Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարությանը, թե իբրև Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները․ հայտնում են ՀՀ փոխվարչապետի գարսենյակից:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանել են․ «Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է եւ շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով»։
Ավելի վաղ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը «Մոսկվա-Բաքու» լրատվամիջոցի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով վերահսկողություն կիրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։
Ադրբեջանցի պաշտոնյան նաև ասել է, որ նախատեսվում է վերականգնել առկա եւ նոր տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք Նախիջևանը ԱՀ-ն կապում են Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ։ Կապահովվի ինչպես ուղեւորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների և տրանսպորտային միջոցների իրականացումը։