«ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում երեկ կառավարության հավանությանն արժանացած լրացումներով Կենտրոնական բանկին կփոխանցվի հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը:
Շինարարության պարզեցումը 35 տոկոսով կնվազեցնի նրա նախահաշվային արժեքը
«Լիցենզավորման մասին» օրենքում նոր լրացմամբ հնարավորություն կստեղծվի կառուցելու անհատական բնակելի տներ, օժանդակ կառույցներ, ՓՄՁ գործունեության օբյեկտներ` տնտեսելով նախահաշվային արժեքի 35 տոկոսը եւ նպաստելով քաղաքաշինության աճին: Կառավարության հաստատած այս նախագծի վերաբերյալ խոսելովՙ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ սա այն կարեւորագույն նախաձեռնություններից է, որը բարելավելու է բիզնես միջավայրը, քանի որ մենք շինարարության ոլորտում հետընթաց ունեցանք, շինարարական գործընթացները մեզ մոտ երկար են տեւում եւ ծախսատար են: «Մի օրենսդրական նախաձեռնություն էլ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է ներկայացրել, որն Ազգային ժողովում է, եւ մենք նաեւ ներառեցինք արտահերթ նիստի օրակարգ. այն նույնպես ոլորտի շինթույլտվությունների հետ կապված ժամկետների կրճատում եւ պարզեցում է բերելու», տեղեկացրեց վարչապետը:
«Կարֆուրի» բացումը հավանական է եկող տարվա առաջին եռամսյակում
«Հույս ունենք, որ հաջորդ տարվա առաջին եռամսյակում «Կարֆուրի» վերաբերյալ կունենանք լավ նորություններ», այս մասին երեկ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը : Նա նաեւ ավելացրեց, որ դեռ քննարկումներ են ընթանում այս հարցի շուրջը եւ չի կարող ասել, թե կոնկրետ ե՞րբ եւ որտե՞ղ կբացվի միջազգային ապրանքանիշ համարվող սուպերմարկետը: