Բարի անուն, լուսավոր հետագիծ
Իմ դիմանկարը պատկերագրելիս` մոսկովաբնակ գեղանկարչուհի Մարիամ Ասլամազյանը ե՛ւ հաճելի զրուցում էր հետս, ե՛ւ նկարում: Դա 1977-ին էր, Երեւանի իր արվեստանոցում: Ասաց, որ ինքը եւ նկարչուհի քույրը` Երանուհին, վաղեմի՜, շա՜տ նվիրական մի փափագ ունեն` հայրենի Լենինականում ունենալ մշտական գործող պատկերասրահ, ուր, արդեն որպես քաղաքի սեփականություն, կցուցադրվի արգասավոր տասնամյակների իրենց ստեղծագործությունների հունձքը:
…1987 թ. նոյեմբերի 6-ին քաղաքի կենտրոնում, հնաոճ երկհարկանի շենքում, տեղի ունեցավ «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի հանդիսավոր բացումը: Մ. Ասլամազյանի հրավերով ինքս էլ մասնակցեցի մշակութային այդ նշանակալի իրադարձությանը` միաժամանակ կատարելով «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում միջոցառումը լուսաբանելու հանձնառությունս:
Պատկերասրահը բացվեց ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանի ներածականով, գործիչ՝ որի դերն անուրանալի է պատկերասրահի ստեղծման գործում: Շատ տպավորիչ էր հռետորական ձիրքով օժտված, արվեստասեր, գրագետ, բանիմաց մարդու եւ պաշտոնյայի նրա խոսքը: Ակներեւ էր նաեւ, որ պատասխանատվության բարձր զգացում ունեցողի ջանադրությամբ նա նախապես բարեխղճորեն ծանոթացել էր գեղագետ քույրերի ստեղծագործական ուղու մասին պատկերագրքերին ու մամուլի հրապարակումներին: Ուստի նրա խոսքը հավուր պատշաճի էր, բովանդակալից` պարուրված գեղարվեստական որոշակի երանգավորումներով:
Նկարչուհի քույրերը ինձ ծանոթացրին Դոնարա Ասքանազովնայի հետ` ներկայացնելով որպես «երկարամյա մեր բարեկամ» եւ իրենց ստեղծագործական աշխարհի մասին հրապարակումների հեղինակ:
Անցավ եւս մեկ տասնամյակ: Դեպքերի ոչ բարեբաստիկ դասավորությամբ, եղավ, որ նրա եղբայր Յուրին 1988-ի ավերիչ երկրաշարժից վնասված լենինականյան տան փոխարեն Աշտարակում, հենց մեր` Չարենցի փողոցում, երկհարկանի նոր տուն կառուցեց:
Ես հաճախ էի լինում Շիրակի ուրույն կոլորիտի ու կենցաղի կնիքը կրող նրանց նոր օջախում, մանավանդ այցելում զրուցասեր, աշխարհատես ու կենսուրախ տիկին Ազատուհուն:
Մի օր էլ այստեղ կայացավ հարազատներին այցելության եկած Դոնարա Ասքանազովնայի եւ իմ երկրորդ հանդիպումը: Նա այլեւս չէր պաշտոնավարում, սակայն շահեկանորեն ակնաբախ էր բեղուն կյանքի ճանապարհ անցած` պետական-քաղաքական գործչի, լայնախոհ, լրջմիտ ու բնական մարդու նրա վեհ կեցվածքը: Ինձ տեսնելուն պես հաստատական շեշտով ասաց, որ դեմքս ծանոթ է: Ես հիշեցրի` «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի բացման ժամանակ ենք ծանոթացել: Ի պատիվ իրեն եւ ի զարմանս ինձ` նա իսկույն մտաբերեց հիշյալ ամսագրում միջոցառման մասին իմ հրապարակած հոդվածը եւ ուղղակի ասաց` վերնագիրը շատ խոսուն էր` «Քույրերի վերադարձը տուն»:
Միշտ ակտիվ կենսադիրքորոշում ունեցող տիկին Ազատուհու հաճելի մասնակցությամբ մեր զրույցը ծավալվեց թեյի սեղանի շուրջը: Թեպետեւ այդ օրվանից արդեն ավելի քան քառորդ դար է անցել, սակայն ցայսօր հիշողությանս մեջ անջնջելի են մեր զրույցի` հիշատակման արժանի առանձին դրվագներ: Դրանցից մեկը շատ հարիր է մեծն Վիլյամ Սարոյանի դիպուկ բնորոշմամբ` «հայու ճակատագիր»-ին:
– Դուք երեւի չգիտեք, որ իմ սիրելի մայրիկը եւ ձեր հարգելի տիկին Ազատուհին, ապա եւ նրանից սերվածներս, ճակատագրի դրամատիկ դիպվածով, կարող էինք եւ ընդհանրապես այս լույս աշխարհում չլինել, եթե…
Եվ մայր ու աղջիկ, միմյանց լրացնելով, պատմեցին ծնողներից լսածը, թե ինչպես աղետալի 1915-ին Բայբուրդից դեպի Արեւելյան Հայաստան գաղթի վտանգաշատ ճանապարհին, մթին անտառում կորցնում են չորսամյա Ազատուհուն: Յոթնամյա քույրը` Արաքսյան է նկատում նրա բացակայությունը եւ լացուկոծով, խելակորույս, մոտ կես կիլոմետրի չափ ետ է վազում, հետեւից էլ` ավագ հարազատները: Նրանք անտառի մթին մի ծմակում գտնում են վախից կուչ եկած աղջնակին, գրկում, ջերմ համբույրներով սփոփում նրան ու վերադարձնում գաղթյալների իրենց քարավանը: Մեկ ծանր հուշ էլ կա. նույն միջոցին Ազատուհու մայրիկի շալակին հոգին ավանդում է օրեր առաջ թուրքի յաթաղանից վիրավոր, արնաքամված 15-ամյա եղբայրը՝ Գրիգորը…
***
Մեր զրույցից հիշատակման արժանի է նաեւ հետեւյալ դրվագը. երբ Հայաստանի կոմկուսի Կենտկոմում Դոնարա Հարությունյանին առաջարկում են ստանձնել ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղարի պարտականությունները, նա խոհեմաբար ժամանակ է խնդրում` մտածելու եւ պատասխանելու: Ապա մանրակրկիտ եւ համակողմանիորեն քննելով առաջարկությունը` գալիս, հանգում է հոգեբանորեն դժվարհաղթահարելի մի խոչընդոտի` բարոյական այն պատվարին, թե աշխատանքային հարաբերություններում ինչպես վերաբերվել իրեն ենթակա տղամարդկանց, «որպեսզի, անգամ ակամա, չնսեմացնեմ մեր հպարտ ու պատվասեր այրերի մարդկային արժանապատվությունը…»: Եվ այն է` արդեն որոշում է գնալ, հրաժարվել առաջարկից, մայրն ամբողջ հասակով դեմն է ելնում` ասելով.
– Ինչպե՞ս թե հրաժարվես,- խոսեց մայրս ամենեւին առարկություն չընդունող պահանջատիրոջ խիստ տոնով,-, այդ դեպքում գիտցիր` քո` երիտասարդ, խոստումնալից կադրիդ մասին Կենտկոմը եւ ընկեր Դեմիրճյանը կմտածեն, որ անձնապաստան մարդ ես, խուսափում ես բարձր պատասխանատվությունից եւ դրանից հետո, աղջիկ ջան, շա՜տ ճիշտ կանեն, որ քեզ ընդհանրապես… մոռանան… Այնպես որ` գնա եւ հանձն առ գործը: Դու Ասքանազի ու Ազատուհու աղջիկը չե՞ս…
Ահա այս բախտորոշ, ամենաանձնական հոգեվիճակում էր, որ շրջահայաց, սրտացավ մայրիկի ծնողական հորդոր-պահանջը վճռական եղավ եւ, պատկերավոր ասած` դստեր ներաշխարհում տատանվող հոգեբանական կշեռքի նժարը բեկվեց, ծանրացավ… հօգուտ համաձայնության…
Այդ օրվա մեր խոսքուզրույցից մի հուշիկ էլ է մնացել. Դ. Հարությունյանը վերհիշեց, որ իրեն գրեթե միշտ հաջողվում էր համատեղել եւ պաշտոնական գործը, ապա նաեւ տնային տնտեսուհու շատ տարամետ վիճակները: Ասաց` երբ խիստ լարված աշխատանքային օրվա վերջում (մի ամբո՜ղջ քաղաքի հոգս ու գործ…) տուն էի հասնում ու հենց մեր տան շեմից ներս մտնում, նույն վայրկյանից զարմանալիորեն կարողանում էի ձերբազատվել դրսին առնչվող, ինձ պաշարած մտքերից ու մտահոգություններից: Մեր տանը ինձ զգում էի իբրեւ իմ զավակների կարոտյալ մայր, ամուսնուս խոնարհ զուգընկեր, մայրիկիս անհագուրդ սիրող դուստր:
Եվ շուտով իմ տուն-ամրոցի լիիրավ տիրուհին դարձած` հաճույքով կրում էի տնային խալաթը, խոհանոցային գոգնոցը…
– Ի դեպ, տասնամյակների իմ փորձով ու կենսակերպով շատ եմ կարեւորում պաշտոնական (մտավոր, մասնագիտական…) աշխատանքի եւ տնային զբաղմունքի ճիշտ հերթագայումը,- վերջում, որպես բարի խորհուրդ, հավելեց հարուստ, բազմաբեղուն աշխատանքային կենսագրության տեր Գյումրու պատվավոր քաղաքացին:
***
Դոնարա Հարության պատվասեր, արդարամիտ մարդուն եւ միշտ իր ճշմարիտ դիրքորոշումն ունեցող քաղաքացուն բնութագրող մեկ հուշ-պատառիկ էլ գրականագետ, բանասիրության դոկտոր, «Խորհրդային Հայաստան» թերթի 1988-1991 թթ. գլխավոր խմբագիր Շչորս Դավթյանի պատմածից:
2012 թ. հոկտեմբերի 1-ին Շ. Դավթյանն ինձ հրավիրեց իր գլխավորած «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոն: Մինչ բանաստեղծի հատորների վերահրատարակության առնչությամբ մեր բուն անելիքին անցնելը, նա հետաքրքրվեց` երեկ երեկոյան Հ1 հեռուստաալիքով դիտե՞լ եմ «Երգ-երգոց» հաղորդումը: Ասացի` եւ՛ դիտել, եւ՛ հաճույքով ունկնդրել եմ բոլոր կատարումները, հրավիրյալների մեկնաբանությունները, ուր, արդարեւ, ըստ արժանվույն ներկայացվեց գուսան Շերամը:
Հետո, մասնավորաբար, անդրադարձանք հաղորդման ընթացքում Դ. Հարությունյանի` օրվա խորհրդով ներշնչված նրա ծանրակշիռ խոսքին ու մեկնաբանություններին, որ, ըստ էության, մի յուրօրինակ ուսանելի դաս էր… հեռուստաէկրանից…
Այնուհետեւ Շ. Դավթյանը վերհիշեց մի «միջադեպ» խորհրդային անցյալից: Ասաց` Սիսիանի կուսշրջկոմի առաջին քարտուղարն էի: ՀԿԿ հերթական համագումարի աշխատանքներին մասնակցելու համար` ինձ հետ նիստերի դահլիճ մտան մեր շրջանից ընտրված պատվիրակները, որոնցից երկուսը` Սոցիալիստական աշխատանքի հերոսներ: Վերջիններս` մեկը հովիվ, մյուսը` կոմբայնավար, հերոսի ոսկե աստղերը լայնալանջ կրծքներին, գնացին եւ զբաղեցրին իրենց հատկացված աթոռները: Ես դեռ չէի հասցրել ողջունել իմ բոլոր գործընկերներին, Երեւան քաղաքի կուսշրջկոմների քարտուղարները, տեղերում մի տեսակ աշխուժացած եւ իբրեւ թե կատակով, սակայն բավական աններելի անբարտավանորեն, շատերին լսելի ձայնով ասացին.
– Եկա՜ն, արդեն սկսեցին գալ գեղի քարտուղարները` իրենց «հոտավետ» չոբաններով:
Ես, իհարկե, ներքուստ խիստ ընդվզեցի (դե կատակ խոսքին էլ չափ կա…) եւ այն է` ուզում էի դրանց մի լավ շշպռել, Դոնարա Ասքանազովնան, որ մոտերքում էր եւ լսել էր դրանց անհամ կատակը, ինձնից առաջ ընկավ.
– Ձեր հասկացողության ու նկարագրի տեր մարդիկ պարզապես արժանի չեն բարձր պատասխանատու պաշտոններ վարել: Այդ ինչպե՞ս եք դուք վերաբերվում մեր գյուղաշխարհի` երկիր եւ հենց ձեզ կերակրող աշխատանքի անվանի մարդկանց… Գոնե սսկվեք, մի բացահայտեք ձեր իսկական էությունը… Իսկ ինչ վերաբերում է ձեր տգեղ բնորոշմամբ` «գեղի քարտուղարներին», եթե դրա առիթը տվեց մեր հարգարժան Շչորս Բագրատովիչը, ապա վստահաբար կարող եմ պնդել, որ նրան հավասար գրագետի այս դահլիճում եւ ոչ մի կուսշրջկոմի քարտուղար չեմ ճանաչում… սկսած ձեզանից…
Եվ քանի որ բոլորս էլ խորապես հարգում ու պատկառում էինք միշտ հանդուգն ու ճշմարտախոս Դոնարա Ասքանազովնայից, նրանք «սսկվեցին», այլեւս եւ ոչ մի ծպտուն, լռեցին` սխալմունք գործած աշակերտի հեզությամբ…
***
Դոնարա Հարությունյան – բանիվ, մտոք եւ գործով ապրած ու արարած ինը տասնամյակի (առայժմ` ինը…) իմաստավորված մի ամբողջ կյանք…
Երախտագետ մարդկանց, հատկապես լենինականցի-գյումրեցիների սրտերում նա մնում է որպես մեկը քաղաքի լավագույն ղեկավարներից, ակնածանքով հիշվող անուն, Մարդ եւ պետական-քաղաքական գործիչ:
Անվիճելի իրողություն է եւ այն, որ ամենուր, մարդկանց հոգում ու մտապատկերում, նա միայն թողել է բարի, լուսավոր հետագիծ:
Սերժ ՄԱՆՈՒԿՅԱՆ