Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ շրջափակման աքցանի մեջ, որի հետեւանքով իսկական հումանիտար աղետ է հասունանում, սակայն Բաքուն մտադիր չէ սպասել եւ հույս ունի Երեւանին վերջնական կապիտուլյացիա պարտադրել արդեն ռազմական ճանապարհով: Օգոստոսի 22-ին «Պոլիտնավիգատոր» լրատվական կայքում հրապարակված իր հոդվածում այսպիսի վատատեսական կանխատեսում է անում այդ կայքի միջազգային մեկնաբան, ղազախստանցի քաղաքագետ, հասարակական գործիչ Այնուր Կուրմանովը:
Օգոստոսի 16-ին Հայաստանի լիբերալ իշխող վերնախավը փորձեց օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնը՝ արտակարգ նիստում լուսաբանելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման թեման, գրում է նա, բայց ձեռնարկի արդյունքը ձախողումը եղավ. չընդունվեց անգամ ամփոփիչ հայտարարություն, էլ չխոսելով բանաձեւի մասին: Սա, նկատում է քաղաքագետը, կոշտ սթափեցում է երկար տարիների պաշտոնական այն քարոզչությունից հետո, թե ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Հայաստանի անվտանգության ինչ-որ երաշխավորներ են ու անպայման օգնության կգան ԼՂՀ բնակչությանը: Եվ հիմա արեւմտյան տերությունները թքած ունեն, որ չճանաչված հանրապետության 120 հազար բնակչի կործանում է սպառնում: Մինչդեռ դա էր 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում հակառուսական «խառնաժողովի» բանակցությունների հիմնական գաղափարը, երբ ԵՄ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդները երդվեցին Նիկոլ Փաշինյանին, որ թույլ չեն տա հայերի ցեղասպանություն:
Տեղի ունեցողը, Կուրմանովի գնահատմամբ, Բաքվի հետ Արեւմուտքի պայմաններով խաղաղության պայմանագիր քննարկելու Նիկոլ Փաշինյանի հանձնվողական քաղաքականության տրամաբանական արդյունքն է, որն ի սկզբանե նախատեսում էր Արցախի եւ ԼՂՀ հայ բնակչության հանձնումը Իլհամ Ալիեւի ողորմածությանը:
Երեւանը պարզապես Բրյուսելին, Փարիզին ու Վաշինգտոնին հաճոյանալու համար ժամանակին մերժեց համաձայնագրի Մոսկվայի առաջարկած տարբերակը, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը երկարաժամկետ հետաձգվում էր, իսկ հանրապետությունը պահպանվում էր (արդյո՞ք – Գ. Մ.), նույնը եւ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը:
Վերջնական քայլը, որը հանգեցրեց ներկա իրավիճակին, ինչպես նշվում է, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, մինչդեռ ի պատասխան Բաքուն իր հերթին նման ժեստ այդպես էլ չի արել՝ նպատակ ունենալով արդեն հենց Հայաստանի տարածքները: Ավելին, Իլհամ Ալիեւը հրաժարվել է որեւէ երաշխիք տրամադրել Արցախի ժողովրդին եւ դա քննարկել որեւէ մեկի, այդ թվում՝ Արեւմուտքի հետ:
Եվ գլխավորը՝ Բաքուն վստահ է, որ ԼՂՀ բնակչության հումանիտար խեղդամահության կառուցված համակարգի համար իրենց ոչինչ չի լինի, քանի որ Բրյուսելը, Վաշինգտոնը, Լոնդոնը եւ Փարիզը կենսականորեն շահագրգռված են Հայաստանի հարավում Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի բացման հարցում, որի միջոցով Ղազախստանից նավթը եւ հազվագյուտ մետաղները կտեղափոխվեն Կասպից ծովի տարածքով: Այդ պատճառով էլ, ըստ Այնուր Կուրմանովի, արեւմտյան բոլոր իմպերիալիստական ուժերն աչք են փակում ադրբեջանցիների ռազմական ամեն մի հանցագործության վրա՝ Արցախն ու նրա բնակիչներին համարելով անխուսափելի զոհ եւ սակարկության առարկա՝ Իլհամ Ալիեւի բարեհաճությունը գնելու հարցում: Ալիեւի, որն իր երկրում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում ստեղծում է ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ ՆԱՏՕ-ի հենակետ: Եվ ստացվում է, որ Ադրբեջանի վերջնական հաղթանակը կարող է նշանակել Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում…
Գ. Մ.