Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Վ. Պ.

Նոյեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկա են գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը:

Հանդիսավոր արարողության ավարտից հետո Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքն ու Հայաստան այցելելու հրավերը:

Գեորգի Մարգվելաշվիլին գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Վրաստանի բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ երկուստեք ջանքերով հնարավոր է դրանք առավել խորացնել եւ ամրապնդել:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական երկկողմ հարաբերություններին, տնտեսական համագործակցությանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին, միջխորհրդանական փոխգործակցությանը, ինչպես նաեւ վիրահայությանը առնչվող հարցեր:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Արմեն Մովսիսյանը հանդիպել են Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ:

Հանդիպումներին ներկա է եղել Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Նոյեմբերի 17-ի առավոտյան տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Մայա Փանջիկիձեի առանձնազրույցը, անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին: