Մկրտչյաննՙ արծաթե, Արոնյանըՙ բրոնզե մեդալակիր
Վարշավայում վերջնագիծը հատեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Ցավոք, Հայաստանի հավաքականներին չհաջողվեց մրցանակակիր դառնալ, թեեւ դրա հնարավորությունն ունեին: Հատկապես ցավալի է մեր տղամարդկանց հավաքականի արդյունքը, որը միայն լրացուցիչ գործակիցներով արծաթե եւ բրոնզե մեդալները զիջեց համապատասխանաբար ֆրանսիացիներին եւ ռուսներին, որոնց հետ վաստակել էր հավասարՙ 13 միավոր: Իսկ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ադրբեջանի հավաքականը, որը մրցաշարն անցկացրեց առանց պարտությանՙ 9 մրցախաղերում վաստակելով 14 միավոր:
Վիճակահանության քմահաճույքով մրցաշարի ավարտական տուրում միմյանց հետ մրցեցին Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները, որոնց մրցավեճում էլ որոշվելու էր Եվրոպայի չեմպիոնը: Մեր շախմատիստներին միայն հաղթանակ էր անհրաժեշտ, ինչը տոնել չհաջողվեց: Գրանցվեց մարտական ոչ-ոքի, ընդ որում բոլոր 4 պարտիաներում էլ մրցակիցները հաշտություն կնքեցին: Միավորը կիսեցին Արոնյանն ու Մամեդյարովը, Մովսիսյանն ու Ռաջաբովը, Հակոբյանն ու Մամեդովը, Սարգսյանն ու Հուսեյնովը:
Իսկ մինչ այդ, 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթել էր ռուսներին: Մեր թիմի հաղթանակն ապահովել էր Գաբրիել Սարգսյանըՙ պարտության մատնելով Եվգենի Տոմաշեւսկուն: Արոնյան-Գրիշչուկ, Մովսիսյան- Սվիդլեր, Հակոբյան-Մորոզեւիչ պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի:
8-րդ տուրում էլ մեր շախմատիստները ոչ-ոքի էին խաղացել ֆրանսիացիների հետ: Արոնյանը հաղթել էր Էթիեն Բաքրոյին, Մովսիսյանը պարտվել էր Մաքսիմ Վաշիե-Լագրավին, Հակոբյան-Էդուարդ, Սարգսյան-Տկաչով մրցախաղերն ավարտվել էին ոչ-ոքի:
Այսպիսով, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 13 միավորով գրավեց 4-րդ տեղը: Մեր ընտրանին տոնեց 5 հաղթանակ, 3 խաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց մեկ պարտություն:
Մեր թիմի կազմում բոլորից հաջող հանդես եկավ Լեւոն Արոնյանը, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: Նա 1-ին խաղատախտակի վրա ցույց տված արդյունքով պարգեւատրվեց բրոնզե մեդալով: Գաբրիել Սարգսյանը 9 պարտիաներում թիմին 5,5 միավոր պարգեւեց: Սերգեյ Մովսիսյանը համեմատաբար թույլ հանդես եկավՙ 9 հնարավորից վաստակելով 4 միավոր: Հաջող պայքարի մեջ մտավ Վլադիմիր Հակոբյանը, որն անցկացրած 5 պարտիաներում անպարտելի էր ու թիմին 3 միավոր պարգեւեց: Տիգրան Պետրոսյանը 4 մրցախաղում 1,5 միավոր վաստակեց:
Հայաստանի կանանց հավաքականը 12 միավորով գրավեց 5-րդ տեղը: Մեր շախմատիստուհիները 7-րդ տուրում 3-1 հաշվով հաղթեցին Լեհաստանի հավաքականին: Դանիելյանը, Մկրտչյանն ու Գալոյանը հաղթեցին համապատասխանաբար Աննա Իվանովային, Կլաուդիա Վիշնյովսկային եւ Մարիոլա Վոզնիակին, իսկ Կուրսովան պարտվեց Օլիվիա Կիոլբասային:
8-րդ տուրում ՀՀ հավաքականը մրցեց մրցաշարի առաջատար ուկրաինուհիների հետ, որոնք հաղթելով 3-1 հաշվով, ժամկետից շուտ Եվրոպայի չեմպիոն հռչակվեցին: Մկրտչյանն ու Կուրսովան հաշտություն կնքեցին համապատասխանաբար Աննա Ուշենինայի եւ Նատալյա Ժուկովայի հետ, Դանիելյանն ու Գալոյանը պարտվեցին Կատերինա Լահնոյին եւ Մարիա Մուզիչուկին:
Ավարտական մրցախաղում մեր հավաքականը ոչ-ոքի խաղաց հունգարուհիների հետ: Մեր թիմից հաղթեցին Մկրտչյանն ու Գալոյանը, որոնք խաղում էին համապատասխանաբար Անիտա Գարայի եւ Պետրա Պապի հետ: Իսկ Դանիելյանն ու Կուրսովան պարտվեցին համապատասխանաբար Տրանգ Հոանգին եւ Աննա Ռուդոլֆին:
Այսպիսով, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Ուկրաինայի հավաքականը վաստակեց 15 միավոր: 14-ական միավորով արծաթե եւ բրոնզե մեդալները նվաճեցին Ռուսաստանի եւ Լեհաստանի հավաքականները: 12 միավորով 4-րդ տեղում Վրաստանի հավաքականն է:
Կանանց հավաքականի կազմում գերազանց հանդես եկավ Լիլիթ Մկրտչյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավորՙ մնալով անպարտելի: Նման արդյունքի, սակայն 8 հնարավորից, հաջողվել էր հասնել միայն ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկին: Վերջինս էլ 2-րդ խաղատախտակի վրա արժանացավ ոսկե մեդալի, իսկ Լիլիթը պարգեւատրվեց արծաթե մեդալով: Լիլիթ Գալոյանը 9 հնարավորից թիմին 6 միավոր պարգեւեց: Դանիելյանը 8 պարտիաներում 5 միավոր վաստակեց, Կուրսովան 9 հնարավորից իր օգտին 4,5 միավոր գրանցեց: Աննա Հայրապետյանի արդյունքն է 1 միավոր անցկացրած մեկ պարտիայում: