Սույն թվականի ապրիլի 22-ին ժամը 14-ին ՀՀ Պատմության թանգարանում տեղի ունեցավ Անդրանիկ զորավարի հուշերի ձեռագիր-բնօրինակի հանձնման արարողություն, որին ներկա էին մեծ թվով հյուրեր:
65-էջանոց այդ հուշերը գրված են Անդրանիկի ձեռքով Ան·լիայում եղած ժամանակ, որոնք հանձնվել են այդ տարիներին ՌԱԿ «Ապագայ» պաշտոնաթերթի խմբագիր Հովհաննես Պողոսյանին, իսկ վերջինս` Լիբանանում ՌԱԿ «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Համբարձում Գույումջյանին: Գույումջյանների ընտանիքը սրբությամբ պահպանել է այդ ձեռագրերը եւ իր հետ տարել Հունաստան, այնուհետեւ Բեյրութ եւ կրկին` Անգլիա: Ի վերջո երջանկահիշատակ Համբարձումի որդու` Հրաչի եւ նրա գեղեցկատես տիկնոջ ձեռամբ երկար դեգերումներից հետո ձեռագրերն այսօր հանգրվանեցին մայր հայրենիքում:
Թանգարանի երկարամյա աշխատակցուհին խոսելով ձեռագրերի թափառումների մասին, ուրախությամբ արձանագրեց, որ ի վերջո հայերն ու հայեցի բոլոր մասունքները պիտի հանգրվանեն հայրենիքում, այլ ճանապարհ չկա դրանք պահպանելու եւ սերունդներին փոխանցելու համար:
Մշակույթի նախարարության աշխատակիցն էլ հանձնելով նախարարության մեդալը` շեշտեց այդ ձեռնարկի կարեւորությունը եւ հանձնեց թանգարանի շնորհակալագիրը: Բոլոր ելույթ ունեցողները հատուկ ընդգծում էին, որ սա մեծ նվեր է պանծալի զորավարի գալիք տարում նշվելիք 150-ամյա հոբելյանին: