Արցախի Հանրապետության հիմնովին շրջափակման պայմաններում անհրաժեշտ է մտածել եւ ուղիներ փնտրել էներգիայի արդյունավետ օգտագործման եղանակների մասին:
Արեւի էներգիայի օգտագործում: Արեւի էներգիայից բարձր ջերմաստիճանի տաք ջրի ստացման համար անհրաժեշտ է օգտագործել «Սեւ թակարդի» գաղափարը: Մետաղական եւ ոչ մետաղական որեւէ տարա ներկելով սեւ գույնով եւ փակելով ապակիով՝ կարելի է առնվազն 60-70 աստիճանի տաք ջուր ստանալ: Այն կարելի է օգտագործել կենցաղային տարբեր նպատակների համար`կերակրի պատրաստման, լվացքի եւ այն: Սեւ ներկի բացակայության պայմաններում կարելի է ուղղակի մրոտել տարան: Առկա բոլոր խողովակները նունպես կարող են ծառայել այդ նպատակին:
Կատարել բոլոր ծառերի խորը էտ: Բնափայտն օգտագործել ըստ նշանակության:
Սպիրտից պատրաստել սպիրտայրոց, որի միջոցով կարելի է թեյ, սուրճ եւ այլ կերակուր պատրաստել:
Ներկայում շատ է խոսվում էներգետիկ խնդիրների մասին: Էներգետիկ անվտանգության տեսակետից կարեւորվում են էներգիայի խնայողության հարցերը: Հետեւաբար, անհրաժեշտ է բնակչությանը տեղեկացնել կենցաղում էներգիայի խնայողության հնարավոր խնդիրների մասին: Ներկայացնեմ մի շարք նկատառումներ, որոնք, անտարակույս, կօգնեն մեզ որոշ չափով մեղմացնելու էներգետիկ վիճակը:
Սառնարանը պետք է տեղադրվի խոհանոցի ամենամութ եւ զով տեղում: Էներգիա է խնայում նրա հետեւի վանդակաճաղը սառեցնելու համար: Պետք չէ սառնարանը տեղադրել պատուհանին, ջեռուցման մարտկոցին եւ վառարանին մոտ: Եթե օգտագործում եք էլեկտրական թեյնիկ, ապա լցրեք դրա մեջ այնքան ջուր, որքան օգտագործում եք: Ջուրը տաքացնելուց առաջ օգտագործեք նախորոք թեյնիկում եղած ջուրը, որն արդեն սենյակային պայմաններում ունի որոշակի ջերմաստիճան:
Կենցաղում էլեկտրական էներգիան հիմնականում օգտագործվում է լուսավորության, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ լսելու եւ դիտելու, էլեկտրական տարբեր սարքերի (փոշեծծիչ, լվացքի մեքենա, սառնարան) բանեցման, սննդի պատրաստման համար: Լվացքի մեքենան կարող է արդյունավետ աշխատել միայն լրիվ բեռնվածությամբ շահագործվելու դեպքում: Փոշեծծիչները համեմատաբար քիչ էներգիա են պահանջում, երբ աշխատում են առանց գերբեռնման: Սառնարանի դռները երկար ժամանակ չպետք է բաց վիճակում մնան եւ հերմետիկ փակված լինեն: Ջրի ծորակը փակ եւ սարքին վիճակում լինելու դեպքում եւս էներգիայի խնայողություն կունենանք:
Լուսավորության համար պետք է էլեկտրական էներգիան օգտագործվի այն դեպքում, երբ ցերեկային բնական լույսը չի բավարարում: Բնակարանների ներքին լուսավորությունը կախված է կահավորումից, կահույքի դասավորությունից, գույնից եւ այլն: Կարեւոր նշանակություն ունեն նաեւ ապակիների մաքրությունը, պատերի լուսավոր երանգները, վարագույրները: Այս պայմաններն ապահովելու դեպքում բնակարաններում եւ հասարակական վայրերում էլեկտրական լուսավորության կարիք կզգացվի համեմատաբար ուշ ժամերին:
Կենցաղում լայն տարածում են գտել սովորական շիկացման լամպերը, սակայն դրանք «ԼԵԴ» խնայողական լամպերով փոխարինելու դեպքում կունենանք զգալի խնայողություն: Բարձրացեք մեկ հարկ ոտքով, հնարավորինս հազվադեպ օգտագործեք վերելակը: Սա կօգնի նաեւ առողջությանը:
Սննդի պատրաստման ժամանակ խոհանոցի ամանեղենի ճիշտ ընտրությունը կարեւոր նախապայման է էներգիայի խնայողության համար: Խորհուրդ չի տրվում մեծ ամանների մեջ պատրաստել քիչ քանակի կերակուր: Ամանը, որի մեջ կերակուր է պատրաստվում, պետք է ունենա հարմար կափարիչ: Այդ ձեւով կարող ենք խնայել էներգիայի մինչեւ քսան տոկոսը: Անհրաժեշտ է օգտագործել հարթ հատակ ունեցող կաթսաներ: Խորդուբորդ հատակի դեպքում էներգիայի շուրջ 30 տոկոսը կորչում է անօգուտ: Էլեկտրական էներգիայի խնայողության, կենցաղային տարբեր սարքերի օգտագործման ժամկետները երկարաձգելու համար ճիշտ կլիներ ժամանակին անջատել այն էլեկտրական սարքերը, որոնց աշխատանքն անհրաժեշտությամբ չի թելադրված: Օրինակ՝ եթե մեր Արցախի հանրապետության յուրաքանչյուր բնակիչ թեկուզ մեկ ժամ անջատի անտեղի վառվող 100 վատտանոց էլեկտրական լամպը, ապա կխնայվի մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա:
Անջատեք երկարացման լարը հոսանքի աղբյուրից: Կարող եք խնայել էներգիա եւ գումար՝ հիշելով անջատել երկարացման լարերը, երբ դրանք չեն օգտագործվում: Ֆանտոմային բեռը կամ «վամպիրի հզորությունը» էլեկտրաէներգիան է, որը ստացվում է վարդակներից, երբ սարքավորումն անջատված է կամ քնի ռեժիմում՝ միացված մնալով ցանցին: Էլեկտրոնային սարքերի եւ գրասենյակային սարքավորումների շատ տեսակներ, ներառյալ համակարգիչները, տպիչները եւ հեռախոսի լիցքավորիչները, շարունակում են էներգիա սպառել նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք քնի ռեժիմում են: Ֆանտոմային բեռի ժամանակ սարքավորումները եւ մեքենաները կարող են սպառել մինչեւ 15% էլեկտրաէներգիա: Միշտ անջատեք էլեկտրական սարքերը վարդակից, երբ դրանք չեն օգտագործվում:
Լայնորեն օգտագործել թերմոսներ:Եթե բավարար քանակությամբ թերմոսներ չկան,ապա կարելի է տաք ջրով լցված որեւէ աման ջերմամեկուսացնել ձեռքի տակ գտնվող նյութերից:
Գյուղական վայրերում օգտագործել գոմաղբը, ծղոտը, գյուղատնտեսական տարբեր մշակաբույսերից առաջացած մնացորդը:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ