ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից օրենքի սխալ մեկնաբանության եւ անօրինական ու ձեւական պահանջներ առաջադրելու հետեւանքով բազմաթիվ տնտեսվարողներ լուրջ ֆինանսական վնասներ են կրում, իսկ որոշները նույնիսկ հայտնվել են սնանկացման վտանգի առաջ:
Հարկային օրենսդրությունը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին, շրջանառության հարկ վճարող լինելով հանդերձ, ներկայացնել հայտարարություն եւ ձեռնարկատիրությամբ զբաղվել որպես ԱԱՀ վճարող: Ընդ որումՙ օրենսդրությամբ նախատեսված է հայտարարության երկու ձեւՙ ԱԱՀ վճարող համարվելու եւ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին, որոնց ուսումնասիրությունը վկայում է, որ բովանդակային առումով դրանք էապես չեն տարբերվում: Հիմք ընդունելով այն փաստը, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` շրջանառության հարկ վճարող չեն կարող համարվել այն անձինք (ֆիզիկական անձինք), ում միաժամանակ պատկանում է երկու կամ ավելի առեւտրային կազմակերպության 20 տոկոս եւ ավելի բաժնեմասերըՙ բոլոր այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերի թվում եղել է այդպիսի ֆիզիկական անձ, բացառել են իրենցՙ շրջանառության հարկ վճարող լինելու հանգամանքը, արդեն իսկ իրենց համարել են ԱԱՀ վճարող եւ 2013 թվականի սկզբում հայտարարություն են ներկայացնել որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին:
Սակայն ըստ Պետական եկամուտների կոմիտեիՙ այդ կազմակերպությունները պետք է ներկայացնեին ԱԱՀ վճարող համարվելու, այլ ոչ թեՙ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին հայտարարություն: ՊԵԿ-ի հավաստմամբՙ այդ կազմակերպությունները հանդիսանում են շրջանառության հարկ վճարող եւ սխալմամբ են իրենց համարել ԱԱՀ վճարող, ինչի պատճառը եղել է օրենքում գրված «անձինք» բառի սխալ մեկնաբանությունը:
Այս ձեւական պահանջի չպահպանման հետեւանքով ՊԵԿ-ը տնտեսվարողներին պարտադրում է վճարել թե՛ ԱԱՀ-ի գումարները եւ թե՛ շրջանառության հարկըՙ տույժերով ու տուգանքներով: Մինչդեռ, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայնՙ վարչական մարմնին արգելվում է միայն ձեւական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որեւէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:
Այնուամենայնիվ, նույնիսկ եթե համարենք, որ այդ երկու հայտարարությունների տարբերությունն էական է, ապա այդ դեպքում եւս օրենքը տնտեսվարողների օգտին է, քանի որ նրանք ճիշտ են մեկնաբանել այնՙ փաստորեն հրաժարվելով առավել բարենպաստ հարկային ռեժիմով աշխատելու հնարավորությունից: Խնդիրն այն է, որ անձինք բառը մեկնաբանելիս ՊԵԿ-ը բացառապես առաջնորդվում է իրավական ակտի տառացի մեկնաբանման պահանջով, սակայն այդ մոտեցումը ճիշտ չէ, քանի որ մեկնաբանության միայն այդ մեթոդի կիրառման դեպքում օրենքի բազմաթիվ դրույթներ կդառնան անհեթեթ, որոշ դրույթներ բովանդակային առումով կկրկնեն միմյանց, ինչպես նաեւ կխեղաթյուրվի օրենքի ընդունման նպատակըՙ աջակցելու մանր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
Ի վերջո, եթե նույնիսկ օրենքի նշված դրույթը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս, ապա այս դեպքում եւս դրա կիրառումը չպետք է այդպիսի բացասական տնտեսական հետեւանքներ առաջացնի տնտեսվարող սուբյեկտների եւ, որպես արդյունք, տվյալ դեպքում նաեւ` երկրի գործարար միջավայրի եւ տնտեսական անվտանգության համար, քանի որ եթե ՀՀ հարկային օրենսդրության դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են, ինչպես նաեւ հարկային եւ (կամ) մաքսային մարմինների կողմից կիրառվում են հարկ վճարողի օգտին («Հարկերի մասին» ՀՀ օրենք):
Մարդու իրավունքների պաշտպանը լիահույս է, որ խնդիրն արդարացի կարգավորում կստանա ՀՀ վարչապետի հանձնարարականով, ում արդեն իսկ գրությամբ ահազանգվել է ստեղծված իրավիճակի եւ տնտեսվարողների զանգվածային դժգոհության մասին: