Ռուսական «Իզվեստիա» թերթի մայիսի 13-ի համարում հրապարակվել էր շատ տարօրինակ մի նամակ, որում Ռուսաստանի Պետդումայի ոչ կառավարական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, Վլադիմիր Ժիրինովսկու կուսակից Յարոսլավ Նիլովը հայտարարել էր, թե դիմել է Ամենայն հայոց կաթողիկոսին, Հայ եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանին եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, որպեսզի վերջիններս, նկատի ունենալով Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի հայկական ծագումը, հրապարակավ դիմեն նրան եւ կոչ անեն վերջ տալու Ուկրաինայում տեղի ունեցողին: Նկատենք, որ սա իր մեջ սադրանք հրահրող մի նախաձեռնություն կարող էր դառնալ եւ Ուկրաինայի հայերի համար վտանգավոր լիցքեր պարունակել: Լավ է , որ Արա Աբրահամյանն արագ արձագանքել է` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին եւ անհասկանալի անվանելով այդ գաղափարը. « Ռուսաստանի հայերի միության անունից Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին դիմենք, որ նա իր գործողություններն այլ ձեւ կազմակերպի` սա անհասկանալի է մեզ համար», ասել է նա: