«Ազգ»-ի զրուցակիցն է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը
– Պրն Ղազարյան, Արցախում վիճակն իսկապես օրհասական է, մեր հայրենակիցները շուտով գուցե անգամ չոր հացից զրկվեն: Օրեր առաջ էլ սովամահության առաջին դեպքն է գրանցվել: Այս ֆոնին վարչապետ Փաշինյանը հայտարարում է՝ «եթե արցախցիների համար մեր կառավարությունը դավաճանների կառավարություն է,ապա թող հրաժարվեն մեր կառավարության տրամադրած պետական աջակցությունից»: Սա ի՞նչ «մեսիջ» է:
– Նիկոլ Փաշինյանի կառավարության գործելաոճի ու իր կառավարության պատճառով է Արցախում այս վիճակը ստեղծվել: 44-օրյա պատերազմը դադարեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, իսկ Արցախը գերության մեջ հայտնվել է դրանից երկու տարի անց՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտնի հայտարարությունից հետո, որը ստորագրել է ինքը Նիկոլ Փաշինյանը՝ խախտելով ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլեւ բոլոր միջազգային փաստաթղթերն ու մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ինչ վերաբերում է Արցախին տրամադրվող պետական աջակցությանը, ապա դա Նիկոլ Փաշինյանի կամ իր կառավարության անդամների պապական ժառանգությունից ստացված միջոցները չեն, որ փոխանցվում են Արցախին, ոչ էլ իրենց միլիոնավոր դրամների եկամուտներն ու պարգեւավճարները, որոնցով վերջին տարիներին իրենք նոր բնակարաններ ու ավտոմեքենաներ են գնում, հանգիստ են վայելում արտասահմանյան կուրորտներում: Դա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներն են, որոնք 2023 թվականի պետական բյուջեով, ավանդույթի ուժով, ինչպես նախորդ բոլոր տարիներին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը, որպես բյուջետային վարկ: Արցախին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը դա Նիկոլ Փաշինյանի կառավարության նորամուծության քաղաքականություն չէ, իսկ այդ միջոցների տերը ՀՀ քաղաքացիներն են:
Այն, ինչը միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության իրական «աջակցությունն» է Արցախին, դա միլիարդավոր դոլարների նյութական վնասներն են, որոնք Արցախը կրել է ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո: Միայն 44-օրյա պատերազմում Արցախի Պաշտպանության բանակի նյութական կորուստը կազմում է շուրջ 5 մլրդ դոլար, Արցախի քաղաքացիական օբյեկտների եւ տնտեսության կորուստը պատերազմի հետեւանքով գնահատվում է մոտ 10 մլրդ դոլար, իսկ միայն գերության վերջին ամիսներին՝ տնտեսությանը պատճառված վնասը կազմում է ավելի քան 600 մլն դոլար: Ահա սա Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության գործունեության իրական «աջակցությունն» է, որը ստացել է Արցախը:
– Արցախում տիրող վիճակի հանգուցալուծումն ինչպե՞ս եք պատկերացնում: Ի՞նչ կարող ենք ու պետք է անենք մեր հայրենակիցների համար, բացի «Փաշինյանը պետք է հրաժարական տա» խոսքն անդադար ասելուց:
– Փաշինյանի հրաժարականի պահանջ կարծում եմ այլեւս անիմաստ է ներկայացնել, քանի որ կյանքը ցույց է տվել, որ նա կամավոր այդ քայլին չի գնա: Ոչ թե պետք է սպասել նրա հրաժարականին, այլ հեռացնել նրան իշխանությունից ցանկացած գնով: Իրավիճակի հանգուցալուծում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման պարագայում անհնար է պատկերացնել: Հակառակը, նրա պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր աղետ, նոր դժբախտություններ, նոր խնդիրներ ու դժվարություններ, որոնց լուծումը ոչ միայն ինքը, այլեւ ոչ ոք չի կարող գտնել: Արցախում տիրող իրավիճակը հիմա շատ ավելի վատ է, քան անցած տարի, անցած տարի վատ էր՝ նախորդ տարվա համեմատ, եւ այդպես շարունակ: Սրանից լավ ապացույց չկա, որ ինքն է բոլոր խնդիրների պատճառը, եւ նրա պաշտոնավարման պարագայում ոչ միայն հնարավոր չէ գտնել խնդիրներին լուծումներ, այլեւ նա մեզ մոտեցնում է նոր պատերազմի, մեզ կանգնեցնում է նոր մարտահրավերների առաջ, որոնց մասին համարձակվում է անգամ խոսել՝ գուժելով ոչ միան Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետության մոտալուտ վախճանի հնարավորության մասին:
Ես համաձայն եմ, որ չպետք է անդադար կրկնել նրա հրաժարականի պահանջը, այլեւ պետք է անցնել կոնկրետ քայլերի ու գործողություների:
– Փաշինյանն ասում է, որ ինքը իշխանության է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ այսօրվա ընդդիմությունն է իր իշխանության ընդդիմությունը: Ըստ Ձեզ՝ դա երկուստեք ձեռնտո՞ւ մոտեցում կամ «խաղի կանոն» է:
– Նիկոլ Փաշինյանը չունի օրինական իշխանություն, որի հակակշիռը լինի ընդդիմությունը: Այլեւս փաստ է` Հայաստանի Հանրապետությունում տապալված է սահմանադրական կարգը, խաբեության եւ զանգվածային խարդախության հետեւանքով մեկ կազմակերպված հանցավոր խումբ (բանդա), որի պարագլուխը Նիկոլ Փաշինյանն է, խախտելով ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը, 2018 թվականի տեղի ունեցած ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետեւանքով ապօրինաբար տիրացել եւ յուրացրել է ժողովրդի իշխանությունը եւ այն ծառայեցնում է հայ ժողովրդի թշնամիների շահերին եւ իրենց անձնական բարեկեցությանն ու ապօրինի հարստացմանը: Տապալված սահմանադրական կարգի եւ կործանված քաղաքական համակարգի պարագայում չի կարող գոյություն ունենալ նաեւ ընդդիմություն: Հայաստանում չկա օրինական իշխանություն, որի դեմ պայքարը հնարավոր լինի իրականացնել քաղաքական գործընթացներով: Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանում ազատության մեջ գտնվող ամենամեծ եւ ամենավտանգավոր հանցագործն է: Նրա դեմ պետք է իրական պայքար տանեն իրավապահ մարմինները, բայց քանի որ նա տիրացել է նաեւ այդ մարմիններին, անգամ անկախ համարվող սահմանադրական մարմիններին եւ իրավապահ համակարգի վերնախավին ներքաշել հանցավոր խմբի կազմում, ուստի անիրատեսական են նրանցից օրինականություն հաստատելու, հանցագործին վնասազերծելու ակնկալիքները: Իրավապահ համակարգի միջին եւ ցածր օղակների պաշտոնատար անձինք, չնայած, վստահ եմ, որ գիտակցում ու գնահատում են ստեղծված իրավիճակը, սակայն պետական կառավարման համակարգի հիերարխիկ կառուցվածքն ու ավանդական հարաբերությունները թույլ չեն տալիս նրանց համարձակություն ցուցաբերել եւ կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Այս պարագայում Հայաստանում իշխանության փոփոխություն հնարավոր չէ իրականացնել, որի պատճառը ոչ թե ընդդիմությունն է, այլ իշխանությունը յուրացրած հանցախումբը: Նիկոլ Փաշինյանը հրահրում է քաղաքացիական բախումներ, բայց դա կլինի նրա վերջին երազանքը՝ հայ մարդու արյուն հեղել ոչ միայն Հայաստանի սահմաններին, այլեւ մայրաքաղաքի փողոցներում: Նրա հետագա պաշտոնավարումը մեծ վտանգներ է պարունակում:
– Անդադար դժգոհում եք Փաշինյանից, նրա թիմից, ընդդիմադիր դաշտն ու այդ թվում դուք ամենատարբեր գնահատականներ եք տալիս նրան, բայց նա շարունակում է պաշտոնավարել ու կառավարել մեր երկիրը:
– Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը չի կառավարում, այլ կործանում է: Ես ինձ ոչ թե ընդդիմադիր գործիչ, այլ ազատամարտիկ ու ազգային գործիչ եմ համարում: Նրա դեմ պայքարողները քաղաքական կամ ընդդիմադիր գործիչներ չեն, այլ ազատամարտիկներ, ովքեր փորձում են օգնել հայ ժողովրդին տեր կանգնել իր օրինական իշխանությանը, իր ճակատագրին, իր պետականությանը, իր շահերին, իր զավակների ապագային… Եթե հանցագործների մի խումբ ներխուժի մեր բնակարան, սպանի մեր երեխաներին, թալանի մեր տունը եւ կատարի այլ հանցագործություններ, մենք չենք կարող նստել ու բացատրական մեթոդներով ընդդիմանալ նրանց եւ խնդրել, որ իրենք դադարեցնեն իրենց եղեռնագործությունները, թալանն ու հեռանան: Պետք է պաշտպանվել բոլոր հնարավոր մեթոդներով եւ վնասազերծել հանցագործներին: Նրանք հանցագործ են իրենց էությամբ, մտադրություններով եւ գործողություններով: Նիկոլ Փաշինյանն ու ադրբեջանա-թուրքական խունտան այդ հանցագործներն են, ովքեր, չարաշահելով մեր ժողովրդի վստահությունը՝ ներխուժել են մեր երկիր, ամենուր սփռում են մահ եւ ավերածություններ, թալանում եւ կեղեքում են մեր ժողովրդին, պատրաստ են ոչնչացնել բոլորին ու ցինիկ հրճվանքով, անզուսպ ծիծաղով ծաղրել իրենց զոհերին:
Ես վստահ եմ, որ այս ամենը երկար շարունակվել չի կարող: Ցավալի է, իհարկե, որ 21-րդ դարում հայ ժողովրդի հավաքական քաղաքացիական գիտակցությունն ու վարքագիծը համարժեք չէ ստեղծված իրավիճակին, հակառակ պարագայում Նիկոլ Փաշինյանի հանցախումբը շատ վաղուց հեռացված կլիներ իշխանությունից: Բայց նրանք, մնալով իշխանության ղեկին, չարորակ ուռուցքի նման արագ տարածվում են՝ հյուծելով եւ կործանելով մեր հասարակության ու պետության բոլոր առողջ եւ կենսունակ բջիջները: Ինչեւէ, այս ամեն ինչը վերջ է ունենալու: Նիկոլ Փաշինյանի գործած հանցանքները մեր պետության եւ ժողովրդի հանդեպ աններելի են ու անժամկետ: Այս պահին գեներացվում է շատ մեծ ուժ եւ ատելություն: Այն պոռթկալու է մեկ պահ, մեկ վայրկյանում, եւ ամեն ինչ կփոխվի ակնթարթների ընթացքում: Ես հավատում եմ դրան: Մեր պետությունը չի կործանվելու, այլ կործանվելու են նրանք, ովքեր 21-րդ դարում ոտնձգություն կատարեցին հայկական երկու անկախ պետականությունների նկատմամբ:
Զրույցը վարեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ