Տիմոշենկոյի ազատման պայմանը
Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագիր չստորագրելու դեպքում Ուկրաինան Ռուսաստանից կստանա էական տնտեսական օգուտներ, որոնք անմատչելի էին մինչեւ օրս: Այդ մասին հաղորդում է ռուսական «Տրուդ» թերթը:
Հրապարակման մեջ բերվում է այն արտոնությունների ցանկը, որոնք Ուկրաինան կստանա Ռուսաստանից: Գլխավոր արտոնությունները սրանք են. գազի գինը 450 դոլարից կիջեցվի 270-ի, Կիեւը կստանա 15 մլրդ դոլար արտոնյալ վարկ, որի հատկացումը մերժել էր ԱՄՀ-ն:
Թերթի պնդման համաձայնՙ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը հայտարարել է ատոմային էներգետիկայի, ավիաշինության եւ հրթիռաշինության ոլորտներում Ուկրաինայի հետ համագործակցության ընդլայնման հնարավորության մասին: Մոսկվան նաեւ պատրաստ է համատեղ արտադրել «Ան-124», «Ան-140» եւ «Ան-148» օդանավեր եւ տրամադրել միջուկային փակ շրջափուլի ստեղծման տեխնոլոգիա:
Նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուկրաինական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, թե Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը «թակարդ» կդառնար Ուկրաինայի համար: Միեւնույն ժամանակ նախագահն ակնարկել է, որ Վիլնյուսի գագաթաժողովում Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը հնարավոր է, եթե Ուկրաինան ստանա համարժեք ֆինանսական օգնություն: Խոսքը «կայունացման հիմնադրամ» ստեղծելու մասին է, որն Ուկրաինային թույլ կտար հաղթահարել «ճգնաժամային պահերը»:
Ֆինանսավորման գումարի առնչությամբ Յանուկովիչը հայտարարել է հետեւյալը. «Կան տարբեր գնահատականներ, տարբեր փողեր: Ամեն տարի անհրաժեշտ է առնվազն 20 միլիարդ: Իսկ ընդհանուր առմամբ մինչեւ 2017 թվականը կպահանջվի մոտ 160 միլիարդ»:
Ինչ վերաբերում է բանտարկված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատման հնարավորությանը, Յանուկովիչն ասել է, որ ինքը պատրաստ է ազատ արձակել Տիմոշենկոյին, եթե նա «փոխհատուցի երկրի բյուջեին պատճառած վնասը»: Ընդսմին նախագահն ընդգծել է, որ տվյալ իրավիճակը կարող է հարթել միայն դատարանը: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի իրավական եւ դատական տեղեկատվության գործակալությունը:
«Եթե Տիմոշենկոն հանցանք չի գործել, դատարանը պատասխան կտա: Իսկ եթե գործել է, թող վճարի եւ հետո խնդրի կամ պահանջի ազատություն: Ի դեպ, Ուկրաինայի օրենքներն այժմ դա թույլ են տալիս», հայտարարել է Յանուկովիչը:
Տիմոշենկոն 2011-ի վերջերից 7-ամյա բանտարկության է դատապարտված Ռուսաստանի հետ 2009-ին գազային համաձայնագրի ստորագրման ժամանակ լիազորությունների վերազանցման համար: Յանուկովիչը պնդում է, թե այդ համաձայնագրով Ուկրաինային պատճառված վնասը կազմում է 20 մլրդ դոլար: