Ինչպես ռուսական լրատվամիջոցներին երեքշաբթի օրը տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` «Նախագահ Պուտինը նամակ է ուղղել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին` առաջարկելով չեղյալ հայտարարել Խորհրդի` ավելի վաղ կայացրած որոշումը` Ուկրաինայի տարածքում ռուսական զինուժի օգտագործման թույլտվության վերաբերյալ»: Պեսկովը հավելել է, որ նախագահ Պուտինի այս քայլի նպատակն է` «կարգավորել իրավիճակը Ուկրաինայի արեւելյան տարածքներում, ինչպես նաեւ սկսել եռակողմ բանակցություններ (Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ ձեւաչափով-Հ. Ա.)»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց էր ունեցել իր ռուս գործընկերոջ հետ` քննարկելով իրավիճակը Ուկրաինայում: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ Օբաման Պուտինին սպառնացել էր նոր պատժամիջոցներով` «եթե Ռուսաստանը Ուկրաինայի արեւելքում իրավիճակը մեղմելու քայլեր չձեռնարկի»:
Հատկանշական է, որ Դաշնային խորհրդի նախագահին վերոհիշյալ առաջարկությամբ նամակն ուղարկելուց հետո, Պուտինը պաշտոնական այցով մեկնեց Վիեննա:
Դատելով Ռուսաստանում ուկրաինական իրադարձություններին առնչվող որոշումների կայացման փութաջանությունից` չի բացառվում, որ Դաշնային խորհուրդը շուտափույթ հավաքվի եւ բավարարի Պուտինի առաջարկությունը:
Մի բան ակնհայտ է, Ռուսաստանը հետ քայլ արեց. Մոսկվան դադարեցրեց Ուկրաինային ուղղված պատերազմական սպառնալիքները, այն պարագայում, երբ նորընտիր ուկրաինացի նախագահ Պյոտր Պորոշենկոն վերահաստատեց Կիեւի աննահանջ ցանկությունը` խորը եւ համապարփակ ասոցիացվելու Եվրոմիության հետ, իսկ Բրյուսելն էլ` «Ուկրաինայի հետ ասոցիացման համաձայնագիրը ստորագրելու հարցում» լիազորեց Հերման վան Ռոմպոյին:
Կոնկրետ մեզ համար Մոսկվայի այս քայլը ուշագրավ է բոլորովին այլ տեսանկյունից, սակայն: Գաղտնիք չէ, որ մեծ քաղաքականության մեջ, մեծ տերությունների հարաբերություններում հարցերին լուծում են տրվում բացառապես փոխզիջումային տարբերակով: Այսինքն, եթե այսօր Մոսկվան կարծես թե համակերպվում է ԵՄ-ի հետ ասոցիացված Ուկրաինայի իրողության հետ, դա նշանակում է, որ ԵՄ-ն, Արեւմուտքն առհասարակ, մեկ այլ «խնդրահարույց վայրում» առնվազն խոստացել է բավարարել ռուսական կողմի պահանջները:
Այդ վայրը հրաշալիորեն կարող է լինել Հարավային Կովկասը: Հիշեցնենք, Հայաստանին երեք օր է մնում` Եվրասիական տնտեսական միությանը միանալու հետ կապված «բոլոր հարցերը» լուծելու համար: Թերեւս այս հարցերի լուծման ընթացքին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով, օրերս տարածաշրջանում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրան բարձրագույն ընդունելության արժանացրեցին նախ` Բաքվում, ապա` Երեւանում: Բավքում Լավրովը մասնավորաբար հայտարարեց, թե` «Ճիշտ է նախագահ Պուտինը Ադրբեջանին պաշտոնապես չի հրավիրել` անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը, բայց Մոսկվան մշտապես պատրաստակամ է քննարկելու մեր բոլոր գործընկերների ցանկությունը` միանալու մեր միությանը»: Ակնարկն, ինչպես ասում են, միայն անխելքին հասկանալի չէ:
Երեւանում Լավրովը որեւէ կասկած չհայտնեց` Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի հնարավոր անդամակցության կապակցությամբ, ինչից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, կոնկրետ Ռուսաստանի համար այլեւս լուծված հարց է, անգամ` դրա պարբերաբար ձգձգման պայմաններում: Ուշագրավ է, որ Լավրովի` Երեւանում գտնվելու ժամանակահատվածում, Պուտինը հեռախոսազրույց է ունենում Իլհամ Ալիեւի հետ, ու նրանք քննարկում են` «ԼՂ հակամարտության վերաբերյալ հարցեր», հասկանալի է` «ռուս-ադրբեջանական կարեւոր ռազմավարական հարաբերությունների խորացմանը միտված հարցերը» քննարկելուն զուգահեռ: Սա այն պարագայում, երբ Լավրովին` Բաքվում հյուրընկալելու ընթացքում, նրան ճանապարհելուց հետո Բաքուն որեւէ մակարդակով դեռեւս չի հստակեցրել, հիմա ինքը` հասկացե՞լ է Լավրովի ակնարկը, եթե հասկացել է, ապա ո՞րն է Բաքվի պատասխանը…
Ուկրաինայի հարցում հետքայլը հնարավոր է Պուտինը կատարել է` Հարավային Կովկասում, կոնկրետ ԵՄ-ի` «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության կազմում ընդգրկված Հայաստանին ու Ադրբեջանին «վերցնելու» թողտվության դիմաց: Համենայն դեպս, Բրյուսելում ոչ ոք չի խոսում Հայաստանի հետ Ասոցիացման համաձայնագրի միայն քաղաքական մասի ստորագրման հնարավորության մասին, չնայած այդ մոտեցման հնարավորությունը Երեւանում բարձրաձայնեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Բայց Օլանդի այդ հայտարարության ժամանակ Պուտինը դեռ չէր տվել իր համաձայնությունը` «Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ սկսելու» եւ «Ուկրաինայի արեւելյան շրջաններում իրավիճակի մեղմանն ուղղված քայլեր ձեռնարկելու մասին»:
Ի դեպ, եթե Մոսկվան կարող է նման քայլեր իրագործել, ուրեմն Մոսկվան կարող է եւ պատասխանատու լինել այդ շրջաններում այսօրվա ոչ մեղմ իրավիճակի համար:
Համենայն դեպս ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանին դիտարկում են որպես այդ միություն «մտնող» Ադրբեջանի «զույգ»: Նազարբաեւի խնդիրը հենց Իլհամ Աիեւին «համոզելն է»: Իսկ Ադրբեջանին ԵՏՄ ներքաշելու համար Մոսկվան Արեւմուտքի առջեւ պարտադիր պետք է նահանջի` այլ տեղ, այլ հարցում:
Միայն ոչ մեր հաշվին: