Արդեն մի քանի ժամ կլինի, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ներառված են բազմաթիվ հակասական «կենացներ»։
Որո՞նք են դրանք։
1.Հակամարտող կողմերը պետք է մոլորված զինվորներին ետ հանձնեն։
Իհարկե, սա ազերի գերի ընկած զինվորներին ետ հանձնելու վերաբերյալ է, իսկ Բաքվի բանտերում գտնվող մի քանի տասնյակ հայ գերիների մասին ընդհանրապես խոսք չկա։
Հետևություն 1-ին.
ՀՀ իշխանությունը ներկայացնողը ոչինչ չի անում գերիների համար, որոնց մասին ասում էր՝ «մեր եղբայրենրը մեկ-երկու ամիս էլ կդիմանան»։
Կողմերը որոշել են բացել Նախիջևանի եվ Ադրբեջանի միջև երկաթուղային կապը և դրա գործարկման համար համաշխարհային մաքսային միության օժանդակությունն են ակնկալում։
Իհարկե, դա արվում է միայն Ադրբեջանի համար, որովհետև երկաթուղին այդ երկրի երկու մասերի միացման տնտեսական օգուտն է ապահովելու, իսկ ճանապարհն էլ հսկելու են ովքե՞ր. դեռ հայտնի չէ։
Հետևություն 2-րդ.
ՀՀ առաջին պաշտոնյան մոռացել է, որ բացվող երկաթուղուն զուգահեռ՝ չի բացվում ՀՀ-ն և Արցախը կապող ճանապարհը։
Հակամարտող կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա և փորձելու են սկսել սահմանների դելիմիտացիան։
Իհարկե, դա արվում է հօգուտ Ադրբեջանի, որով արձանագրվում է տարածքային ամբողջականություն՝ առանց Արցախի մասին հիշատակման։
Բայց Ալմաթիի հռչակագիրը ՀՀ ազգային ժողովի կողմից վավերացվել է Արցախի ինքնորոշման մասին վերապահումով, իսկ Ադրբեջանը ընդհանրապես չի վավերացրել այդ հռչակագիրը։
Հետևություն 3-րդ.
ՀՀ առաջին պաշտոնյան չի իմանում ՀՀ ԱԺ վերը նշված որոշման մասին և չարամտորեն խախտում է օրենքով նախատեսված վերապահման պահանջը, այսինքն՝ նրա կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ապօրինի է, ոչ իրավական։
Ինչ վերաբերվում է դելիմիտացիային, ապա Բրյուսելի հանդիպման մասնակիցները գիտակցում են, որ գործընթացում կա ռուսական կողմը՝ յուր ճշգրիտ քարտեզներով, որոնք երբեք չեն օգնի ռուսների ազդեցությանը դեմ եղողներին, այլ կերպ ասած՝ առանց այդ քարտեզների, ամեն ինչ ավարտվելու է նոր պատերազմով։
Եվրոպական պաշտոնյան խնդրում է Իլհամին պաշտպանել նախկին Ղարաբաղի ինքնավար մարզի բնակիչների իրավունքները և անվտանգությունը։ Եվ դա այն դեպքում, երբ այդ ճիվաղի հրահանգով տեղի հայ բնակչությունն արդեն մի քանի ամիս գտնվում է բացարձակ բլոկադայի մեջ։
Հետևություն 4-րդ.
ՀՀ առաջին պաշտոնյայի անմիջական մասնակցությամբ փորձ է արվում ջնջել, ոչնչացնել հայկական երկրորդ անկախ պետությունը և Արցախի բնակիչներին մենակ թողնել ցեղասպան Իլհամի հետ։
Շառլ Միշելը հավաստիացնում է իրեն կարդացողներին, որ իրենք ետին նպատակներ չունեն, և այս ամբողջ գործընթացով ընդամենը փորձում են օգնել Անդրկովկասի պետություններին։
Իսկապես ծիծաղելի ազնվության էպիզոդ։Նույնիսկ թերուսները գիտեն, որ նման ստորացուցիչ կապիտուլյացիայի տանող եվրոպական վերնախավն ունի երկու նպատակ՝ ռուսների ռազմական ուժերի հեռացումն Արցախից, Հայաստանից և Ադրբեջանի հետ էներգակիրների վաճառքի ավելացումը, որի մասին Եվրոպական Միությունը կնքել է համաձայնագիր` բավականին հավակնոտ ծավալներով։
Հետևություն 5-րդ.
ՀՀ-ը և Արցախը վտանգի մեջ են եվրոպական տնտեսական հետաքրքրությունների և հակառուսական հիստերիայի հետևանքով։
Որպես վերջաբան։
Հայկական պաշտոնական դիվանագիտությունը սնանկ է, ոչ հայրենասեր, ոչ պետականամետ, ոչ պրոֆեսիոնալ և ընդամենը սպասարկում է թուրքական շահերը։
Ըստ իս՝ մեզ մատուցված հայտարարությունից զատ, կան գաղտնի բաղադրիչներ, որոնք հանդիպման երեք մասնակիցները դեռևս չեն հանրայնացնում, փորձում են փոքր, բազմաթիվ քայլերով խճճել իրավիճակը և այն հանգուցալուծել՝ ի վնաս մեր հայրենիքի։
Այդ հանդիպման հայ մասնակցի մասին կարելի է պնդել, որ նա պատրաստ է ստորագրել ցանկացած թուղթ, կապիտուլյացիա և կազմաքանդել հայկական պետականությունը։
Մի մոռացեք նրա՝ մեկ շաբաթ առաջվա խոսքերը. «Ես կստորագրեմ թուղթ, որը չի համընկնի մեր ազգային շահերի հետ»։
Ի՞նչ պետք է անել։
Պետք է համախմբվել և իշխանությունից զրկել կապիտուլյացիա ծրագրողներին։
Հայ ազգային ռամկավար կուսակցության վարչության անդամ, «Համախմբում» շարժման աջակից՝ Հրայր Կամենդատյան








