ԵՐԵՎԱՆ – Երեւանի պարարվեստի պետական քոլեջը մեր քաղաքի իմ ամենասիրելի վայրերից է, որի տնօրենի առանձնասենյակը շնչում է բարձր գեղարվեստով ու ճաշակով: Անցած տարեվերջից այդ գողտրիկ սենյակում պաշտոնավարում է մեր լավագույն պարողներից մեկը՝ Դավիթ Գալստյանը: Տակավին երիտասարդ (38-ամյա) եւ հմայիչ Դավիթը, մեր բալետի ականավոր արտիստներ, երջանկահիշատակ Վիլեն Գալստյանի եւ Նադեժդա Դավթյանի արժանավոր որդին, ուսանել է Երեւանի պարարվեստի ուսումնարանում եւ Լոնդոնի բալետի թագավորական դպրոցում (ավարտել է ոսկե մեդալով՝ երեք տարի շարունակ ճանաչվելով դպրոցի լավագույն աշակերտներից մեկը): 2004-2022 թթ. ընդգրկվել է Թուլուզի (Ֆրանսիա) «Կապիտոլի» պետական բալետի խմբում: Գլխավոր դերապարերով հանդես է եկել մի շարք դասական եւ նոր դասական բալետներում, բազմիցս մասնակցել եվրոպական բալետի աստղերի գալա–համերգների, փառատոների եւ հյուրախաղերով շրջագայել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նաեւ մասնակցել Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի ներկայացումներին:
–Դավի՛թ, կես տարուց ավելի է, ինչ տնօրինում ես քո ալմա մատեր պարարվեստի քոլեջը: Ի՞նչ փոփոխություններ ես հասցրել կատարել:
-Ամենակարեւորը՝ բեմադրվել է երկու նոր մեկ գործողությամբ բալետ, դասական երկացանկի ադամանդներից «Ռայմոնդայի» երրորդ գործողությունը եւ իմ հեղինակային «Վերադարձ արմատներին» բեմադրությունը՝ Քնուդագե Ռիիզագերի երաժշտությամբ: Քոլեջի բեմում ունեցանք երեք ներկայացում, տոմսերը գրեթե ամբողջովին վաճառվեցին. հանրությունը պահանջում էր ներկայացումները կրկնել, սակայն չարեցինք, քանի որ չենք ուզում դպրոցականներին ավելորդ ծանրաբեռնել: Այս տարի նշեցինք Արամ Խաչատրյանի 120-ամյակը, համագործակցեցինք օպերային եւ բալետի թատրոնի եւ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ, որը մեզ տրամադրեց կոմպոզիտորին պատկերող եզակի կինոկադրեր: Շատ լավ երեկո եղավ, դասական եւ ժողովրդական պարի բաժինները ներկայացրին Վիլեն Գալստյանի, Նորայր Մեհրաբյանի եւ Վանուշ Խանամիրյանի՝ խաչատրյանական բեմադրություններից: Նաեւ «Զարկ» հիմնադրամի համագործակցությամբ մեր օպերային եւ Գյումրիի դրամատիկական թատրոններում նշեցինք Ազատ Ղարիբյանի եւ Թերեզա Գրիգորյանի նույնպես 120-ամյա հոբելյանները: Իմ ցանկությունն է, որ մեր քոլեջը մաքսիմալ ակտիվ լինի նաեւ համայնքային միջոցառումներում եւ մարզերում: Ապրիլի 29-ին մասնակցել ենք նաեւ պարի միջազգային օրվա միջոցառմանը օպերայի եւ բալետի թատրոնի բեմում: Շատ եմ կարեւորում, որ մեր երեխաները կարողանան օգտվել մեծ բեմից, դա նրանց մոտիվացնում է, արթնացնում է նրանց մեջ այլ զգացմունքներ: Ծրագրեր շատ կան, ամեն ինչ կախված է ֆինանսավորումից…

–Այս տարի նաեւ քոլեջի մոդեռն բաժինն ունեցավ իր առաջին շրջանավարտները: Մեծ հաճույքով դիտեցի ավարտական ներկայացումները՝ Արա Ասատուրյանի «Ասացվածք» եւ Ռիմա Պիպոյանի «Դիդոնե եւ Էնեաս» իսկապես ինքնատիպ բեմադրությունները, որոնք պատրաստի կարող են որեւէ թատրոնի երկացանկ մտնել…
-Այո՛, մեր շրջանավարտները հիանալի տպավորություն թողեցին. պատրաստի պարախումբ են: Շատ եմ ափսոսում, որ մեր երկրում մինչ օրս չունենք մոդեռն պարի գործատու, համապատասխան թատրոն: Տաղանդավոր երիտասարդների այս ռեսուրսը, ցավոք, լիարժեք դրսեւորվելու տեղ չունի:
–Իսկ եթե քոլեջո՞ւմ ստեղծվի նման թատրոն…
-Քոլեջի առաքելության մեջ չի մտնում պարի խումբ ունենալը: Մեր նպատակն է՝ կրթել, պատրաստել աշխատունակ, մրցունակ, գրագետ, ժամանակակից շրջանավարտներ: Հրաշալի կլինի, եթե մի օր ունենանք քոլեջին կից երիտասարդական խումբ, ինչպես մոդեռն, այնպես էլ դասական, որը տրամպլին կհանդիսանա մեծ բեմ անցնելու համար…
–Հուսանք, որ դա էլ կլինի: Քոլեջ մտնելով՝ նկատելի են նաեւ որոշակի տեխնիկական փոփոխություններ…
-Մեր բեմում հիմա ունենք մասնագիտացված, շատ լավ որակի նոր հատակ. հնի վրա պարելը ռիսկային էր վնասվածքների համար: Ունեցանք նաեւ նոր ձեւավորված կուլիսներ, հետնավարագույր, աղջիկների համար ձեռք բերեցինք նոր պաչկաներ, տղաների համար՝ նոր կոլետներ: Բայց հատկապես շենքի ենթակառուցվածքների առումով շատ աշխատանք կա անելու:
–Իսկ հիմա ամենաշատն ինչի՞ կարիք ունի քոլեջը…
-Տղաների ընդունելության: Վերջին երեսուն տարիներին Հայաստանը եղել է միջազգային բալետին տղաներ «մատակարարող» երկիր. գիտենք, թե այս քոլեջից քանի՛ տաղանդավոր երիտասարդներ են աշխատանքի մեկնել տարբեր երկրներ (մեկն էլ՝ ես): Դեռ չավարտած՝ 15-16 երկրից մեզ հրավիրում էին ուսումն անվճար շարունակելու: Բայց հիմա այն խնդիրը, որ կար Եվրոպայում 30 տարի առաջ, վերջին հինգ տարիներին ունենք նաեւ մենք: Այդ պատճառով ամեն ինչ պիտի անենք, որ հանրության մեջ բալետի հանդեպ ձգտումը վերականգնվի: Ժողովրդական պարի բաժնում նման խնդիր չկա, նույնը մոդեռն բաժնում, սակայն այնտեղ ոչ մի տղա չկա: Ինձ տեղեկացրին, որ երկու տղա են բերել ընդունելության, ինչն արդեն հուսադրող է: Հիմա պայմանավորվածություն կա դպրոցների տնօրենների հետ, որ սեպտեմբերից սկսած, հին սովետական ժամանակների պես, գնանք դպրոցներն ու տղաների միջից հարմար թեկնածուներ ընտրենք բալետի համար: Պիտի հասնենք այն բանին, որ մեր քոլեջի համբավը երկրում այնքան բարձրանա, որ շատերը ձգտեն իրենց տղաներին բերել այստեղ: Պայմաններն արդեն իսկ լավ են, անվճար սնունդ ենք տրամադրում: ԿԳՄՍ նախարարությունը մեզ նաեւ աջակցում է տղաներին զինվորական ծառայության տարկետում տալու գործում:
–Մտադիր չե՞ք դրսից նույնպես աշակերտություն գրավել…
-Առայժմ ունենք մի աղջիկ Ճապոնիայից: Նա այնքան լավ էր աշխատում, որ ես չէի կարող նրան թողնել մեր ծրագրից դուրս ու ընդգրկեցի մեր վերջին երկու բեմադրություններում: Հաջորդ տարի կունենանք եւս երկու աշակերտուհի Ճապոնիայից:
–Կարծում եմ՝ մեր քոլեջը կարող է դառնալ տարածաշրջանի բալետի լավագույն կրթօջախը:
-Դա նպատակ է, որին պիտի հասնենք: Առաջին հերթին՝ մեր դասավանդողները պիտի վերապատրաստվեն: Հետո՝ պետք կլինի ներգրավել օպերային թատրոնի երիտասարդներին, որոնք իրենց կարիերայի վերջում են (ինչն արդեն անում ենք, քոլեջում դասավանդում են մեր բալետի մենակատարներ Սեւակ Ավետիսյանը, Կարեն Մարտիրոսյանը): Չեմ ուզում կարճ ժամանակով վարպետության դասեր կազմակերպել. այդ գործը պիտի լինի համակարգված, տարին երկու-երեք անգամ, որոշակի ծրագրով: Միայն այդպես կկարողանանք մեր մասնագետների որակավորումը բարձրացնել: Ինչո՞ւ ոչ, ժամանակ առ ժամանակ կարող ենք վարպետության դասեր էլ կազմակերպել, այս տարի Արսեն Մեհրաբյանը մեկ շաբաթ դասավանդեց, այդ կարճաժամկետ դասերն էլ կարեւոր են, բայց դա հարցի լուծում չէ: Եթե ուզում ենք մեզնից հետո լավ մասնագետներ ժառանգություն թողնել, դա պիտի լինի պետական աջակցությամբ, կարգավորված, ես էլ կարող եմ բերել լավագույն մասնագետներ, որպեսզի լինի առավելագույնս օգտակար:
–Դավի՛թ, դու ավարտեցիր պարողի կարիերադ: Մի քիչ շուտ չէ՞ր: Դու դեռ հիանալի մարզավիճակում ես…
-Տարիքային առումով միգուցե շուտ էր: Բայց, անկեղծ ասած, քսան տարի բեմում էի եւ հագեցել էի: Իմ բոլոր երազանքները, նպատակները, ցանկություններն իրականացրել էի: Կար նաեւ մի մեծ գործոն. հայրս վատառողջ էր, այդ պատճառով թողեցի ամեն ինչ ու վերադարձա, որ լինեմ նրա կողքին: Միեւնույն ժամանակ, անգործ մնալն էլ անհնար էր: Իմացա, որ քոլեջի տնօրենի հաստիքը թափուր է, երեք ամիս սովորեցի ու ստացա արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր: Ինձ մեծապես օգնեց Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը, որի շնորհիվ կարողացա հաղթահարել քննությունները եւ ձեռք բերել կառավարման հավաստագիրը:
Ասեմ, որ իմ ամենավերջին ելույթը՝ Նիժինսկիի «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» հայտնի համարը, որ կայացավ Թուլուզում, զգացմունքային առումով շատ բարդ էր: Ներկայացումից առաջ կուլիսում նստած՝ քսան տարիներն անցնում էին աչքիս առաջ, ու դեռ դրանից հետո պետք էր կենտրոնանալ ու դուրս գալ բեմ՝ վերջին ելույթս ներկայացնելու հանդիսատեսին… Ինչեւէ, այդ մի էջն էլ փակվեց…
–Եվ դու նոր էջ բացեցիր՝ այս տարի հանդես գալով որպես բալետմայստեր: Ի՞նչ ես կարծում, կշարունակե՞ս բեմադրել…
-Անկեղծ ասած՝ բեմադրելու ամբիցիա չեմ ունեցել, բայց արեցի՝ ելնելով անհրաժեշտությունից, աշակերտներիս ոգեւորությունից, ու կարծես թե հաջողվեց: Երեք ներկայացումն էլ շատ լավ արձագանքներ ունեցան: Կարծում եմ՝ կշարունակեմ, այո՛, եւ որոշել եմ մնալ հենց բուն դասականի ու նոր դասականի ժանրում: Թեեւ ժամանակակից բալետին էլ վատ չեմ տիրապետում, աշխատել եմ համաշխարհային գիգանտ խորեոգրաֆների հետ՝ Կիլիան, Ֆորսայթ, Նոյմայեր, Դուատո եւ ուրիշներ, բայց քանի որ մեր գործատուն օպերայի եւ բալետի թատրոնն է, իսկ մենք՝ իր բալետային խմբի երաշխավորը, շատ կարեւոր է, որ կատարեմ դասական բալետի բեմադրություններ:
–Կարող ենք ասել, որ դու մի շատ լավ հանգրվանի ես հասել քո կարիերայում: Իսկ անձնակա՞ն կյանքում…
-Ընթացքում է, Արծվի՛ ջան: Աստվա՛ծ առաջ…
–Դանիացի ականավոր պարող եւ բալետմայստեր Ավգուստ Բուռնոնվիլն ասել է. «Ես ընտրեցի բոլոր մասնագիտություններից ամենափառահեղը»: Դու կարո՞ղ ես կրկնել նույն խոսքերը…
-Բացարձակապես համաձայն եմ նրա հետ: Ես նույնպես ընտրեցի ամենափառահեղ մասնագիտությունը: Երբեւիցե չեմ զղջացել, որ այդ ճանապարհն եմ անցել: Մեծացած լինելով բալետային ընտանիքում՝ պարարվեստը միշտ շատ եմ սիրել: Այսօր էլ նույնը շատ մեծ սիրով փոխանցում եմ մեր քոլեջի տաղանդաշատ աշակերտներին: Իմ այս նոր կարգավիճակը նույնպես շատ սրտովս է, ինչպես ասացի՝ շատ բան կա անելու: Պատասխանատվությունն ահռելի է, բայց ես պատրաստ եմ անել առավելագույնը…
–Դավի՛թ ջան, թույլ տուր վերջում մեծ գոհունակությամբ նշել, որ ինձ հաճելիորեն զարմացրեց ու հիացրեց քո գրագետ գրական հայերենը: Տեսնում եմ, որ չնայած ապրել ես արտերկրում, 2007 թվականի մեր առաջին հարցազրույցից ի վեր խոսակցական լեզուդ առաջադիմել է…
-Անկեղծ ասած՝ երբ նոր էի եկել, խոսելիս մի փոքր կաշկանդվում էի: 15 տարեկանից դրսում եմ եղել, տարին մի անգամ հինգ օրով գալիս էի Երեւան, ծնողներիս համբուրում, գնում էի հետ: Բայց ութ ամիս է, ինչ Երեւանում եմ ապրում, ողջ օրը փաստաթղթերի, գրքերի, հայերեն տերմինների մեջ եմ եւ հաղորդակցվում եմ հայերենով…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ