ՀՀ ժողովրդական նկարիչ Խաչատուր Իսկանդարյանի 100-ամյա հոբելյանի առթիվ արվեստաբան Սյուզաննա Փիլոսյանի ջանքերով լույս է տեսել նրա կյանքին ու գործին նվիրված վավերագրերի ժողովածու: Միաժամանակ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Քանդակագործը եւ քաղաքը» հոբելյանական ցուցահանդեսը: Հենց պատկերասրահում էլ կայացավ նորատիպ «Խաչատուր Իսկանդարյան.ստեղծագործական ուղու արձագանքներ» գրքի շնորհանդեսը:
Քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի անձին եւ արվեստին նվիրված վավերագրերի ժողովածուի մասին խոսքս պիտի սկսեմ 19-րդ դարի գրող, փիլիսոփա Թոմաս Կարլեյլի մտքով. «Լավ գրված կենսագրությունը նույնքան հազվադեպ է, որքան լավ ապրված կյանքը»:
ՀՀ ժողովրդական նկարիչ Խ. Իսկանդարյանի ստեղծագործական ուղու արձագանքներն ամփոփող գիրքը, որ մեծ ջանադրությամբ եւ նվիրվածությամբ հավաքել, կազմել է արվեստաբան Սյուզաննա Փիլոսյանը, այս աֆորիզմի հաստատումն է: Նա, ասես, քայլ առ քայլ այս վավերագրությամբ անցել է արվեստագետի կյանքի ուղով՝ դրվագ առ դրվագ հավաքելով նրան վերաբերող բոլոր տպագիր վկայությունները՝ լինեն դրանք մեկ-երկու նախադասությամբ գնահատականներ, թե ծավալուն անդրադարձներ եւ արվեստաբանական վերլուծություններ, լրագրողական ռեպորտաժներ, թե գեղարվեստական ակնարկներ, պետական – պաշտոնական հրամանագրեր, թե քանդակագործի խոսքից մեջբերումներ, հարցազրույցներ, հեղինակային հուշ-պատումներ, ի վերջո՝ Իսկանդարյանի ձեռքով գրված մանրամասն ինքնակենսագրություն: Եթե Խ. Իսկանդարյանի կյանքը չափելու լինենք ոչ թե իր ապրած տարիների քանակով, այլ հոգեւոր չափով, ապա այն ծավալով եւ բովանդակությամբ մի անանց հարստություն է, որ ունակ են ժամանակներին թողնելու մեծ արվեստագետները: Ցավոք, նա իր կենդանության օրոք չտեսավ այս գիրքը տպագրված, թեեւ, ոնց Սյուզաննա Փիլոսյանն է վկայում այս գրքի էջերում, քանդակագործը բծախնդրորեն, անգամ, երբեմն քմահաճորեն է մոտեցել գրքի նյութերի ընտրությանը՝ ժամանակին իր հասցեին անդուրեկան արձագանքները եւ անհաջող ձեւակերպումները շրջանցելու պահանջով:
Խ. Իսկանդարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը պիտի այն խթանը լիներ, որ քանդակագործի հին բարեկամ- վստահված անձը վերջնական տեսքի բերեր հուշագրություն – վավերագրերի այս գիրքը եւ գլուխ բերել տպագրությունը: Պետք է ենթադրել, թե որքան ժամեր է անցկացրել հանրային գրադարանի արխիվներում գիրքը կազմողը՝ ճշտելու այս կամ այն արձագանքի հեղինակի ինքնությունը եւ կամ հրատարակման աղբյուրը, եթե դրանք ի սկզբանե անհայտ են եղել եւ կամ ինչ-ինչ պատճառներով կորսված են համարվել: Չլիներ արվեստաբանի համառ ջանքը, հազիվ թե այս արխիվային նյութերը հրատարակվեին. իսկ նման դեպքում դրանց կորստի հավանակությունը մեծ էր լինելու: Այնքան մեծ ու ցավալի, ինչպես արդեն իր խորը ծերությունն ապրող արվեստագետի կորուստը, երբ իր արվեստանոցը թալանված էր գտել. փոքր չափի քանդակների մի մեծ քանակ մինչ օրս գտնված չէ: Արդյոք գողերը դրանք պահել են՝ հետագայում իրացնելո՞ւ նպատակով, թե՞ տարել ու ձուլել են՝ էժան վաստակ ունենալու համար՝ պարզված չէ:
Այդ կորստի մասին Փիլոսյանի կենդանի պատմությունն ընթերցեցի սրտի ծակոցով: Հապա ի՞նչ էր ապրել ծերունազարդ այրը՝ իր քանդակների տեղն ամեն անգամ թափուր տեսնելով: Ոնց գիրքն է վկայում՝ առավել կոտրվել էր, դարձել ցրված, իր մահն արագացել էր: Փոքրաչափ քանդակի ստեղծման ռահվիրան էր մեզանում, եւ այդ մասին վկայում են իր ստեղծագործությանը վերաբերող զանազան հրապարակումների հեղինակները:
Դեռ պատանեկան հասակից աչքի ընկած շնորհալի տղայի մասին առաջին վկայություններն առնված են 1937-39 թթ. մամուլից. Երեւանի պիոներպալատի քանդակագործական արվեստանոցի մասին պատումի զգալի մասը նորահաս քանդակագործ Խաչատուրի կերտած հանքափորի ֆիգուրի մասին է. «Մեջքով դեպի ձեզ կանգնած է մի մարդ: Տեղնուտեղը կորչում է գիպսի անշարժության զգացումը: Քարը կենդանություն է ստացել, նա ոգեշնչված է, մեջքով դեպի ձեզ կանգնած մարդը թեթեւակի լարվածությամբ կռացել է: Թվում է, որ մարդը կիջնի իր պատվանդանից եւ հանգիստ քայլով կշարժվի դեպի դահլիճի խորքը… Մեր մանուկների մեջ աճում են բազմաթիվ տաղանդներ»:
2005-ին գրված իր ինքնակենսագրությունում նկարիչը վկայում է. «Հայաստանում դրված են 23 հուշարձան, Երեւանում՝ Հակոբ Մեղապարտի հուշարձանը, իսկ Դերենիկ Դեմիրճյանի հուշարձանը 15 տարի է՝ սպասում է պատվիրատուի՝ քաղաքապետի ձայնին (1983-ին այն արժանացել էր առաջին մրցանակի եւ պետք է կանգնեցվեր մայրաքաղաքում: Հ. Ս.): 1961 թ. Լենինականում բացվեց կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի հուշարձանը, 1975 թ. Ավետիք Իսահակյանի դիմաքանդակը Լենինականում, իր տուն-թանգարանի բակում»:
Հետաքրքիր է, որ Քաջ Նազարի կերպարին նկարչի անդրադարձը ժամանակին նկատվել եւ բարձր է գնահատվել, կերպար, որի հնչեղությունն արդիական է այսօր, քան երբեւէ: Ռուբեն Դրամփյանը 1961 թ. քանդակի մասին «Կոմունիստ» թերթում գրել է. «Շատ լավ, սրամիտ կատարում է Խ. Իսկանդարյանի «Քաջ Նազարի» մանրածավալ պլաստիկայով երեք կոմպոզիցիան: Երեւում է, որ այսպիսի սատիրական ժանրն ու մանրաքանդակը քանդակագործին առավել են հաջողվում…»:
Տողերիս հեղինակը եւս 1997 թ. հուլիսին հյուրընկալվել է քանդակագործի արվեստանոցում: Կես դարից ավելի մարդիկ էին մտել նրա արվեստանոց ու հետո ցրվել աշխարհով մեկ եւ կամ հեռացել այս աշխարհից, իսկ նրանց մասին հուշը մնացել էր այդտեղ՝ գծանկարի, գեղանկարի, քանդակի ձեւով: Ավետիք Իսահակյան եւ Մարտիրոս Սարյան, Վիկտոր Համբարձումյան եւ Ռեգինա Ղազարյան, Նիկոլայ Նիկողոսյան եւ Վիլյամ Սարոյան, Մանուկ Աբեղյան, Արամ Ղարիբյան, Գաբրիել Գյուրջյան, Հովհաննես Բաղրամյան… Բազում մանրաքանդակներ հավերժացրել էին հին երեւանյան գողտրիկ պատկերներ, հուշը քանդակ էր դարձել ու անում էր, ասես, մի անուշ զրույց մեր քաղաքի անցյալից, ձիակառքեր՝ կառապաններով, թութ թափ տվող մարդկանց շարժում, կարծես կենդանի ֆիգուրներ՝ փահլեւաններ, զբոսայգում հանդարտ զրուցող մարդիկ, դեմքեր, որ անցել էին մեր քաղաքի փողոցներով…
-Վիլյամ Սարոյանն իմ մտապատկերներում հառնել է՝ որպես մի հաստաբուն կաղնի՝ հզոր, խորախորհուրդ,- մեր զրույցին պատմեց քանդակագործը,- ու պատկերեցի նրան՝ կաղնու ծառի տակ նստած, եղավ՝ կաղնին կաղնու տակ: Բայց մինչ այս քանդակը ստեղծելը Սարոյանը եղել էր Գյումրիում, այցելել Իսահակյանի տուն-թանգարան եւ, տպավորված նաեւ իմ՝ իսահակյանական դիմաքանդակից, գրել էր. «Կուզեի մեռնել քո հայացքի տակ, եթե մի օր մահս գար»:
Բանաստեղծի խոհուն- մտասույզ հայացքը նաեւ քանդակագործի փիլիսոփայությունն է աշխարհի անցողիկության մասին: Մի այլ դիմաքանդակ՝ Կոմիտասինը, գտնվում է Էջմիածնում:
– Այն ես անձամբ նվիրեցի Վազգեն Ա կաթողիկոսին եւ ակնածանքով խնդրեցի ժամանակ հատկացնել՝ իր պատկերը քանդակելու համար: Ցավոք, բազմազբաղ Հայը ժամանակ չուներ դրա համար, կամ գուցե շա՞տ էր համեստ…,- շարունակեց իր զրույցը 74-ամյա քանդակագործը:- Հետո՝ քառորդ դար անց, ես քանդակեցի նրա մահադիմակը, ու մեկ էլ՝ նրա սուրբ ափերի կավե պատճենները կան ինձ մոտ, որ մշտապես աչքիս առաջ են,- ու ափսոսանքով շարժեց գլուխը,- համառ չգտնվեցի, չհաջողեցի՝ քանդակելու նրա կենդանի պատկերը:
Ամեն օր իր արվեստանոցում նոր մանրաքանդակ, գրաֆիկական աշխատանք կամ գեղանկար էր ստեղծվում:
-Ամեն ինչում դուք սեր կտեսնեք, որովհետեւ առանց սիրո ես ոչինչ չեմ անում: Այդ զգացումն ինձ կուղեկցի մինչեւ իմ վերջին շունչը,- քանդակագործի այս խոսքը թերեւս իր արվեստի լավագույն բանաձեւումն է:
Արվեստագետի կյանքին եւ գործին քաջագիտակ մարդու բծախնդրությամբ է գործել Սյուզաննա Փիլոսյանը՝ Խ. Իսկանդարյանի ստեղծագործական ուղու արձագանքներն ի մի բերելիս: Որեւէ կարեւոր, անգամ, առաջին հայացքից անկարեւոր թվացող մանրամասն բաց չի թողել, քանի որ մեծ արվեստագետին վերաբերող յուրաքանչյուր դիպված, արտահայտություն գալիս լրացնում է ժամանակների համար կերտվող նրա դիմանկարը:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ Խաչատուր Իսկանդարյանի 100-ամյա հոբելյանի առթիվ արվեստաբան Սյուզաննա Փիլոսյանի ջանքերով լույս տեսած վավերագրերի ժողովածուն