Պաշտոնական Ստեփանակերտը թեեւ նշում է, որ այս պահին Ակնայի ճանապարհով Բաքվի հետ առեւտուր անելու որոշում չունի, բայց չի էլ հերքում, որ դա ինչ-որ փուլում կարող է իրականություն դառնալ:
«Արայիկ Հարությունյանը օգոստոսի 22-ին եւ 23-ին փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական եւ հանրային շրջանակների հետ: Իշխանության մոտեցումները նախագահը կներկայացնի առաջիկայում»,- հավելում է Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
Ակնայով հաղորդակցվելու մասին Բաքուն խոսում է տեւական ժամանակ: Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն այն համոզմանն է, որ Արցախի՝ Ադրբեջանի հետինտեգրման գործընթացը սկսվել է այն բանից հետո, երբ նախորդ տարի Պրահայում Փաշինյան-Ալիեւ-Մակրոն եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դավթյանի խոսքով՝ Բաքվի հետ անհնար է որեւէ տեսակի հարաբերություն հաստատել: «Ազգ»-ի հետ զրույցում Դավթյանն ասում է՝ վայ-հարեւանները խաղաղ ապրելու ցանկություն, էլ ուր մնաց մտադրություն եւ տեսլական չունեն: «Այս գործընթացներն ավելի են ահագնանալու եւ արագանալու: Ինտեգրման հարցում, ցավոք, արցախյան վերնախավը գլուխը խոնարհողի ու պայմաններն ընդունելողի դերում է: Ադրբեջանցիների հետ անհնար է խաղաղ ու հաշտ ապրել կողք կողքի: Հարեւանների բառապաշարում ու մտածելակերպում հայերի նկատմամբ անհանդուրժողականությունը սահման չի ճանաչում: Նրանք գենետիկ ատելություն ունեն հայերի նկատմամբ, ու կապ չունի՝ հայերն Արցախում են ապրում, թե՞ այլ տեղ: Դա նրանց մոտ արմատացած է ավելի քան երեսուն տարի,- մեկնաբանում է ադրբեջանագետն ու ավելացնում,- Մյուս կողմից՝ ադրբեջանցիները միշտ խոսում են այն մասին, որ Հայաստանում իշխանության են ուզում գալ ռեւանշիստները, մեր դեպքում՝ հայրենասեր ու ազատագրող մարդիկ»:
Ադրբեջանի նախագահը չի էլ թաքցնում, որ իր նպատակը հայերի ու հայկական պետության ոչնչացումն է, հետեւաբար իրատեսական չէ, որ ժամանակի հետ ադրբեջանցիներն առավել հանդուրժող դառնան:
Խաղաղասիրական չեն անգամ խաղաղության մասին ադրբեջանական պատկերացումները: Ալիեւի կառավարման շրջանում առնվազն երկու սերունդ մեծացել է հայերին ատելու մթնոլորտում ու դա բազմիցս ապացուցվել է՝ սկսած Սաֆարովից, որ առավել ցայտուն օրինակ է մինչեւ 44-օրյա պատերազմ: «Պատերամի ժամանակ դեպքեր գիտենք, չէ՞, ինչպես են խաղաղ բնակչությանը սպանել, մորթել եւ այլն: Այդ մարդկանց ուղեղում նստած է, որ հայերը վատն են, ու դա արել են ֆիլմերով, մուլտերով, կեղծ պատմություններով ու այլ մեխանիզմներով: Հիմա փորձել մեզ ատող մարդկանց համոզել, թե հայերն այդպիսին չեն, հնարավոր չէ»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:
Դավթյանն առավել քան վստահ է նաեւ, որ Ադրբեջանը չի ազդվել ու չի ազդվելու միջազգային ատյանների՝ խաղաղության հորդորներից: Ըստ նրա՝ հայերի նկատմամբ, մեղմ ասած, բացասական վերաբերմունքն ու ընկալումներն առնվազն առաջիկա տասնամյակներին չեն փոխվելու:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ