Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀԱՅԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը: 6 հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեցին Սամվել Տեր-Սահակյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանը, որոնք վաստակեցին 7-ական միավոր: Սամվելը զբաղեցրեց 12-րդ տեղը, Տիգրանըՙ 23-րդ:

Ավարտական տուրերն անհաջող էին Տեր-Սահակյանի համար: Նա ոչ-ոքի խաղաց Իվան Պոպովի հետ եւ պարտվեց Միխայիլ Մոժարովին: Իսկ ահա Տիգրան Ս. Պետրոսյանը 10-րդ տուրում հաղթեց Յա Գիրեմանին, իսկ մրցաշարն ավարտեց Վալերի Նեւերովի հետ կնքած հաշտությամբ:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց հնդիկ գրոսմայստեր Սեթուրամանը, որը վաստակեց 8,5 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց ռուսաստանցի Իվան Պոպովին:

6-ական միավորով 40-րդ եւ 42-րդ տեղերը զբաղեցրին Լեւոն Բաբուջյանը եւ Հովիկ Հայրապետյանը: Վահե Բաղդասարյանը 5,5 միավորով 70-րդ տեղը գրավեց, իսկ Մարիա Գեւորգյանը 5 միավորով հանգրվանեց 88-րդ հորիզոնականում: