահ ՍՏԵՓԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ ամփոփելով ճամբարականների կատարած աշխատանքը՝ կամավորներին պարգեւատրել է պատվոգրերով, իսկ բուժվող երեխաներին հանձնել ՖԻՖԱ-ի լոգոյով շապիկներ:
«Շնորհակալ եմ բոլոր ճամբարների մեր մշտական հովանավոր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամին: Շնորհակալ եմ նաեւ կամավորներին՝ իրենց կատարած լավ աշխատանքի համար: Իրականում բոլորն էլ մեծ գործ են իրականացրել: Ինձ թվում է՝ բոլորս իրենցից պետք է գոհ լինենք»,- ընդգծեց պարոն Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբը հիմնադրվել է 1965 թ. եւ հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային կամավորական ծառայության համակարգող կոմիտեի ու Եվրոպայի կամավորական ծառայությունների Ալյանսի անդամ: