Վարակվածության եւ մահացածության օրըստօրե աճող թվերը ստիպում են ինքներս մեզ երբեմն հարց տալ. նախորդ իշխանությունները կարո՞ղ էին ավելի ազդու եւ արդյունավետ պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ: Պատասխանը իմ կարծիքով միանշանակ չէ: Առողջապահական մեր համակարգը երկու-երեք տարի առաջ ավելի լավը չէր, քան հիմա, իսկ համաճարակագիտությունը ավելի հարգված մասնագիտություն չէր, քան ներկայիս, ընդհակառակըՙ այն նման էր Հերացու փողոցի վրա, ինչպես ասում ենՙ Նոյի ժամանակներից մնացած այն լքված ու մեկուսացված շենքին, որի վրա գրված էրՙ §Ժանտախտի եւ համաճարակագիտության կենտրոն¦, որտեղ բացի սպիտակազգեստ ծերունի պահակից ոչ ոք ներսուդուրս չէր անում:
Նմանապես, այն ժամանակ ավելի կարգապահ եւ սեփական առողջությանը ավելի հետամուտ չէր մեր ազգաբնակչությունը, քան հիմա: Եվ այն ժամանակ էլ, ինչպես հիմա, ոչ մի վարչապետի կամ նախարարի խնդրանքը, հրահանգն ու սպառնալիքը չէր կարող որեւէ հարց լուծելՙ առանց ոստիկանական խիստ հսկողության եւ ծանր պատժամիջոցների:
Ասենքՙ ոչ մի երկիր, նույնիսկ գերհզորները, նախապատրաստված չէին Covid-19-ի համավարակի դեմ, սակայն տարբեր երկրների հաջողվեց շատ արագ կազմակերպել դիմադրությունը եւ, ամենակարեւորը, պայքարի ղեկավարումը հանձնել գործից հասկացող մասնագետներին:
Սակայն նախկինում կար մի առավելություն, ավելի շուտՙ ժողովրդավարական մի գործոն, որը 2018-ի հեղաշրջումից ու խորհրդարանական ընտրություններից հետո դժբախտաբար անզոր է դարձել. դա ակտիվ, ես կասեիՙ արդյունավետ ընդդիմությունն էր Ազգային ժողովում, որը, համենայնդեպս, այսպես կամ այնպես, հանդուրժվում էր նախկինների կողմից: Եվ այդ ընդդիմության ամենագործուն առաջնորդը պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր… Եվ իսկական պարադոքս է, որ այժմ նույն անձնավորությունը, արդեն վարչապետի պաշտոնում, վերածվել է ինքնաժխտման սիմվոլի: Մի տեսակՙ Նիկոլը Նիկոլի դեմ: Հիմա նա չի հանդուրժում, հատկապես խորհրդարանում, որեւէ քննադատություն, առավել եւսՙ որեւէ այլակարծություն, որեւէ ընդդիմություն: Հենվելով խորհրդարանում իր 88 պատգամավորների կուռ փաղանգին, ինչպես նաեւ կառավարության ներսում եւ դրսում առարկություն չընդունող իր դիրքինՙ նա միաժամանակ ստանձնել է ե՛ւ պարետի, ե՛ւ առողջապահության նախարարի, ե՛ւ համաճարակագետի, ե՛ւ խոսնակի, ե՛ւ շատ ու շատ ուրիշների պարտականությունները, §Ամեն բան գիտեմ¦ կարգախոսով: Անտեսելով այն ճշմարտությունը, որ ռազմի դաշտում գեներալներն են որոշում ամեն ինչ, իսկ համավարակի դեմ պայքարումՙ մասնագետ բժիշկները:
Երեկ ես ստիպված եղա աչքի անցկացնել մեր Ազգային ժողովի վերջին երեք ամիսների ընթացքում քննարկած եւ անցկացրած օրինագծերի թեմատիկ ցուցակը: Առաջին բանը, որը նկատեցի այն էր, որ քննարկման ներկայացված օրինագծերի շուրջ 80 տոկոսը առաջարկվել է կառավարության կողմից, ինչը վկայում է խորհրդարանական պատգամավորական նախաձեռնողականության ցածր մակարդակի մասին, մանավանդ որ մնացած 20 տոկոսի գրեթե կեսը ներկայացվել է այսպես կոչված ներխորհրդարանական ընդդիմության կողմից, որոնցից շատերը մերժվել են:
Բայց իմ ներկա հոդվածի համար ինձ առավել հետաքրքրողը քննարկված եւ ընդունված կամ չընդունված նախագծերի թեմաներն էին, որոնք, շատ չնչին բացառությամբ, բնավ չէին վերաբերում համավարակի դեմ պայքարին: Ճիշտ է, եղել են մի քանի լսումներ, առողջապահության նախարարի հետ մի քանի հարցուպատասխանի սեանսներ, որոնք, ինչպես անգլիացիներն են ասումՙ դեգերումներ են եղել §թփի շուրջը¦ (around the bush): Մինչդեռ, անհրաժեշտության պահանջով, գլխավոր թեման պետք է լիներ հենց համավարակի դեմ պայքարը, ազգաբնակչության պաշտպանությունը:
Քննադատությունս վերաբերում է հե՛նց խորհրդարանական մեծամասնությանը, այն տղաներին եւ աղջիկներին, որոնց տարիքն ու անփորձությունն անգամ ենթադրում է, անգամ ներում է հախուռն, խիզախ դրսեւորումները: Իսկ նրանք վավերացնողի դերն են վերցրել: Մինչդեռ պահանջվում է ստանձնել պատասխանատվություն եւ չհանդուրժել կոմսոմոլական ենթարկվածությունը: Համավարակը հաղթահարող երկրների մեծ մասում հենց խորհրդարաններն են, երբեմն զույգ պալատներով, աչալուրջ հսկում գործադիր իշխանությունների կիրարկած մեթոդներին ու միջոցներին. նրանք պատասխանատու են իրենց ընտրող ժողովրդի առաջ, եւ ո՛չ թե գործադիր իշխանությունների:
Ո՛չ, ոչ ոքի չեմ մղում ըմբոստության: Բայց ուզում եմ, որ մեր պատգամավորները իսկական խորհրդարանի վերածեն Ազգային ժողովը: Չէ՞ որ մեր երկիրը 2015 թ. Սահմանադրությամբ իբր դարձել է խորհրդարանական հանրապետություն:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ