Վերջին օրերի ընթացքում հայկական երկրորդ պատվիրակությունը մեկնեց Բաքու: ՆԱՏՕ-ի ԽՎ-ի աշխատանքներին մասնակցած` Կորյուն Նահապետյան, Թեւան Պողոսյան, Ռիչարդ Կիրակոսյան պատվիարակությանը Ադրբեջանի մայրաքաղաքում հաջորդեց Արտաշես Գեղամյան, Ստեփան Մարգարյան եւ Աղվան Վարդանյան կազմով պատվիրակություն. վերջինս մինչեւ հուլիսի 2-ը Բաքվում մասնակցում էր ԵԱՀԿ ԽՎ-ի տարեկան նստաշրջանին:
Արտաշես Գեղամյանը նստաշրջանի շրջանակներում ելույթ է ունեցել: Միանգամից ասենք, որ այդ ելույթին չենք անդրադառնալու, մանավանդ որ Գեղամյանն իր ելույթը ընդհանուր գծերով ներկայացրել է նաեւ ադրբեջանական haqqin.az-ի հետ ունեցած զրույցում:
Բայց նախքան Բաքվում «մեր գործերին» անդրադառնալը հիշենք, թե ի՞նչ էր հայտարարում Հայաստանի բարձարագույն ղեկավարությունը` Եվրասիական տնտեսական միություն մեր երկրի հնարավոր մուտք գործելուց հետո ԼՂ հիմնահարցի կարգավորման հետ կապված: Նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորաբար հայտարարեց, թե «Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն կնպաստի ԼՂ հակամարտության լուծմանը»: «Ինչպե՞ս»-ի պատասխանը ավանդաբար մնաց հասարակության ենթադրություններին… մինչեւ ԱԺ-ում իշխող ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող Արտաշես Գեղամյանը չմեկնեց Բաքու ու այնտեղ չխոսեց` խիստ ուշագրավ շեշտադրումներով:
Պատասխանելով ադրբեջանական հիշյալ կայքի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքի ձգձգումը, Գեղամյանը պատասխանել է. «Այլ բան է, որ օբյեկտիվ պատճառներից ելնելով մուտքը ձգձգվում է: Սակայն շատ շուտով տեղի կունենա ԵՏՄ-ին Հայաստանի միանալու համաձայնագրի հանդիսավոր ստորագրությունը: Ի դեպ մենք շատ ենք ցանկանում, որ Ադրբեջանը եւս միանա այդ միությանը. դա զգալիորեն կնպաստի մեր մեջ առկա խնդիրների ու անըմբռնողության լուծմանը»: Այստեղ ադրբեջանցի լրագրողը հավանաբար համառել է ու փորձել Հայաստանի իշխող խորհրդարանական ուժը ներկայացնող պատգամավորից պարզել, թե «այդ ինչպե՞ս»: Գեղամյանն էլ պատասխանել է.«Այսօր ով է հիշում, թե ո՞ւմ է պատկանում Էլզասը:Արդեն որեւէ նշանակություն չունի, Էլզասը գերմանակա՞ն է, թե՞ ֆրանսիական: Այն միացյալ Եվրոպայի մայրաքաղաքն է: Եւ այլեւս չկա այնպիսի հասկացողություն, ինչպիսին սահմանն է»:
Փաստորեն Հայաստանի իշխող քաղաքական կուսակցության ներկայացուցիչը համեմատություն է անում բոլորի կողմից մոռացված Էլզասի ու բոլորիս սրտում կենդանի Արցախի միջեւ: Սա այն համապատկերում, որ նախագահ Սարգսյանն անձամբ, ինչպես վերը նշեցինք, հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միություն մեր երկրի մուտքը նպաստելու է ԼՂ հակամարտության լուծմանը: Փաստորեն` այսպե՞ս, ա՞յս լուծմանը, սա ԼՂ հակամարտության լուծո՞ւմն է…
Հասկանալու համար, թե ինչո՞ւ է այս ամենը բարձարաձայնում հենց Գեղամյանը, պետք է հիշել, թե ո՞վ է Գեղամյանը: Դեռ մի քանի տարի առաջ, նույն Սերժ Սարգսյանը Գեղամյանին անվանում էր այնպես, որ, եթե այժմ մենք անվանենք, ապա Գեղամյանը հանգիստ կարող է մեզ դատի տալ` իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Հետեւաբար, չի բացառվում, որ այս ամենը բարձարաձայնելու համար ընտրվել է հատկապես Գեղամյանը, որովհետեւ, այն, ինչ պետք է ասվի, վստահաբար արժանանալու է հասարակության լայն ընդվզմանը: Որեմն դա պետք է ասի մեկը, ով մի կողմից ներկայացնում է Հայաստանի իշխող ուժը, բայց մյուս կողմից արդեն իսկ ունի հասարակության, մեղմ ասած, անվստահությունը:
Երբ այս հոդվածը գրվում էր, Արտաշես Գեղամյանը, Ստեփան Մարգարյանն ու Աղվան Վարդանյանը դեռ Բաքվում էին, հետեւաբար մենք չգիտեինք, թե ի՞նչ են մտածում Հայաստանի այս պատվիրակության մյուս երկու անդամները` ԼՂ հակամարտության նման լուծման տարբերակի մասին: Չնայած առանձնապես մտածելու բան չկա էլ, մանավանդ, որ Էլզասն այսօր ամենեւին էլ միացյալ Եվրոպայի մայրաքաղաքը չէ, այն պարզ պատճառով, որ Էլզասը առհասարակ քաղաք չէ:
Հ. Ա.